Նախեւառաջ պետք է հրաժեշտ տալ Ռադիկ Մարտիրոսյան կոչվող հակահասարակական երեւույթին

Նախեւառաջ պետք է հրաժեշտ տալ Ռադիկ Մարտիրոսյան կոչվող հակահասարակական երեւույթին

Հարցազրույց ԵՊՀ պրոֆեսոր, հայագետ, բանասիրության եւ պատմագիտության դոկտոր Արծրուն Սահակյանի հետ



- Պարոն Սահակյան, հունիսի 27-ին ԳԱԱ նախագահության եւ նախագահի ընտրություններն են, ինչպե՞ս կգնահատեք ակադեմիայի դերն ու գործունեությունը վերջին տասնամյակում։



- Ակադեմիան ԽՍՀՄ ժամանակներում դիտվում էր իբրեւ պարտադիր ատրիբուտ ազգային հանրապետությունների համար։ Ամեն հանրապետություն ինչպես որ պետք է ունենար իր Օպերան, պետական թատրոնը, համալսարանը, այնպես էլ՝ իր ակադեմիան։ Ահա, այդ տրամաբանությամբ հիմնվել է մեր ԳԱԱ-ն, որը հետխորհրդային շրջանում վերափոխվեց ու վերանվանվեց ՀՀ ԳԱԱ-ի, բարեփոխման խնդիրն այդ անունը փոխելով էլ ավարտվեց։ Մինչդեռ 90-ական թվականներին մի շատ լավ նախագիծ կար, որ Գիտությունների ակադեմիան պետք է վերածվի մի իսկական հասարակական կառույցի, որի բոլոր ինստիտուտները, ենթակառուցվածքները վերաբաշխվում են բուհական համակարգի մեջ՝ ամեն մեկն իր համապատասխան կրթաճյուղում։ Իսկ սա նշանակում էր բարելավել գիտության եւ ուսման որակը՝ իրար հետ համադրելով, որովհետեւ բուհերում արդեն առաջ էին եկել ոչ արդյունավետ ուսուցանող կադրեր, որոնք գլուխ էին պահում։ Դրա արդյունքում կլիներ հաջող ձեւով անցկացված կրճատում, ֆինանսների ավելի արդյունավետ վերաբաշխում, եւ, վերջապես, կունենայինք իսկական արտադրության եւ գիտության սերտացում։ Մեզ մոտ գլխավոր խնդիրն այն է, որ գիտությունն ու կրթությունն իրարից անջատվել ու հեռացվել են, անգամ օտարվել։ Կրթությունը սահմանափակվել է հնացած դասագրքերով, կադրերով, ծրագրերով, իսկ գիտությունն էլ իր մեջ է լճացել, որովհետեւ հետեւից շնչառություն չկա, խթանիչ հանգամանք, պահանջատեր չկա, եւ գիտությունը դարձել է թոշակառուների հանգրվան։



- Անցած ժամանակով եք խոսում, բայց խնդիրն այսօր էլ է ակտուալ։ Դա համակարգայի՞ն խնդիր է, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։



- Սա, իհարկե, վերաբերում է նաեւ ներկային, անցյալում որ չարվեց, այդպես էլ փոխանցվեց ներկային։ Բայց հիմա ունենք մի հսկա կառույց, տարեկան 60 մլն. դոլար քամուն տվող կազմակերպություն՝ ԳԱԱ։ Այսօր մեր խեղճ վիճակում, ֆինանսական այս դրության մեջ մեծ շռայլություն է անհատույց այդ գումարները մսխելը։ Սա պետության առաջնահերթ անելիքներից է՝ զբաղվել ակադեմիայի այս մեծ, խժռող խողովակով։ Պետությունը սովորաբար պետք է անցկացնի միջոցառումներ՝ հօգուտ իր տնտեսվարման, զարգացման, բայց պարզ տեսնելով, որ սա պետությանն օգուտ չի տալիս, այնուամենայնիվ, հանդուրժում է, ինչո՞ւ՝ սոցիալական վիճա՞կը նկատի ունի, թե՞ խնդրի բարդությունը, որ ամեն անգամ հետաձգում է մի նոր, լավ ժամանակի։ Ես չեմ կարող պետության դիրքերից ասել, թե ինչու է հապաղում ակադեմիայի խնդրի արմատական լուծումը։



- Գուցե ատրիբուտային այդ կարգավիճակն է պահում, որ մենք էլ ունենանք ակադեմիա, ինչպես ունենք Օպերա, համալսարան։



- Ընդհակառակը, այսօր, երբ այդ խորհրդային համակարգը չկա, դա արդեն հետամնացության նշան է դիտվում, գիտությունը եւ ուսումն աշխարհում համատեղ են առաջ գնում, համալսարանական մոդելներով են ապրում, բայց այսօր ունենք համալսարանից ու ակադեմիայից անջատված տարբեր երեւույթներ, որոնք գործին չեն օգնում։ Պետությունը շարունակ այդ փողը տալիս է, որովհետեւ լուծման մեխանիզմը տեսականորեն գուցե պատրաստ է, բայց գործնականում չկա։ Այսօր ակադեմիան կանգնել է հասարակության, պետության բկին, չեն կարող ոչ կուլ տալ, ոչ հետ տալ։ Սա նաեւ բարոյազրկման աղբյուր է. իր տիտղոսակիր մտավորականներով, գիտնականներով՝ ես սա նաեւ իմ անձնական ամոթն եմ համարում։ Այսօր ունենք ակադեմիայի նախագահություն կոչվող մոնստր մարմինը՝ իր նախագահով, ճյուղավորումներով՝ ըստ բաժանմունքների, եւ թոշակառուների մի հսկա երամ. երիտասարդ, թե ծեր՝ նշանակություն չունի։ Բայց ի՞նչն է ակադեմիայի կանոնադրական պարտականությունը՝ միթե 5 տարին մեկ ընտրել նախագահ եւ նախագահություն ու դրանով անցնել ձրիակերության ռեժիմին։ Սա պետք է այլեւս չհանդուրժել, անիմաստ են այս ծախսերը, այս տիտղոսները կարելի է հասարակական կազմակերպության մեջ պահել, թող լինի ակադեմիկոս, իսկական անդամ, թղթակից անդամ, բայց դա թոշակավորված չլինի, թող բյուջեի հաշվին չլինի, որովհետեւ որտեղ մի փոքր փող է շարժվում, այդտեղ բարոյազրկությունն է հայտնվում, ոչ արժանի կադրերի առաջքաշում, աչքակապություն, խաբեություն, իսկ ինչի՞ համար, միթե գիտությունը դրա համար է, որ հասարակության աչքին դառնա անբարոյականների հավաքարան։



- Մեր գիտության անկումային վիճակն այսօր ուղղակիորեն կապում են Ռադիկ Մարտիրոսյանի հետ, ինչպե՞ս կգնահատեք նրա պաշտոնավարման 10 տարիները ակադեմիայի համար։



- Որպես նախագահ, նա առանցքային դեր ունի՝ եւ ոչ միայն այդ հատկացումները, ֆինանսական միջոցները քամուն տալու գործում, այլեւ գոնե սուղ միջոցների պայմաններում ինչ-որ մի դրական արժեքավոր գործ չկազմակերպելու հարցում։ Անգործունակություն՝ դրանից ավելի դաժան գնահատական չկա նրան։ Ես չգիտեմ՝ այդ մարդն այդքան տարի վայելելով, գիշերը մտքով անցկացրե՞լ է, թե արդյոք Քաջ Նազարի դա՞րն է, թե՞ չէ... մինչդեռ այդ պաշտոնի տեր մարդը հասարակության աչքը պետք է լինի իր առաքինի, բարոյական, իսկական հումանիստական նկարագրով։ Իսկ սրան կարող ես հասնել բարձր, մեծ գիտության աստիճաններով, դու պետք է անցնես այդ ճանապարհը քո տքնանքով, գիտական աշխատանքով, քաղաքացիական խիզախությունով։ Իսկ ինչ վերաբերում է նրա գիտական վաստակին, առանձնապես որեւէ արժեք չի ստեղծել, անգամ կասկածում են, որ նա սեփական թեկնածուական կամ դոկտորական աշխատություններն իր խելքով, ձեռքով արտադրե՞լ է, թե՞ չէ։



- ԳԱԱ կանոնադրության համաձայն, նույն մարդը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել նախագահ, Ռադիկ Մարտիրոսյանն արդեն 2 անգամ անընդմեջ նախագահ է։ Ի՞նչ եք կարծում, այս անգամ կլինի՞ փոփոխություն։



- Այս առիթը պետք է օգտագործեն եւ ակադեմիայի բարեփոխման հարցը լուծեն, վերացնեն այդ խժռող խողովակը, այդ ֆինանսավորման համակարգը՝ որպես անցյալի մնացուկ։ Երկրորդ. եթե դեռեւս այդ խնդրի կարգավորման գործը հետաձգվելու է, ուրեմն նախեւառաջ պետք է հրաժեշտ տալ Ռադիկ Մարտիրոսյան կոչվող այդ տարօրինակ հակահասարակական երեւույթին։ Այդքան լռակյաց, այդքան սուսուփուս, այդքան անգործունյա մարդ շատ դժվար է պատկերացնել, բայց ինքը կարողացավ այդ օրինակը տալ։ Հակահասարակական էությունը սովորաբար ակտիվ է լինում, չար է լինում, բայց նա լռակյաց է ու ամբողջ հասարակությանն ընդդիմակաց, ամբողջ պետությունը տակից քանդում է...



- Բայց այդքան էլ լռակյաց չէ, վերջին հարցազրույցը դրա վառ ապացույցն էր, երբ նրա արտաբերած «քոսոտ երկիր» արտահայտությունն աղմուկ բարձրացրեց ու նաեւ վնասեց իր հեղինակությանը։



- Դա էլի լռակյացության նշան է, ախր, Կիկոսի խելքի տեր մարդն ի՞նչ պիտի խոսի, հենց խոսեցնես, մի բլթոց կելնի, մի անզգույշ արտահայտություն, եւ խայտառակ կլինի։ Պետք է ազատվել այդ կիկոսային էությունից, բայց եթե պետությունը որոշի՝ քանի կառույցը կա, Ռադիկին պահի, նշանակում է դրանով հասարակության աչքի առաջ սպանել այդ կառույցը։ Հարկատուները, բոլոր տեսակի հասարակական ուժերը, արթուն հոգիները պիտի բողոքեն՝ ասելով, որ չենք ուզում ավելորդ գումարներ նետել այդ անիմաստ կառույցի վրա։ Սա նոնսենս է, այսօր ոչ միայն ակադեմիան է ժամանակավրեպ, այլեւ նրա ղեկավարը՝ Ռադիկ Մարտիրոսյանը, ո՛չ նրա համար, որ 80 տարեկան է, այլ նրա համար, որ այդ մարդը գիտական աշխատանքներ չի կարդում, դեռեւս կոլեկտիվացման սերունդ լինելով, հին լոզունգներն է իր մտքում որոճում, նա այնքան հնացած է, որ անգամ գորբաչովյան սերնդին է խորթ։



- Ակադեմիայում մարդիկ նո՞ւյնպես այդքան հին են, որ չեն զգում փոփոխությունների կարիք։



- Քանի Ռադիկ Մարտիրոսյանի դեմ խոսում են, դա նշանակում է, որ գիտություն կա, դեռ ցավող սրտեր կան։ Ի հակառակ ակադեմիայի նախագահության, գիտությունը զարգանում է։ Երդվում եմ Հայաստանով, Ռադիկ Մարտիրոսյանի ջգրու, որ գիտության գործը չի տուժելու, բայց որ ինքը մնաց, ակադեմիան վերջնականապես մահանալու է, թաղվելու է, որովհետեւ իր մնալը գիտական հասարակության մեծ մասի համար նշանակում է այլեւս խաչ քաշել այդ հաստատության վրա։ Ավելի լավ է օրինական ձեւով հարցը լուծենք՝ ըստ կանոնադրության, քան թե դա շրջանցելով՝ հակաօրինական բան անենք պետականորեն եւ թույլ տանք, որ նրանք իրենց տգետների զվարճանքը շարունակեն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ