Արցախի անկախության կարգավիճակը չպետք է ենթարկվի սակարկության. Դավիթ Բաբայան

Արցախի անկախության կարգավիճակը չպետք է ենթարկվի սակարկության. Դավիթ Բաբայան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը։ Օրինագծի հեղինակները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն են։ Օրինագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստերից մեկում:



Զարուհի Փոստանջյանի դիրքորոշումն այս հարցում, թերեւս, անակնկալ չէր։ Նա եւ իր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններից պահանջում էին ճանաչել Արցախի Հանրապետությունը։



Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարծում է, որ դա տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված կարեւոր քայլ է։ Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։ Նա կարծում է, որ դա «մեսիջ» է՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Ադրբեջանին, որպեսզի պահպանվեն խաղաղությունն ու կայունությունը։



«Եվ եթե պաշտոնական Բաքուն նորից դիմի ագրեսիայի, այդ ժամանակ ճանաչումը կլինի պարզապես անխուսափելի»,- ասում է մեր զրուցակիցը։ Նա կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի զսպի Ադրբեջանին ապակառուցողական եւ ահաբեկչական քայլերի դիմելիս։



Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս գործընթացը հղի՞ չէ ՀՀ-ի եւ Արցախի համար անկանխատեսելի հետեւանքներով եւ չի՞ նշանակում դուրս գալ բանակցային գործընթացից։ «Սա չի նշանակում վերջնական ճանաչում։ Սա միայն գործընթացի սկիզբն է։ Այդ գործընթացը կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացնելու Ադրբեջանը»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա կարծիք հայտնեց, որ Արցախի անկախության կարգավիճակը չպետք է ենթարկվի սակարկության։