Էր-Ռիադն ու Թեհրանը՝ Կրեմլին. «Chao, bambino, sorry…»

Էր-Ռիադն ու Թեհրանը՝ Կրեմլին. «Chao, bambino, sorry…»

Ապրիլի 2-ի ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում սկիզբ առած բախումները, աննկարագրելիորեն ցավալի եւ մեծաթիվ զոհերը գոնե Հայաստանում ամենքի ուշադրությունը բեւեռել էին բախումների եւ դրանց հետեւած զարգացումների վրա: Բայց ԼՂՀ իրադարձություններից, բնականաբար, համաշխարհային քաղաքականության որոշիչ զարգացումների ընթացքը չէր փոխվելու: Ի՞նչ կատարվեց անցյալ երկու շաբաթում Մերձավոր Արեւելքում: 



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, կարելի է ասել, պաշտոնապես պատերազմ հայտարարեց քրդերին: Երկուշաբթի իր նստավայրում ընդունելով Թուրքիայի «մուխտառներին» (Թուրքիայում այդպես կոչվում են գյուղապետերն ու թաղապետերը)՝ Էրդողանը բառացի հայտարարել է. «PKK-ի հետ պայքարում քաղաքական լուծումներ փնտրելը մնաց անցյալում: Այսուհետ ռազմական եւ ոստիկանական գործողությունները կլինեն PKK-ն Թուրքիայից եւ տարածաշրջանից արմատախիլ անելու միակ ճանապարհը: Խնդրի լուծումը PKK-ն իր բոլոր ֆիգուրանտներով եւ աջակիցներով արմատախիլ անելն է, որպեսզի նրանց նվազագույն հետքն էլ չմնա»:



Հաշվի առնելով, թե PKK-ն որքան է տարածված քրդական միջավայրում, կարելի է եզրակացնել , որ թուրք-քրդական բախումների` պատերազմի վերածվելու համազարկը տրվեց: Այսուհետ, հավանաբար, պետք է օրական ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր զոհերի սպասել եւ թրքական, եւ քրդական կողմից: Ընդ որում՝ ակներեւաբար, կողմերից ոչ մեկը մյուսին չի հաղթի, գործնականում միմյանց կոչնչացնեն, ինչի համար կգտնվեն ինչպես ցավողներ, այնպես էլ` բացարձակապես չցավողներ:



Ռուսաստանի մասով Մերձավոր Արեւելքում նույնպես տեղաշարժեր եղան: Համարյա ամենքն էլ կհիշեն, որ անցյալ ամիս ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց Սիրիա գործուղված ռուսական զորագնդերը գերակշիռ մասով երկրից դուրս բերելու մասին: Սիրիայից դուրս գալիս Կրեմլի մի նպատակը, ինչ խոսք, սուննիների հետ ուղիղ առճակատումից, այդքանով էլ երկրորդ «աֆղանական պատերազմից» խուսափելն էր: Նույնքան ճչացող երկրորդ հաշվարկը Սաուդյան Արաբիայի հետ նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ սեպարատ համաձայնությունների հող նախապատրաստելն էր:



Փետրվարից, թե մարտից բանակցություններ սկսվեցին Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Վենեսուելայի միջեւ: Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին նետվում, թե իբր բանակցողները մոտ են OPEC-ի անդամ եւ ոչ անդամ երկրների միջեւ նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ համաձայնություն կայացնելուն: Այդ տեղեկությունները տարակուսելի էին թվում մի պատճառով. Սաուդյան Արաբիան առանց ձանձրանալու կրկնում էր, թե նավթի արդյունահանման ծավալներն ինքը կսառեցնի միայն, եթե նույնն անի Իրանը: Թեհրանից էլ նույն հաճախականությամբ հայտարարում էին, որ իրենք մինչեւ չհասնեն միջազգային պատժամիջոցների նախօրեին ունեցած նավթի արդյունահանման ծավալներին, ոչինչ էլ չեն սառեցնի: Կիրակի օրը, ապրիլի 18-ին, այդքան տարփողված բանակցությունները Դոհայում տապալվեցին` անխուսափելի դարձնելով նաեւ նավթի գնի եւ ռուսական ռուբլու կուրսի անկումը:
Երեկվա դրությամբ Brent տեսակի նավթի 1 բարելի դիմաց վճարվող գինը 37 ԱՄՆ դոլարն էր, սակայն կանխատեսվում է հետագա անկում: Սաուդյան Արաբիան ասում է, որ 1 բարելի դիմաց 10 դոլարն էլ իր համար ընդունելի եւ եկամուտ ապահովող գին է: Իրանն իր հերթին ցանկացած գնով պատրաստ է նավթ վաճառել, միայն թե միջազգային շուկայում իր ունեցած երբեմնի բաժինն ու ծավալները վերականգնի: Մնում է Ռուսաստանը, որը, թվում է, իր չարաբախտ նախորդի` ԽՍՀՄ-ի նման կփլուզվի, եթե նավթի գինը մեկ-երկու տարի 1 բարելի դիմաց 10-20 դոլարի սահմանագծում մնա:



Սակայն Դոհայի բանակցությունների տապալումը մի երկրորդ էական հանգամանք էլ բացահայտեց Մոսկվայի մերձավորարեւելյան դերակատարության առումով: Համաձայնությունների ձախողումը լույսից էլ պարզ ցույց տվեց, որ Մոսկվան ազդեցություն չունի ոչ Թեհրանի վրա, ոչ Էր-Ռիադի: Երկուսն էլ Ռուսաստանին վերաբերվում են որպես իրենց հավասար տարածաշրջանային տերության, որի հետ համագործակցությունը կարող է տեւել ճիշտ այնքան, որքան դա կսպասարկի կամ գոնե կհամընկնի իրենց սեփական շահերին: Իսկ այժմ, քանի որ շահերն անջատվել են, եւ Թեհրանի, եւ Էր-Ռիադի ակնարկը Կրեմլին Պուտինի երիտասարդության տարիների հայտնի շլյագերի կրկներգն էր. «Chao bambino, sorry…»։



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ