Խրամատներում թավալ տալու փոխարեն բյուջե լցրեք

Խրամատներում թավալ տալու փոխարեն բյուջե լցրեք

Քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած զարգացումները շատ թանկ նստեցին ՀՀ իշխանությունների վրա: Բացի այն, որ բանակի զինանոցը թարմացնելու հրամայական կա, ինչի համար ահռելի միջոցներ են պահանջվում, այլ նաեւ զոհերի հանգամանքն է խիստ անհանգստացնում իշխանական վերնախավին: Ինչպես հայտնի է, ՀՀ համապատասխան օրենքը սահմանում է պետության կողմից միանվագ մի շարք վճարների հատկացում զոհված զինծառայողների ընտանիքներին: Բացի այդ, զոհվածի ընտանիքին, եթե այն կորցնում է իր կերակրողին, նշանակվում է կենսաթոշակ, ինչպես նաեւ անվճար բուժսպասարկում: Հաշմանդամ դարձած զինծառայողների համար էլ գործում է պետական ապահովագրության համակարգ. առաջին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, երկրորդ խմբին՝ 400 հազար դրամ, երրորդ խմբին՝ 300 հազար դրամի չափով:



Բացի այդ, ըստ կառավարության համապատասխան որոշման, ՏԻՄ կողմից բնակհաշվառման հերթում ընդգրկված զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամները, հաշմանդամ դարձած զինծառայողները տվյալ եռամսյակում, կադաստրային ձեւավորված արժեքների համաձայն, ստանում են որոշակի գումար՝ որպես բնակարան ձեռք բերելու անհատույց ֆինանսական աջակցություն:



Ահա այս եւ մի շարք այլ արտոնություններ ենթադրում են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք ապահովելը չնախատեսված բեռ է առանց այն էլ սուղ միջոցներ ունեցող պետական գանձարանի համար: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ բյուջեի միջոցների ուսումնասիրմամբ զբաղվող ֆինանսիստները դժգոհել են, թե «իբր շատ դուզ էինք, դեռ մի բան էլ պետք է պատերազմի առաջացրած վնասները փոխհատուցենք»` նկատի ունենալով զոհերի ընտանիքներին մոտ օրերս վճարվելիք օրենքով սահմանված գումարները: Ըստ մեր աղբյուրի, վարչապետի մակարդակով կոչ է արվել բյուջեն թալանող անբարեխիղճ պաշտոնյաներին միառժամանակ զսպել լափելու ցանկութունը: Ինչ վերաբերում է հարկեր թաքցնող օլիգարխիային, ապա նրանց էլ է հրահանգվել բյուջեն լցնելու հարցում գործուն մասնակցություն ցուցաբերել, այլ ոչ թե տարատեսակ նվիրատվությունների անվան տակ բարերարի համբավ վաստակել ու թոզ փչել վերեւների աչքերին: «Խրամատներում թավալ տալու փոխարեն բյուջե լցրեք, քանի որ չգիտենք գլխներիս գալիքը»,-հրահանգվել է բոլորին:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ