Մայիսի կեսերից «Համախմբումը» կսկսի իր իրատեսական ծրագրի քննարկումները

Մայիսի կեսերից «Համախմբումը» կսկսի իր իրատեսական ծրագրի քննարկումները

Մի քանի օր առաջ Օսկանյանի թիմի նախաձեռնությամբ ծնունդ առած «Համախմբում» կուսակցությունն արդեն սկսել է ակտիվություն ցուցաբերել։ Որպեսզի նախընտրական տարում իրենց որեւէ կերպ դրսեւորեն, ցույց տան, թե ինչի են ընդունակ, էլեկտորատ ձեւավորեն, մի հավակնոտ ծրագիր են փորձում իրականացնել։ Երեկ «Համախմբումը» հայտարարություն տարածեց, որով հայտարարվում էր «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին: Նախաձեռնող խմբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն է։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Մեր խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ»։



Թե ինչ է դա իրենից ներկայացնում, փորձեցինք պարզել հենց իրենից՝ տիկին Վարդանյանից։



«Ուրեմն նախաձեռնության անվանումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք պիտի փորձենք մշակել իրատեսական ծրագրեր։ Իսկ իրատեսական ծրագրերի մշակումը չի կարող լինել փակ սենյակում։ Այն պետք է իրենից ներկայացնի տարբեր ոլորտների տարբեր մասնագետների հետ քննարկումների արդյունք։ Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքական ուժ իր ծրագրերի մշակման արդյունքում պետք է կարողանա ընդգրկել բոլոր այն հարցերը, որոնք կան հասարակության տարբեր շերտերի մոտ, տարբեր ոլորտներում»,-ասաց նա՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է ներգրավել տարբեր փորձագետների, այդ թվում՝ միջազգային կառույցներից, կարող են լինել նաեւ քաղաքական ուժերից մասնակիցներ։



- Կարո՞ղ ենք ասել, որ սա ձեր նորաստեղծ կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկի ազդանշանն է։



- Ես չէի անվանի նախընտրական, ես դա պարզապես կանվանեի կուսակցության գործունեության ուղղվածություն։ Ցանկացած քաղաքական միավոր պետք է երկխոսության մեջ լինի հասարակության հետ։ Եվ կուսակցությունն իր առջեւ դրել է հենց խնդիր, որպեսզի բաց լինել հասարակության համար։ Եվ դա պետք է դիտարկել որպես քայլ՝ կուսակցություն-հասարակություն կապեր հաստատելու ուղղությամբ։



- Այս ծրագիրը, որն իր բնույթով կարծես սոցիալ-տնտեսական ուղղվածության է, քաղաքական խնդիր լուծելո՞ւ է։



- Քաղաքական խնդիր կարող է լուծել այնքանով, որքանով որ այդ առաջարկները կդառնան իրատեսական ծրագիր։ Առաջարկները կստանան ծրագրի տեսք եւ, բնականաբար, հետագայում դրանց իրագործման արդյունքում արդեն կստանան քաղաքական կոմպոնենտ։



- Քաղաքական առումով այս ծրագրի իրականացումից ի՞նչ եք ակնկալում վերջում, բավարար չափով էլեկտորա՞տ առաջիկա ընտրություններում։



- Քաղաքական առումով ես ակնկալում եմ եւ կարծում եմ՝ իմ գործընկերները եւս ակնկալում են մի շատ կարեւոր հանգամանք՝ վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են խնդիրները կրողների կողմից կամ այն մարդկանց կողմից, որոնք որ տիրապետում են այդ խնդիրների լուծման տարբերակներին։ Այսինքն՝ քննարկումների միջոցով դառնալ այդ խնդիրների կրողն ու առաջարկել դրանց լուծումները։



- Այդուհանդերձ, ակնկալիք կա՞ էլեկտորատի ձեւավորում այս տարբերակով, թե՞ դա ինքնըստինքյան տրամաբանական էր։



- Անկեղծ ասած՝ էլեկտորատը հավաքվում է գործունեության արդյունքում, եւ կուսակցության գործունեության արդյունքում է, որ պետք է էլեկտորատը որոշի, թե որքանով է այդ կուսակցությունն արդարացնում իր սպասելիքները։



- Հիմա ձեր կուսակցության գործունեության մեխը կամ առանցքային ծրագիրը սա՞ է լինելու։



- Սա լինելու է կուսակցության գործունեության առաջին քայլերից մեկը։ Եթե տեղյակ եք, կուսակցության ստեղծման հայտարարության մեջ մենք նշել էինք մի կարեւոր հանգամանք, որ կուսակցությունը բաց է համագործակցության համար տարբեր միավորումների առաջ։ Եվ մենք կարծում ենք, որ այստեղ կուսակցականացվածությունը պետք է դեր չխաղա։ Այստեղ կարեւոր են լինելու այն գաղափարները եւ այն տեսակետները, որոնք որ տարբեր շրջանակներ կամ անհատներ առաջ կքաշեն։



- Ովքե՞ր են լինելու այն փորձագետները, որ կմասնակցեն քննարկումներին, եւ ծրագրի իրականացման օրակարգն ինչպե՞ս է ձեւավորվելու։



- Արդեն որոշվել են թեմաները, որոնց շրջանակներում կլինեն տարբեր քննարկումներ, եւ առաջիկայում թեմաները կհրապարակվեն։ Իսկ փորձագետները լինելու են ոլորտին քաջածանոթ մարդիկ։ Եվ այստեղ ամենեւին նշանակություն չունի, թե ինչպիսի քաղաքական հայացքներ ունեն այդ անհատները, որովհետեւ առավել էական է քննարկման սեղանի շուրջ խնդիրները բարձրացնել, քան թե որոշակի կարեւորություն տալ, թե ինչպիսի քաղաքական հայացքներ ունեն այդ մարդիկ։



- Ե՞րբ եք սկսելու քննարկումների շարքը, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ հաճախականությամբ։



- Կարծում եմ՝ մայիսի կեսերից արդեն կլինեն քննարկումները, հաճախականության մասին դեռ չեմ կարող ասել։ Կհրավիրվեն մասնագետներ, փորձագետներ, տվյալ ոլորտի շահառուներ, որպեսզի իրենց կողմից բարձրացվող խնդիրները պատվիրակվեն կուսակցությանը։



- Արդեն կա՞ այդ հրավիրյալների, փորձագետների շրջանակը, եւ արդյոք տեսականորեն հնարավոր համարո՞ւմ եք, որ, օրինակ, ՀՀԿ-ից կամ ՀԱԿ-ից կարող են լինել այդ փորձագետները։



- Այս պահին քննարկվում են դեռ։ Իհարկե, արդեն պատկերացնում ենք, թե ովքեր կարող են լինել, բայց այս պահին չեմ ուզում առաջ անցնել։ Ես չեմ բացառում նաեւ այդ ուժերից մասնակցությունը, որովհետեւ տարբեր կուսակցություններում կան անհատներ, եւ կարծում եմ, որ իրենք եւս կարող են լրջագույն ներդրում ունենալ տարբեր հարցերի բարձրացման եւ դրանց լուծումների առաջարկման հարցում։



- Բայց դրանց քաղաքական ենթատեքստ չի՞ տրվի։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ, օրինակ, Հանրապետականի փորձագետը նորաստեղծ ընդդիմադիր ուժի նախաձեռնած ծրագրի շրջանակներում խնդիրներ փորձի վեր հանել։ Թե՞ տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում նման բան չի լինի։



- Ես չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել։ Ես եւս մեկ անգամ պետք է շեշտը դնեմ այն հանգամանքի վրա, որ կուսակցությունը բաց է բոլոր այն անհատների համար, որոնք կիսում են մեր գաղափարներն ու մեր մոտեցումները։



- Իսկ ի՞նչ արդյունք պետք է գրանցեք, որ համարեք, որ ձեր նպատակները՝ ծրագրի մասով, իրականացան։



- Այսպես ասեմ՝ մենք առանձնացնում ենք բազմաթիվ ոլորտներ, եւ քննարկումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպառված չեն լինի այն ոլորտները, որտեղ առկա են խնդիրներ։



- Կարծում եք՝ կհասցնե՞ք մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները բոլոր ոլորտների խնդիրներն սպառել ու դրանց լուծումներն առաջարկել ձեր ապագա ընտրողներին։



- Ես կարծում եմ, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որ հասցնենք։ Այսպես ասենք, քանի որ իրատեսական ծրագիրը հենց այդպես էլ անվանված է՝ «Հայաստան 2017-2022 թթ.», ակնհայտ է, որ մինչեւ 2017 թվականը մենք պետք է կարողանանք վեր հանած լինենք բոլոր խնդիրները եւ առաջարկենք դրանց լուծումները։



- Ո՞ւմ եք առաջարկելու այդ լուծումները։



- Դա լինելու է կուսակցության համար ուղենիշ եւ դա լինելու է քննարկման համար բաց ծրագիր, որով մենք առաջարկում ենք լուծումներ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ