Երկու քարի արանքո՞ւմ

Երկու քարի արանքո՞ւմ

Ըստ lragir.am-ի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ 25 տարվա ընթացքում Արեւմուտքը Հայաստանին անվտանգության այլընտրանքային առաջարկություն չի արել: Հայկազն Ղահրիյանը հակափաստարկ է բերել, որ ղարաբաղյան առաջին պատերազմում Հայաստանի դեմ Թուրքիայի ոտնձգությունները ոչ թե Ռուսաստանն է զսպել, ինչպես շատերն են կարծում, այլ՝ ՆԱՏՕ-ն: Հասկացվում է, որ ՆԱՏՕ-ն կարող էր Թուրքիային արտոնել, բայց չի արել, ինչի համար պետք է երախտապա՞րտ լինենք: Ռուսաստանի պարագան բոլորովին այլ է, որովհետեւ Հայաստանի դեմ Թուրքիայի ցանկացած գործողություն նշանակում է Կովկասում Մոսկվայի ազդեցության չեզոքացում:



Անվտանգության այս կամ այն համակարգի ընտրությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հարցով: Թուրքիան միանշանակորեն պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը: Ռուսաստանը ֆորմալ առումով չեզոքություն է ցուցաբերում: Զինադադարի հաստատումից ի վեր Արեւմուտքը մշտապես գեներացրել է ԼՂ-ում ստատուս-քվոն փոխելու, հայ-թուրքական հաշտեցման միջոցով տարածաշրջանը բացելու գաղափարը: Իրավիճակը չի փոխվել, որովհետեւ Ռուսաստանը դիմադրել է Հարավային Կովկասում արեւմտյան ազդեցության հաստատմանը:



Քանի որ մենք հակված ենք ֆետիշացնելու ստատուս-քվոն, բնական է՝ ընտրել ենք անվտանգության այն համակարգը, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն է: Եվ պետք չէ բխեցնել, թե դա վերջին 10 տարվա ընտրություն է: Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ֆորմալացվել եւ պայմանագրերով ամրագրվել է զինադադարի հաստատումից հետո: Կարող ենք վարկածել, որ դա վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրություն է, ռուս-ադրբեջանական վերընթաց հարաբերությունները վկայակոչել եւ այլն, բայց փաստ է, որ 1994-ից ի վեր Ադրբեջանի տնտեսական եւ կոմունիկացիոն կարեւորության, այսպես ասած, ապրանքայնացումն էլ կատարվել է արեւմտյան տասնյակ միլիարդավոր ներդրումների շնորհիվ:



Ընտրության ի՞նչ հնարավորություն ունեինք, որ չենք օգտագործել: Ի՞նչ էր տալու Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը: Դեպի ԵՄ երկրներ վիզային արտոնություննե՞ր, 10 տարում 300 մլն. եվրոյի ներդրումնե՞ր: Եվրամիությունը մարտի կեսերին 1 մլրդ. դոլարի վարկ է տրամադրել Ադրբեջանին՝ հնարավորություն ստեղծելով, որ Բաքուն վճարի ռուսական սպառազինությունների դիմաց: Ռուսաստանից մեր կախվածությունը ԼՂ-ում ստատուս-քվոն պահելու նպատակ ուներ: Ապրիլի 2-ին Արցախի դեմ Ալիեւի ռեժիմի ագրեսիան ցույց տվեց, որ իրավիճակ է փոխվել: Այսօր, թերեւս, ստատուս-քվոյի փոփոխությամբ ավելի շատ Ռուսաստանն է շահագրգռված: Որովհետեւ խաղադրույքն Ադրբեջանի, հետեւաբար՝ ողջ Կովկասի վրա Մոսկվայի ազդեցությունը պահպանել-չպահպանելն է: Հայկազն Ղահրիյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովում Հայաստանին կառաջարկեն համագործակցության նոր ծրագիր: Պետք է հասկանալ, որ սահմանային վերջին լարվածությունը պայմանավորված է դրանով:



«Կկատարի՞ այդ քայլը Հայաստանը»,- հարցնում է lragir.am-ի խմբագիրը: Այսինքն՝ կընդունի՞ Հայաստանը ՆԱՏՕ-ի համագործակցության նոր ծրագրի առաջարկությունը: Դժվար է կանխատեսել: Շատ բան կախված է լինելու նրանից, թե ռազմաքաղաքական ինչ ռեսուրսով Հայաստանը կգնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը: Եվ ի՞նչ է առաջարկում ՆԱՏՕ-ն Ադրբեջանին…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ