Լավագույնը՝ «The Best of Shakespeare»-ից (լուսանկարներ)

Լավագույնը՝ «The Best of Shakespeare»-ից (լուսանկարներ)

Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին թատրոնը հեռացել է մեծ թատրոնների բեմերից։ Պատճառները տարբեր են՝ հետաքրքիր բեմադրիչներն են քիչ, դերասաններն են հոգնած, ակադեմիական մոտեցումներն են շատ, փոխարենը, եթե ուզում ես թարմ շնչով արված թատերական ներկայացումներ տեսնել, դրանք պետք է փնտրես փոքր թատրոնների բեմերում։ Տիկնիկային թատրոնում խաղացվող «The Best of Shakespeare»-ն այդպիսի ներկայացումներից է՝ նոր հայացքով եւ թարմ շնչով արված մի գործ, որի բեմադրիչն է Զառա Անտոնյանը։



Վստահաբար կարելի է ասել, որ Զառա Անտոնյանն այն քիչ բեմադրիչներից է, որի անունն այսօր հանդիսատես է տանում թատրոն, որի թատերական ճաշակը, գեղագիտական ընկալումները մեկ անգամ տեսնելով բեմում՝ գիտես, որ հաջորդ ներկայացումն էլ ուրիշ մի բան է լինելու։ Այդ «ուրիշը» վաղուց չկա մեր թատրոններում, որովհետեւ այսօրվա թատրոնը միայն դերասանը չէ, պիեսը չէ, հագուստը չէ, երաժշտական ձեւավորումը չէ, դա նախեւառաջ բեմադրիչն է, նրա ուժը, աշխարհայացքը, համարձակությունը, փորձարկումները։



«The Best of Shakespeare»-ը 1ժամ 40 րոպե տեւողությամբ դիպլոմային ներկայացում է (կուրսի վարպետ՝ Յուրա Կոստանյան), որը կազմված է Շեքսպիրի ողբերգություններց («Համլետ», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Մակբեթ», «Օթելլո») եւ սոնետներից։ Ներկայացման նկարչական ձեւավորման հեղինակն է Վիկտորիա Ռիեդոն, երաժշտական ձեւավորման հեղինակը՝ Ստեֆեն Օքսները։ Դերերում հանդես են գալիս Հարություն Հովհաննիսյանը, Վալյա Ջուլհակյանը, Անդրանիկ Միքայելյանը, Մանվել Սարգսյանը, Մարիամ Ալեքյանը, Ադամ Խալաթյանը, Գեւորգ Ղուկասյանը, Էլեն Տեր-Կյուրեղյանը, Նարեկ Ալեքսանյանը, Կարինե Խաչատրյանը, Կառլեն Կարապետյանը, Մանե Մելքոնյանը։



Բեմում դերասանները փետուրի նման թեթեւ են, ճկուն, շարժուն, համարձակ, գեղեցիկ, նրանք եւ խաղում են, եւ երգում ու պարում, տեղ-տեղ կատարում ակրոբատիկ հնարքներ, մի բան, որ մեր շատ թատրոններում չես տեսնի։ «The Best of Shakespeare»-ը նման չէ ձեր տեսած «Շեքսպիրներից» եւ ոչ մեկին, բայց շնչում է Շեքսպիրով, խոսում նրա հավերժական՝ սիրո, դավաճանության, անտարբերության, ագահության, փառասիրության, հավատի թեմաներով։ Դերասանները բեմում կոտրում են մինչ այդ ձեր տեսած ու իմացած բոլոր կարծրատիպերը շեքսպիրյան բեմադրությունների մասին, նրանք հավատում են իրենց ուժին ու ստիպում նաեւ քեզ հավատալ իրենց բերած փոփոխություններին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ