Քոչարյանի ներկայությունն ավելի շատ բան կտար, քան թե մի քանի դերասանի կամ երգչի Ղարաբաղ գնալը

Քոչարյանի ներկայությունն ավելի շատ բան կտար, քան թե մի քանի դերասանի կամ երգչի Ղարաբաղ գնալը

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով, ապրիլյան պատերազմի օրերին, երբ մեր մտավորականներից, կռված տղաներից շատերը գնացին Արցախ, որպեսզի ոգեւորեն թե ժողովրդին, թե մեր զինվորին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կարող էր մի բան անել, իսկ ավելի կոնկրետ՝ վերադառնալ իր ծննդավայր եւ իր ներկայությամբ ոգեւորել Արցախում սահմանը պահող մեր զինվորներին, ինչը շատերի համար օրինակ կլիներ։ Ավելին՝ գեղանկարիչը կարծում է, որ Քոչարյանը կարող էր իր կարողության մի մասը դնել եւ այնտեղ մի բան ստեղծել, ինչու չէ՝ դրանով նաեւ ծնողների անունն անմահացնել։



«Ես չեմ կարող դա հասկանալ, վերջապես, իրեն այնտեղ ավելի շատ են ճանաչում, հեղինակություն, քաղաքական հաջողություն է ունեցել։ Իր ներկայությունն այնտեղ ավելի շատ բան կտար, քան թե մի քանի դերասանի կամ երգչի Ղարաբաղ գնալը։ Էլ չեմ ասում, որ ինձ համար անհասկանալի է՝ թոշակառու մարդիկ հազար, 2 հազար, 10 հազար դրամ ուղարկելով, ուզում են աջակցել Ղարաբաղի զինված համակարգին, մեկ էլ հանկարծ մի գիշատիչի, որը, ամենամեծ բիզնեսն ունենալով, չգիտեմ ինչքան պարտքեր է կուտակել, դրան ներում են այդ պարտքը։ Չեմ կարող դա հասկանալ, վստահ եմ՝ այդ մարդը ոչ Ղարաբաղում է մի ծառ տնկել, ոչ Երեւանում, ոչ Գյումրիում, ոչ էլ անգամ իր ծնողներն էլ տնկել»,- ասաց գեղանկարիչը, ապա, անդրադառնալով այն հարցին, որ Քոչարյանի 2-րդ թոռն արդեն Հայաստանից դուրս է ծնվում, նկատեց. «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հիվանդանոց ունի, որն ամենահեղինակավորներից մեկն է, միթե այնտեղ չէին կարող ծննդաբերել, ինչի՞ համար՝ որպեսզի քաղաքացիություն ունենան...»։ 



Ինչ վերաբերում է օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա, ըստ Շահումյանի, նախագահն էլ վստահություն չէր հայտնել Վիեննայում ձեռք բերված այդ պայմանավորվածություններին, ինչից կարելի է ենթադրել, որ չպետք է վստահել Ադրբեջանին ու նրա հայտարարություններին։



«Բոլոր ժամանակներում շրջապատված լինելով հակառակորդներով՝ պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած բանի։ Մեր աչքի առաջ ունենք Իսրայելի օրինակը, որը, երբ ստեղծվեց, ճիշտ Հայաստանի վիճակում էր, բայց 15-20 տարվա ընթացքում կարողացավ հզորություն ձեռք բերել եւ, շրջապատված լինելով արաբական աշխարհով, կարողացավ դիմակայել, ու եթե այն ժամանակ 5-6 հարյուր հազարանոց միջավայր էր, հիմա արդեն 7 մլն. են դարձել, թեպետ անընդհատ պատերազմ է։ Հիմա մենք կարող ենք, չէ՞, հետեւություններ անել՝ տեսնելով, թե ինչ ճանապարհ անցան, պարտադի՞ր է, որ մենք էլ նույն ճանապարհն անցնենք։ Մենք միթե չենք հասկանում, որ մեր երկրի հզորությունն է մեր պաշտպանությունը, ինչքան էլ մեզ խոստումներ տան։ Միջազգային դիվանագիտությունն առեւտուր է, ամեն մեկն իր շահն ունի, եւ շատ հավանական է, որ մենք հուսախաբվենք անգամ մեր շատ վստահելի բարեկամներից ու հարեւաններից։ Դրա համար, եթե մեր երկիրը հզորացավ, մենք որեւիցե խնդիր չենք ունենա, մենք հրաշալի գիտական միջավայր ունեինք եւ կարող էինք ժամանակակից ռազմատեխնիկա ունենալ։ Մեր պղինձը փոշու տեղ հանում-տալիս են դրսում էժան գներով, ինչ է թե ինչ-որ մարդիկ արագ հարստանան, իսկ երկիրն աղքատանում է։ Եվ այն, որ իրենց կուտակածը տանում են Շվեյցարիայի պես երկրներում ներդրում են անում, պետք է պարտադրել, որ գոնե մեզ մոտ ներդրումներ անեն, գործարաններ աշխատեցնեն։ Ժամանակին Չարենցավանում ինքնաձիգներ էին արտադրում, իսկ մեր գործարանների մի մասը դեռ սովետական ժամանակ այնպես էր արված, որ պատերազմական դրության դեպքում մի օրում կարող էին ամբողջ կոնվեյերը շուռ տալ եւ արտադրել ռազմական նյութեր։ Դրանք ի՞նչ արեցին։ Հո թուրքը չի՞ եկել քանդել, մենք ենք, չէ՞, քանդել»,-ասում է Շահումյանն ու հավելում, որ շատ է շփվել նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, շատերը երազում էին Հայաստանում մասնակից լինել մի գործի, բայց հիմա մարդկանց վստահությունն է կորել։



Գեղանկարիչը չգիտի, թե որն է պատճառը, որ ապրիլյան պատերազմի թե մարդկային, թե նյութական կորուստների մասին շատ ուշ է ասվել հանրությանը, շատ անգամ թաքցվել է տեղեկատվությունը։ Շահումյանն ուզում է հավատալ, որ գուցե այդպես փորձել են խնայել ժողովրդին կամ այնպես անել, որ թշնամին չիմանա մեր իրական վիճակը, բայց կարծում է, որ ով պետք է, այդ թվում՝ թշնամին, այդ օրերին գիտեր այդ բոլորի մասին. «Խնդիրն իրականությունն է, ասել են, թե չեն ասել, դա ինձ այդքան չի հետաքրքրում, իմ իմանալով ես ոչինչ չէի կարող փոխել, ինչպես որ հիմա չեմ կարող փոխել այդ իրականությունը։ Դրա համար մենք իշխանություններ ունենք, եւ իրենք պետք է դա անեն»։



Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ իշխանություններն արդեն հասկանում են պահի լրջությունը, նախագահի եւ վարչապետի վերջին ծրագրային ելույթները խոսում են այն մասին, որ իրենք զգում են այդ բացթողումները. «Հասկանում են, գիտակցում են, բայց մեխանիզմ ունե՞ն վերադարձնելու, մեր աչքի առաջ մեր հարստությունը դուրս է գնացել, պետք է մեխանիզմներ ձեւավորել, որ այդ ամենը մնա մեր երկրում եւ ծառայի մեր ժողովրդի համար։ Եթե վարչապետի ամբողջ ծրագիրն իրականություն դառնա, Հայաստանը մի տարվա մեջ կդառնա տարածաշրջանի լավագույն երկրներից մեկը, բայց այդքան կամք կլինի՞ դա իրականացնելու համար. սա է խնդիրը։ Իրականն այսօրվա իրականությունն է, եւ այդ իրականությունը պետք է մեզ սթափեցնի, մենք պարտք ունենք այս երկրի նկատմամբ, այս երկիրը միայն այսօրվա օգտագործման համար չէ։ Հայաստանը դրախտավայր են անվանել, որովհետեւ եղել է օրինակելի իր ամեն ինչով, ոչ թե Մասիս սարով ու իր տարածքով։ Ամեն մարդու մեջ պետք է արթնանա ոչ թե հայրենասիրությունը՝ այդ կեղծ բառը, այլ պարտավորությունը հայրենիքի նկատմամբ։ Ինչպես Սարոյանն է ասել՝ ամեն հայ քնելուց գոնե մի քիչ պիտի մտածի իր հայրենիքի մասին»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ