Հայաստանում ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը

Հայաստանում ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը

«Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշները առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում, ուստի մեր երկրում էլ ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը»,- Ծխախոտի դեմ համաշխարհային օրվա առիթով մեզ հետ զրույցում ասում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:



Մեր զրուցակցի ներկայացմամբ, սկսած 1987 թվականից՝ ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես Առանց ծխախոտի օր:



Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին է միացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 12-ն ընդունվել է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:



«Ամեն տարի այս օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետեւանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը եւ գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից»,-նշում է պարոն Բազարչյանը:



Ալեքսանդր Բազարչյանի խոսքերով, ծխախոտի մշտական օգտագործումն ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ցուցաբերում ծխող մարդու առողջության վրա: Տուժում է նաեւ չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին եւ հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում եւ պիտակավորում:



Այժմ շատ երկրների ծխախոտի տուփերին առկա է ոչ միայն նշված գրությունը, այլեւ մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունը ցույց տվող, ինչպես նաեւ ծխելուց հրաժարվելու կոչեր պարունակող նկարներ: Մեր երկրում ներկայումս տուփի մինչեւ 30%-ն է փակվում առողջապահական նախազգուշացնող հայտարարություններով:



Նշենք նաեւ, որ ծխախոտային ապրանքատեսակների հասանելիությունը նվազեցնելու համար այսօր մի շարք երկրներում հարկային եւ ֆինանսական գնային գործիքներ են կիրառվում, այսինքն՝ հարկերը բարձրացվում են, ծխախոտն էլ շատ թանկ է վաճառվում. Ուկրաինայում, Եվրոպայում ծխախոտը վաղուց թանկ ապրանքատեսակ է, եւ, ինչպես մասնագետներն են նշում, գնային եւ հարկային քաղաքականության միջոցով այդ երկրներում նվազեցվել է ծխախոտային ապրանքատեսակների հասանելիությունը:
Հայաստանում նույնպես իրականացվել են որոշակի հետազոտություններ, եւ ծրագրի պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով՝ դիտարկել ծխախոտային հարկերի բարձրացման հարցը՝ առողջապահական տեսանկյունից:



Քանի որ տղամարդկանց շրջանում առանց այդ էլ բարձր է ծխախոտի տարածվածությունը, վերջին տարիներին ծխախոտ արտադրողներն իրենց թիրախ ընտրել են կանանց եւ դեռահասներին՝ գեղեցիկ տուփերով եւ ավելի գրավիչ տեսքով՝ բարակ գլանակներով իրենց ապրանքն առաջարկելով: Ուստի, հաշվի առնելով արտադրողների հնարամտությունները, այս ոլորտի մասնագետները գտնում են, որ գործողությունների ուղղությունը պետք է փոխել եւ արդեն առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնել բնակչության հատուկ տարիքային խմբերում, որպեսզի վաղ տարիքից չսկսեն ծխախոտի օգտագործումը:



Ալեքսանդր Բազարչյանը վստահեցնում է, որ առողջ ապրելակերպի քարոզչության մեջ մեծ տեղ գրավող ծխախոտի դեմ քարոզչությունն ուղղվում է բնակչության բոլոր տարիքային խմբերին: Ըստ նրա, ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը, իր հերթին, կապվում է նախարարության մշակած առողջ ապրելակերպի ռազմավարության հետ:



Ինչպես արդեն նշեց պարոն Բազարչյանը, ընթացիկ տասնամյակում ծխելու դեմ պայքարը դարձել է երկրի կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը, քանի որ մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:



Ըստ մեր զրուցակցի, ընդհանուր առմամբ, բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են՝ սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես՝ թոքի), այնուհետեւ՝ շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ եւ լյարդի ցիրոզ: Ավելին՝ տղամարդկանց շրջանում առավել տարածված է շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը: Մասնավորապես՝ թոքի քաղցկեղի 80-85%-ը պայմանավորված է ծխախոտի երկարատեւ՝ 15-25 տարի եւ ավելի օգտագործմամբ:



Համաձայն ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի 2015 թվականի տվյալների՝ շնչափողի, բրոնխների եւ թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 5 անգամ գերազանցել է տղամարդկանց շրջանում, իսկ մահացությունը շուրջ 4 անգամ, ինչը մեծապես պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով, ինչպես նաեւ հիվանդության ուշ հայտնաբերմամբ:
Ծխախոտի օգտագործումը Հայաստանում հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկն է: Ավանդաբար հայերն օգտագործել են ինչպես ձեռքով փաթաթված (գլանակ), այնպես էլ արդյունաբերական սիգարետներ: Բոլոր ժամանակներում ծխողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են եղել: Ներկայում ծխողների 90%-ն օգտագործում է սիգարետներ:



Վերջին տարիներին «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007, 2009, 2012 եւ 2015-2016 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում՝ ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն առողջության վիճակի վրա: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մեծահասակ (սկսած 16 տարեկանից) բնակչության 25.6%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%:



Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ