Նժդեհի արձանը քանդակելիս Նարեկ Սարգսյանի խորհուրդներից էլ է օգտվել

Նժդեհի արձանը քանդակելիս Նարեկ Սարգսյանի խորհուրդներից էլ է օգտվել

Երեւանի Վերնիսաժին հարող զբոսայգում մայիսի 28-ին բացված Գարեգին Նժդեհի արձանի շուրջ քննարկումները դեռ չեն դադարում, եւ օրվա որ ժամին էլ անցնես զբոսայգու մոտով, կտեսնես արձանի շուրջ հավաքված քաղաքացիների, որոնք չորս կողմերից երկար զննում են արձանը, նկարում, նկարվում, հետո խոսք ու զրույցի բռնվում իրար հետ, քննարկում արձանի թերություններն ու առավելությունները։



Երեկ արձանի մոտով անցնելիս նկատեցի հենց արձանի հեղինակին՝ քանդակագործ Գագիկ Ստեփանյանին, որը, Նժդեհի լուսանկարները ձեռքին, ջանասիրաբար զրուցում էր մի քաղաքացու հետ ու, հավանաբար, փորձում նրան բացատրել իր մոտեցումները։ Մինչեւ Գագիկ Ստեփանյանին մոտենալը, տեղում հարցուփորձ արեցի մի քանի քաղաքացիների, որոնք նշեցին, որ ընդհանուր առմամբ արձանը հավանում են, բայց «մի քիչ նման է Պետրոս Առաջինին»։ Ինչեւէ, մոտեցա հեղինակին, հետաքրքրվեցի՝ պատահակա՞ն, թե՞ հատուկ է եկել արձանի մոտ՝ մարդկանց կարծիքները լսելու։ Պարզվեց՝ եւ այս, եւ այն, որից հետո Ստեփանյանը նկատեց, որ քանի դեռ արձանը նոր է, իր աչքն էլ անընդհատ ուզում է տեսնել, եւ մարդիկ էլ մոտենում, իրեն հարցեր են տալիս, շնորհավորում են ու ասում՝ «ինքն ա»։



Գագիկ Ստեփանյանն սկզբում չէր ցանկանում որեւէ բան ասել, նշելով, որ այսքան խոսակցություններից հետո պատրաստվում է առաջիկայում ասուլիսով հանդես գալ, բայց հետո, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխանեց։ Ու քանի որ մեր շուրջը գնալով էլ ավելի շատ քաղաքացիներ էին հավաքվում, ստացվեց բացօթյա, հանրային ասուլիս՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ։



Ստեփանյանը նախ մատնացույց արեց իր ձեռքի տակ գտնվող Նժդեհի տարբեր ժամանակների լուսանկարները, ապա էմոցիոնալ կերպով շարունակեց խոսքը՝ ասելով, թե ինչքան նյութ կա Գարեգին Նժդեհի վերաբերյալ, ուսումնասիրել է, օգտվել է նրա բոլոր արխիվային ֆոտոներից եւ ընդհանրացրել կերպարը։ «Չկա կոնկրետ որեւէ ժամանակաշրջան, ստեղծել եմ ուժեղ կամքի տեր զորավարի, պետական եւ քաղաքական գործիչի, փիլիսոփայի, 20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկի, մեր ազգային գաղափարախոսի՝ Գարեգին Նժդեհի կերպարը»,- ձեռքն արձանի ուղղությամբ պարզած՝ ասաց Ստեփանյանն ու, պատասխանելով այն հարցին, որ շատերը, այդ թվում այստեղ ներկա քաղաքացիներից ոմանք Նժդեհին նմանեցնում են Պետրոս Առաջինին, վրդովված պատասխանեց. «Արձանը կապ չունի այն ասեկոսեների հետ, թե նման է Պետրոս Առաջինին, ոչ մի կապ չունի եւ չի կարող ունենալ։ Դա ուղղակի մի քանի հոգու տարածած խոսակցություն է, որը ֆիքսվել է եւ շարունակվում է, վերջ։ Համամիտ չեմ բոլորովին»։



Ստեփանյանը եզրակացրեց, որ եթե Նժդեհի երկար մազերն են նմանության պատրանք ստեղծում Պետրոս Առաջինի հետ, ապա Նժդեհն էլ մինչեւ ուսերը երկար մազեր է ունեցել, ապա, որպես ապացույց, ցուցադրեց այն լուսանկարը, որտեղ Նժդեհը երկարամազ է։ Ստեփանյանը կտրականապես չի ընդունում ոչ մի նմանություն որեւէ մեկի կամ որեւէ այլ արձանի հետ, չնայած մի երկու օր առաջ էլ շվեդ տուրիստների հետ է շփվել հենց այստեղ՝ արձանի մոտ, նրանք էլ ասել են, որ այս մարդն իրենց թագավորներից մեկին է նման, բայց դա իրեն չի հուզում։



Ստեփանյանից հետաքրքրվեցի՝ լսե՞լ է Նարեկ Սարգսյանի այն կարծիքը, թե քանի որ Նժդեհի արձանի հեղինակը Պիտերում է սովորել, դրա համար է նրա կերտած արձանը նման Պետրոս Առաջինին, ինչն արդեն կատակների առիթ է տվել, որ եթե Ապարանում սովորած լիներ, ինչպիսին կլիներ քանդակը. «Տենց կատակ է՞լ է գնացել, ես տեղյակ չեմ։ Նարեկ Սարգսյանը շատ հավանում է այս աշխատանքը, երեւի պահի տակ էդպես... ինքն էլ է խորհուրդ տվել, ես օգտվել եմ իր լավ խորհրդից, հավանել է այդ մարդը, ինքն էլ, մյուս ճարտարապետներն էլ, պետական այրերն էլ»։



Հետաքրքրվեցի՝ ի սկզբանե հենց այդպե՞ս է պատկերացրել արձանը, թե՞ «խմբագրումների» շատ փուլեր է անցել։ Պարզվեց՝ քանդակագործը շատ էսքիզներ է արել, փնտրելով՝ աստիճանաբար եկել-հասել է այս լուծմանը։ Գագիկ Ստեփանյանն ասաց, որ արձանը եղել է հսկողության տակ, հաճախակի իրեն այցելել են ճարտարապետը, քաղաքի գլխավոր ճարտարապետը, նախկին գլխավոր ճարտարապետը, ուրիշ ճարտարապետներ ու քանդակագործներ. «Անձամբ քաղաքապետը, որը հաճախ է եկել տեսել, բոլորի կողմից արժանացել է հավանության։ Եվ իրենք, եւ ժողովուրդն ասում են՝ հզոր է, մարդիկ տեսնում են այդ հզորությունը»։ Ո՞րն է պատճառը, որ հենց իր գործընկեր քանդակագործներն են նաեւ քննադատում արձանի լուծումները։ «Քանդակագործների կողմից չէ, այլ պարոն Թոքմաջյանի, որն ունի այդ բնավորությունը եւ ձեռք է բերել, չգիտեմ, մի այնպիսի հեղինակություն հեռուստաընկերություններում եւ լրագրողների մոտ... մարդուն կարծում են, երեւի, հեղինակավոր մարդ, բայց թող ինքը գնա, իր արձանները նայի եւ ուրիշների հետ գործ չունի, իր դիտողություններն օբյեկտիվ չեն։ Նա նախանձախնդիր է»,-ասաց Ստեփանյանն ու հերթական գլանակը վառելով հավելեց, որ քանդակը եւ ճարտարապետական լուծումները հոյակապ են արված։



«Ես համարում եմ բարձր արվեստի գործ եւ վստահ եմ իմ արած քանդակի վրա։ Սրա մեջ կա լեգենդ, զորություն, հաստատուն կամք, երազանք, որ հիմա ինքն իր քաղաքին է նայում այստեղից, քանդակն ստացվել է...։ Կամ հարցնում են՝ ձեռքն ինչի՞ է էդպես. ձեռքն իր գաղափարախոսությունն է ցույց տալիս, իր պատգամը՝ Աստված եւ հայրենիք, մյուս ձեռքով բռնել է իր թիկնոցը, բայց տեսեք՝ ինչ ուժեղ բռունցք է, ինչ հաստատուն, եւ սա խորհրդանշում է մեծ հռետորի, դա կանգնած ձեւ է։ Նա իր հռետորական կոչով կարողացավ Ղարաքիլիսայում փախչող զորքին եւ ժողովրդին կանգնեցնել, ոգեւորել եւ թուրքերին ջարդ տվեց, չթողեց մտնեն Երեւան կամ Էջմիածին»,-հայացքն արձանին հառած՝ ասաց Գագիկ Ստեփանյանը։ Իսկ մեր շուրջն էլ ավելի շատ հետաքրքրասեր անցորդներ էին հավաքվում։ Նրանցից մեկը միջամտեց մեր զրույցին ու թե՝ «հիանալի արձան է, նմանակը չկա, զորանաս»։ Այս խոսքերից ոգեւորված՝ Ստեփանյանն էլ իր հերթին արձագանքեց. «Լսո՞ւմ եք, մարդկանց կարծիքն է, այ, նման բաները ֆիքսեք, ոչ թե մեկնումեկի բամբասանքը»։ Քիչ հեռվում կանգնած տղամարդկանցից մեկն էլ առաջացավ ու իր հերթին հավելեց. «Սկզբում մի քիչ բան եղա, բայց մի երկու օր նայեցի՝ հավանեցի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ