Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի լիագումար նիստը

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի լիագումար նիստը

ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է. 
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկը: Օրենքի ընդունումը պայմանավորված է նաև, ԼՂՀ-ում կիրարկման մեջ դրված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին այն համապատասխանացնելու անհրաժեշտությամբ:



«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է կենսաթոշակի իրավունքը որոշելիս, նշանակելիս, կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը վերականգնելիս անձի հաշվառման մասին տեղեկատվությունը հաստատել բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:



Օրենքը նախատեսում է նաև 2016թ.ի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ԶՈւ զինծառայողների կենսաթոշակը հաշվարկելիս, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով:



Օրենքի ընդունումով վերացվում է նաև տարիքային և հաշմանդամության կենսաթոշակները վերահաշվարկելու համար անհրաժեշտ կենսաթոշակը նշանակելուց հետո, անձի աշխատելու նվազագույն ժամանակահատվածին և կենսաթոշակառուի մահվան պատճառով կենսաթոշակի գումարները որպես ժառանգություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին վերաբերող սահմանափակումները:



Ազգային ժողովն այնուհետև քննարկել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման օրակարգային հարցը: Գաղտնի քվեարկության արդյունքներով 27 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել ԱԺ պատգամավորների կողմից առաջարկված թեկնածուն՝ Ռուբեն Նորայրի Մելիքյանը:
Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ելույթում նշել է, որ իր գործունեության գլխավոր առաջնահերթությունը լինելու է ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին և, ընդհանրապես, Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից տևականորեն իրականացվող հակաիրավական քաղաքականությանը առնչվող հարցերի հետևողականորեն բարձրաձայնումը՝ ակնկալելով համարժեք արձագանք։ «Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։ Այնուհետև տեղի է ունեցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի երդման արարողությունը:



Օրակարգային վերջին հարցը ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Նիստի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բոլորին շնորհավորել է Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոն օրվա առթիվ: «Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը համախմբվելու եւ միասնական բռունցք դառնալու, ազգային բոլոր երակներով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդելու, հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսևորեց` ամբողջ աշխարհին ցույց տալով սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունն ու կարողությունը»,- իր ելույթում նշել է խորհրդարանի ղեկավարը: