Պարույր Հայրիկյանը ուղղակի նայում է «լայքերը». Տիգրան Խզմալյան

Պարույր Հայրիկյանը ուղղակի նայում է «լայքերը». Տիգրան Խզմալյան

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ռուսական բռնազաւթման եւ դաւադրութեան դէմ հայութեան ընդվզումը պէտք է լինի արագ եւ վճռական» խորագրով հանրահավաքը։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռ հանրահավաքին Ազատության հրապարակում հայտարարեց, թե միջոցառման վերաբերյալ սկսվել է արդեն օնլայն ստորագրահավաք։ Փորձեցինք պարզել, թե ինչ ստորագրահավաքի մասին է խոսքը:



Նախաձեռնության անդամներից մեկից՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ դա որպես այդպիսին ստորագրահավաք չի, այլ տարածվել է հայտարարություն, որի տակ ազատ են ստորագրել բոլոր այն մարդիկ, ովքեր կիսում են իրենց կարծիքը. «Դա ստորագրահավաք չէ: Դա նրա համար է, որ մարդկանց տեղեկացնենք մեր հանրահավաքների, արդյունքների մասին: Պարույր Հայրիկյանը ուղղակի նայում է լայքերը, թե քանի մարդ է կիսում մեր տեսակետերը: Նրան ուղղակի հետաքրքրում է հանրության արձագանքը»:



Կինոռեժիսորը ավելացրեց, որ ապրիլի 29-ին նույնպես տեղի կունենա հանրահավաք. երթ չի նախատեսվում իրականացնել. «Շաբաթը մեկ անգամ հանրահավաք է լինում, որտեղ հանրությանը ներկայացվում է նախորդ շաբաթվա արդյունքները»: Տիգրա Խզմալյանի խոսքերով` միջոցառման նախաձեռնությունը պատկանում է Պարույր Հայրիկյանին, միավորվել են հանրությանը հայտնի ու ոչ այդքան հայտնի տարբեր մտավորականներ, որեւէ սահմանափակում չկա, դա ազատ ամբիոն է, որտեղ կարող են ելույթ ունենալ ցանկացողները:  



Իսկ նախաձեռնության անվան վերաբերյալ դեռ քննարկումներ են ընթանում: «Երեկ առաջարկվել է աշխատանքային անվանում՝ մայիսի 28-ի միավորում, խոսքը գնում է անկախության գաղափարը ընդգծելուն, բայց դա վերջնական որոշում չէ»: