Երկար սպասված հայտարարություն

Երկար սպասված հայտարարություն

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկար հետաձգումներից հետո երեկ հայտարարեց նոր կուսակցության մասին եւ հրապարակեց կուսակցության անունը՝ «Համախմբում» եւ նախաձեռնող խմբի անդամների ցանկը, անելիքներն ու սկզբունքները։ Բայց, որքան էլ անհավատալի թվա, նախկին արտգործնախարարը չհստակեցրեց, թե որն է լինելու կուսակցության արտաքին քաղաքականության տեսլականը։ Այն որդեգրելու է Օսկանյանի ժամանակների արտգործնախարարության որդեգրած «կոմպլեմենտարիզմի՞» սկզբունքը, թե՞ նոր ոգով է աշխատելու։ Օսկանյանը չհստակեցրեց անգամ Արցախի կարգավորման վերաբերյալ կուսակցության մոտեցումը, իսկ ներկայումս քննարկումների առանցքում հայտնված Կազանի փաստաթղթի վերաբերյալ էլ ասաց, թե կարծիք հայտնել չի կարող, որովհետեւ ծանոթ չէ այդ փաստաթղթին։ Նրա կուսակից Ստեփան Մարգարյանն ավելի անկեղծ գտնվեց, ասաց, որ իրենք դեմ են այդ փաստաթղթին։ «Դա անգամ Մադրիդյան սկզբունքներին մոտ չէ, դա անհասկանալի է, թե ինչ փաստաթուղթ է»,-ասաց Մարգարյանը եւ հորդորեց մի քիչ համբերել, դեռ մշակում են կուսակցության արտաքին քաղաքականության դոկտրինը, առաջիկա օրերին կկարողանան ավելի մանրակրկիտ քննարկել հարցը։ Հարցին, թե արտաքին մարտահրավերների ժամանակ իրենց կուսակցությունը, ինչպես ՀԱԿ-ը, իշխանության շուրջ չի՞ համախմբվի, Օսկանյանը պատասխանեց. «Չեմ պատրաստվում մեկնաբանել մյուս կուսակցությունների արարքը»։



Քոչարյանը կապ չունի, բայց ունի 



Նախաձեռնող թիմի կազմից պարզ դարձավ, որ, հակառակ հերքումներին, «համախմբվողները» «քոչարյանամերձ» շրջանակների ներկայացուցիչներն են։
Քոչարյանի իշխանության տարիներին արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանից բացի, նախաձեռնողների խմբում են քոչարյանական շահերն սպասարկող 7or.am եւ zham.am կայքերի խմբագիրներ Անդրանիկ Թեւանյանն ու Երվանդ Բոզոյանը, ԲՀԿ-ում հանգրվանած «քոչարյանական թեւի» պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, որը երեկ մեր ճշտող հարցին պատասխանեց, թե օրերս է դուրս եկել «Հզոր հայրենիք» կուսակցությունից, ինչպես նաեւ Վահե Հովհաննիսյանը, որը Քոչարյանի ռեֆերենտն է եղել։ «Համախմբման» շարքերում է նաեւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը. երկարատեւ աշխատանքային փորձով դիվանագետը 2013-ին բավականին աղմկոտ լքեց Իտալիայում, Խորվաթիայում, Պորտուգալիայում, Մալթայում եւ Սլովենիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակը։



Սերժ Սարգսյանը Կարապետյանին փոխարինեց իր մերձավոր Սարգիս Ղազարյանով, ամիսներ անց Կարապետյանը դիպկորպուսի գործունեության վերաբերյալ անխնա քննադատական մեկնաբանություններ արեց լրատվամիջոցներում՝ ահազանգելով, որ արտաքին գերատեսչությունում այնպիսի զարգացումներ կան, որոնք «կարող են անդառնալի հետեւանքներ» ունենալ մեր արտաքին քաղաքական համակարգի ապագայի վրա։ Խմբում կան նաեւ ոչ այնքան հայտնի անուններ։ Քաղաքագետ, նախկին «Հայկական ժամանակ», հետագայում՝ «7 օր» կայքի քաղաքական մեկնաբան Գեղամ Նազարյանը, Վահան Ղույումչյանը՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վահե Հախվերդյանը՝ ռեժիսոր, Նինա Մարգարյանը՝ անհայտ քաղաքագետ, Վարդան Թովմասյանը՝ մեզ անծանոթ գործարար, եւ Արտակ Բշտիկյանը՝ քաղաքական մեկնաբան, որը Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի աջ ձեռքն էր, ոչ վաղ անցյալում Արսենյանի mardik.am կայքի խմբագիրը։ Այս կայքում աշխատած լրագրողները տեւական ժամանակ դատական կարգով պահանջում էին իրենց աշխատավարձերը եւ այդպես էլ Բշտիկյանից մի քանի ամսվա աշխատավարձերը չստացան, դատարանն էլ գործատուի օգտին վճիռ կայացրեց։



Անակնկալն այս խմբում Մանվել Եղիազարյանի հայտնությունն էր՝ «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ։ Երեկ Մանվել Եղիազարյանը մեզ հետ զրույցում այդպես էլ չբացահայտեց Օսկանյանի հետ հույսեր կապելու իր լավատեսությունը, ասաց միայն, որ իրեն անհանգստացնում է մեր երկրի քաղաքական վիճակը, ու ինքը հայտնվել է խմբում իր ասելիքը տեղ հասցնելու համար։ ««Ազատամարտիկների դաշինքը» հասարակական կազմակերպություն է, այնտեղ նորմալ են վերաբերվում, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական նախասիրություններ։ Եթե կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար իմ ժամանակը չբավականացնի, ապա ես ներողություն կխնդրեմ եւ դուրս կգամ դաշինքից։ Նրանք եղել եւ մնում են իմ մարտական ընկերները»,- հավելեց նա։



Ի դեպ, երեկ քաղաքական շրջանակներում քննարկում էին, որ ձեւավորվել է հերթական իշխանական պրոյեկտը, եւ առաջիկայում կուսակցությունը կարող է համալրվել այնպիսի մարդկանցով ու համագործակցել այնպիսի ուժերի հետ, որոնք գտնվում են իշխանության տիրույթում։ Այդուհանդերձ, Օսկանյանն ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին պատասխանեց. «Ես նման զարգացում չեմ պատկերացնում: Այսօր էապես տարբերվում են մեր մոտեցումները, ծրագրերը»։



Օսկանյանը խոստանում է ուրիշ լինել 



Նախ տարածած հայտարարությամբ, ապա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ «Համախմբումը» ոչ թե շարքային, այլ առանցքային դերակատարում է ստանձնելու։ Առաքելություն է ստանձնել դուրս բերել Հայաստանն այս վիճակից՝ կանխելով արտագաղթը, հաստատելով ազատ տնտեսական հարաբերություններ, արդար ընտրական համակարգ։ Վարդան Օսկանյանն ընդունում է, որ իր իշխանության օրոք ընտրություններ են կեղծվել։ Ըստ նրա՝ եթե 10 մարդու ձայն էլ կեղծած լինեն, բավարար է, որ ընտրությունները համարվեն կեղծված. «Գուցե թեկնածուն 51 տոկոս է հավաքել, բայց եթե գրում են 57 տոկոս, ուրեմն այդ ընտրությունները կեղծված են»։ Թե ինչու այդ մասին այն ժամանակ չէր հայտարարում, Օսկանյանն ասաց, որ եթե քրքրեն, իր հայտարարությունները կգտնեն։



Ինչպե՞ս է Վարդան Օսկանյանը պատրաստվում շահել հասարակության վստահությունը՝ հաշվի առնելով նախկինում իշխանություն լինելու իրողությունը եւ հատկապես այն, որ 2008թ. մարտի մեկին ԱԳ նախարարը հենց ինքն էր։ «Այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում այդ օրվա, իշխանությունը չպետք է թույլ տար, որ նման բան տեղի ունենար: Այո, ես այդ իշխանության մաս եմ եղել»,- ասում է նախկին արտգործնախարարը, բայց խորհուրդ է տալիս մեկ անգամ էլ նայել իր ելույթը մարտի 1-ի կրակոցներից առաջ։ «Ես շահեկանորեն տարբերվում եմ նաեւ մյուս բոլոր քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ եւ կոչ անել եւ հանրապետության նախագահին, այսինքն՝ իշխանություններին, եւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»։ Կուսակցությունը կմասնակցի՞ 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ «Մենք մտադիր ենք իշխանություն ձեւավորել»։ Արդյո՞ք նրան իբրեւ իշխանության մաս կների ժողովուրդը, ցույց կտա ժամանակը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ