Ես նկարել եմ առաջ գնացող զինվորի ժպիտը (լուսանկարներ)

Ես նկարել եմ առաջ գնացող զինվորի ժպիտը (լուսանկարներ)

Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանն այն մարդկանցից է, որը չսահմանափակվեց ապրիլյան պատերազմի մասին պատմող մի քանի ռեպորտաժներով։ Նա այս ամբողջ ընթացքում ավելի շատ Արցախում էր՝ սահմանին, քան Երեւանում։ Մեր հանդիպման օրն էլ պատրաստվում էր մեկնել Արցախ, գնալ դիրքեր, լուսանկարել առաջնագծի զինվորներին։ Հակոբ Պողոսյանը կատակում է. «Այնքան եմ «Եղնիկներ» գնացել, մարդիկ գիտեն՝ տղա ունեմ այնտեղ ծառայող, ես էլ ասեցի՝ 2 ծառայող աղջիկ ունեմ, ուրիշ ոչ ոք»։



Նախօրեին Նարեկացի արվեստի միությունը ցուցահանդես էր նախաձեռնել, որտեղ կողք կողքի ցուցադրել էր կինոօպերատոր Լեւոն Աթոյանցի 90-ականներին արված արցախյան պատերազմի հերոսների դիմանկարներն ու վերջին՝ ապրիլյան պատերազմի մասին Հակոբ Պողոսյանի լուսանկարները։ Նայում ենք լուսանկարներն ու զրուցում։ Նա առանց հուզմունքի չի կարողանում խոսել մեր զինվորների մասին, հիշում է ամեն մի նկարի նախապատմությունն ու ցավով նշում, որ Ջաբրաիլում արված դիմանկարներից չորսը դարձան այդ տղաների վերջին լուսանկարները։



- Հակոբ, ապրիլյան պատերազմի օրերին Դուք առաջին լուսանկարիչներից էիք, որ գնացիք Արցախ եւ նկարեցիք պատերազմը, մեր առաջնագծի զինվորներին, Խալափյանների դաժան սպանությունը։ Չնայած հարաբերական զինադադարին, այսօր էլ շարունակում եք գնալ։ Որպես լուսանկարիչ, ի՞նչն է Ձեզ համար եղել եւ մնում ամենադժվարը։



- Երբ ապրիլի 3-ին լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ մտանք Թալիշ, գյուղն ամբողջությամբ դատարկ էր, մարդ չկար Թալիշում, բայց ես արդեն ինֆորմացիա ունեի, որ գյուղում մնացել են 3 խաղաղ բնակիչներ, որոնք հաշմանդամություն ունեն, եւ առաջինը փորձում էի գտնել նրանց տունը։ Ծանր էր տեսնել այն, ինչ կատարվել էր Խալափյանների հետ, եւ երբեք չէի ուզենա դիակ նկարել, բայց այնպես ստացվեց, որ պետք էր նկարել։ Հետո, երբ արդեն իջնում էինք, մի տարեց մարդու հանդիպեցինք, որը մեզ ներս կանչեց՝ թեյ հյուրասիրելու։ Երբ մտանք տուն, ի զարմանս մեզ, նկուղից դուրս եկան էլի 4 հոգի՝ կանայք, որոնք, փաստորեն, մի ամբողջ օր մնացել էին այդ նկուղում։ Դրանից հետո գնացինք Թալիշի դիրքերը, հետո՝ նաեւ «Եղնիկներ», ու սկսեցի նկարել մեր զինվորներին։ Այդտեղ Էդիկ Բաղդասարյանի հետ համաձայնեցրինք, եւ որոշեցի նկարել մեր զինվորների դիմանկարները, որովհետեւ դիմանկարը, բացի նրանից, որ փոխանցում է զինվորի տրամադրությունը, նաեւ թույլ է տալիս շատ չցուցադրել տեղանքը։ Այդպես սկսեցինք «Առաջնագծի զինվորները» խորագրի ներքո մեր զինվորների դիմանկարները տեղադրել «Հետք»-ում, հետո սկսեցի նկարել «Հրետանու տղաներին», քանի որ հատկապես նրանք ապրիլի 4-ին եւ 5-ին շատ մեծ գործ արեցին։



- Դուք մասնակցել ու նկարել եք նաեւ 90-ականների Արցախյան պատերազմը, ո՞րն է այս երկու պատերազմների նմանությունն ու տարբերությունը։



- Նմանությունը դուխն էր։ Ես զարմացած էի, թե այդ 18-20 տարեկան տղաների մոտ ինչ ոգի կար, այսօր խրամատում կանգնած զինվորը պատրաստ է առաջ գնալուն։ Հետաքրքիր էր, որ «Եղնիկներում» լրիվ ուրիշ տրամադրվածություն էր, Թալիշում՝ ուրիշ, Ջաբրաիլի տարածքում՝ այլ։ Օրինակ, Կուբաթլիում արյուն չէին տեսել, իրենք դեռ այն հին զինվորն էին, բայց առաջնագծում՝ Թալիշ, Մատաղիս, Ջաբրաիլ հատվածում, զինվորն արդեն պատկերացնում էր, թե ում հետ գործ ունի։ Բայց բոլոր տեղերում էլ տրամադրվածությունը մեկն է եղել՝ առաջ գնալ։ Նույնը կար նաեւ առաջին պատերազմում, երբ մենք Երեւանից գնում էինք Արցախ, գնում էինք Շուշին ազատագրելու։ Այս անգամ զինադադարը խանգարեց, Շահումյանի, «Եղնիկների», Թալիշի հատվածով առաջխաղացման տրամադրվածությունը շատ մեծ էր, եւ մինչեւ ամսի 20-ը հավատում էինք, որ մենք կարող է առաջ գնանք։ Դա կոտրվեց։ Այդ 18-20 տարեկան տղերքի մեջ ես տեսա պատերազմն ապրած զինվորի, երբ մի օրվա մեջ մեծանում են, հասկանում, թե ինչի հետ գործ ունեն, որովհետեւ, երբ դիրքում սնայպերով զինվոր են սպանում, դա այլ բան է եւ լրիվ ուրիշ բան, երբ այդ օրերին տեսնում ես, թե ինչ է պատերազմը, ու հասկանում, որ անելիք ունես։



Ջաբրաիլի հատվածում մի հետաքրքիր բանի ականատես եղա․ տանկային առաջխաղացումը կասեցրած զինվորներն իրենց կորցրած ընկերների մասին խոսում էին ոչ թե որպես զինվորի, այլ ընկերոջ մասին։ Ասում էին՝ ընկերոջս կորցրեցի, կարող է ծառայության ընթացքում ինքը նույնիսկ չէր էլ իմացել, որ նա իր ընկերն է, բայց այդ հերոսական քայլերից հետո բոլորը ոգեւորվել էին, եւ իրենց հետ խոսելիս զգում էիր, որ խոսում ես պատերազմի փուլ անցած զինվորի հետ։



- Այդ ընթացքում թե ֆոտո, թե վիդեո տարբերակով բազմաթիվ նյութեր եք պատրաստել, կա՞ն բաներ, որ կադրից դուրս են մնացել, բայց կուզեիք, որ մարդիկ իմանային դրա մասին։



- Մի բան կարող եմ ասել, որ նվնվացող զինվորի ես չտեսա, որը գուցե սրանից առաջ կարող է զանգեր ու ծնողից մի հատ բատինկա ուզեր։ Այս անգամ եթե նույնիսկ իր բատինկան պոկված էլ էր, համազգեստն էլ՝ ցեխոտ, նա չէր նեղվում դրանից, որովհետեւ բոլորն էին գիտակցում, որ պատերազմ է, նվնվալու ժամանակ չկա։ Հետո իրենք ոչ մի բանի կարիք չունեին, անգամ սննդի։ Սնունդը լիքը լցրած էր, բայց արդեն դրա կարիքն էլ չունեին, իրենց ուշքն ու միտքը պատերազմն էր։ Կարող է սնունդը 5-10 օր էլ չլիներ, մեկ է, իրենք դիմանալու էին։ Երեկ մի կին ցուցահանդեսի ժամանակ ասաց՝ էս ի՞նչ թատրոն եք սարքել, ձեր բոլոր զինվորները ծիծաղում են, ժպտում, սարքել եք, պատերազմը ներկայացրել եք ժպիտով։ Ի դեպ, դա եւ Լեւոն Աթոյանցի լուսանկարներում կար, եւ իմ։ Բայց նա չհասկացավ, որ այդտեղ հաղթած զինվորի ժպիտն է, առաջ գնացող զինվորի ժպիտը, ոչ մի սարքովի բան չկա, որովհետեւ դիրքերում ես չտեսա մի զինվորի, որը նվնվար, ասեր՝ ոտքս ցավում ա, ուրիշ ժամանակ գուցե սանչաստ վազեր՝ բժշկի մոտ, բայց այսօր սանչաստից դուրս էր գալիս, գնում էր առաջնագիծ։ Այդ նույն բանը կար նաեւ առաջին պատերազմում, վիրավոր զինվորը գալիս էր Ստեփանակերտի հոսպիտալ, վիրակապը հանում էր ու 2-3 օր հետո գնում կռվի դաշտ։ Այսօր զինվորի մեջ այդ ոգին կար։ Շատերը խուսափում էին նկարվելուց, բայց այդ հպարտությունը բոլորի մեջ կար։ Ես նկարեցի ուղղաթիռ խփած մեր զինվորին, որը չէր կարողանում խոսել եւ գուցե ամբողջովին չէր էլ գիտակցում, թե ինչ է արել, բայց արել է։ Հայրենասիրություն չկա սահմանում, որովհետեւ այդ տղան արդեն հայրենասիրական մղումով արել էր մի գործ, որի մասին չէր կարող խոսել։ Կարող է մի տարի հետո իրենք էլ ինչ-որ տեղ գլուխ գովան, ոնց որ հիմա շատերն են ասում՝ սա ենք արել, բայց այսօր այդ համեստությունը կա։



- Օրեր շարունակ Դուք էլ Ձեր լուսանկարչական ապարատով եք կանգնած եղել զինվորների կողքին, մահվան մասին մտքերը ո՞նց էիք լռեցնում։



- Ցուցահանդեսի ժամանակ էլ հարցրին՝ չե՞ս վախեցել..., անկեղծ ասած՝ այդ պահին չես էլ զգում, թե ինչ է կատարվում։ Օրինակ՝ Թալիշում առաջ գնալու ժամանակ ես ոչ մի բանի մասին չէի մտածում, կարող է եւ մի տնից մի թուրք կրակեր, հատկապես, երբ գյուղում մարդ չկար։ Չգիտեմ դա ինչ է՝ կամքի ուժ, թե մի այլ բան, որ գալիս է քո մեջ, ու դու գնում ես առաջ՝ ոչնչի մասին չմտածելով։ Մտքովս երբեք չի անցել, որ որեւէ գնդակ կարող է ինձ կպնել, նույնը՝ նաեւ զինվորների մոտ։ Ինձ երեկ հարցրին, թե Դուք նկարում եք, որովհետեւ դա կարող է այդ զինվորներից շատերի համար վերջին լուսանկա՞րը լինի...։ Ես երբեք դրա մասին չեմ մտածել, բայց, ցավոք, իմ ընկերներից Վալասին Ջաբրաիլում նկարեցի, աչքերի մեջ ինչ-որ բան զգացի, ասում էի՝ կարո՞ղ ա վատ ես, ասում էր՝ չէ, ամեն ինչ լավ ա, մի քանի օր հետո ինֆարկտից մահացավ։ Իսկ երբ 90-ականներին էլ Տոնաշենում նկարում էի, հենց կադրիս մեջ՝ մարտական գործողության ժամանակ, զոհվեց իմ ընկեր Սաքոն, Հայկը, Վարդանը, Նորիկը, ես էլ վիրավորվեցի։ Հիմա, երբ թերթում եմ իմ այդ թվերի արխիվը, շատ տղերք էլ չկան, զոհվեցին։ Հիշում եմ՝ Եղակերում էինք՝ Բաղդասարյան Վահեն մոտեցավ ինձ ու ասաց. ձեռքիդ կամերան ձայնո՞վ է նկարում, ասացի՝ հա, ասաց՝ բարձրանանք եկեղեցու մոտ, ինձ նկարես. ահավոր մի բան, ինքը երբեք չէր ուզում նկարվել։ Բարձրացանք, նկարում եմ ու ասում՝ դե, Վահե, ձայն հանի, նկարում է, բայց ինքը լուռ եկավ, մոմը վառեց, դուրս եկանք ու գնացինք։ Դրանից հետո ես վիրավորվեցի, իսկ ինքը հունիսի 12-ին Դաստագիրում զոհվեց։ Հետաքրքիր է, որ մինչ այդ գնացել էր տուն, իր ամբողջ նկարները վառել էր, որ իրենից ոչ մի բան չմնա, բայց մնաց իմ նկարած այդ փոքրիկ տեսաերիզը։ Երեւի ամեն դեպքում իրենք ինչ-որ բան զգում են, բայց այս ապրիլյան պատերազմի ժամանակ դեռ չի եղել նման բան։



- Եղե՞լ են պահեր, երբ չեք նկարել՝ գուցե հոգեբանական խնդիրներից ելնելով։



- Համարյա չի եղել, բայց շատ բաներ ենք նկարել, որ պետք չէր նկարել, օրինակ՝ հենց մեկը այդ դիակները, որ ես նկարեցի, ինչն իմ սկզբունքներին դեմ էր։ Կամ հրետանու աշխատանքները, որ պետք չէր նկարել ու ցուցադրել։ Ես չէի ուզի նաեւ մեր զինվորին մրոտ, կեղտոտ հագուստներով ներկայացնել, բայց իրականությունը դա է, ես պարտավոր եմ նկարել։ Ես չէի ուզենա նկարել այն զինվորին, որ պլաստմասսե ափսեով հաց է ուտում, բայց նկարել եմ, որովհետեւ դա բերեց նրան, որ որոշ բարեգործներ մեզ տվեցին ճիշտ ափսեներ, որ հասցնենք բանակին։ Չէի ուզենա նկարել այն զինվորի բատինկան, որը պրովոդով կապված էր, բայց նկարել եմ։ Ամեն լուսանկարը հրապարակելուց առաջ Էդիկ Բաղդասարյանի հետ շատ ուշադիր նայել ենք՝ օգտագործե՞լ այս լուսանկարը, թե՞ չէ, որպեսզի մեր բանակին՝ իր թերություններով ու առավելություններով հանդերձ, չվնասենք։



Ու այդ 18-20 տարեկան զինվորն ապացուցեց, որ այսօր ինքն իր տեղում է, թող կոպիտ չհնչի, եթե որոշ հրամանատարներ իրենց տեղում չեն, զինվորը հաստատ խրամատում իր տեղում է, եւ դրա շնորհիվ էր, որ կանխվեց Ադրբեջանի կողմից լայնածավալ լուրջ գործողությունը։ Ես գտնում եմ, որ պատերազմի վերջը պետք է լինի ոչ թե այս կարգի, ինչպես որ վերջացրինք, որովհետեւ այսպես վերջանալը մեզ համար բերում է հերթական զոհերի թվաքանակի մեծացմանը։ Կարծում եմ՝ պետք է դիրքային առավելություն ունենալ, ինչը նշանակում է ունենալ մեծ չեզոք գոտի։ Այսօր ես չեմ պատկերացնում Թալիշի բնակչության վերաբնակեցում, իսկ որպեսզի այդ մարդիկ չլինեն կրակահերթի տակ, պետք է ինչ-որ տարածք ազատագրել, որ նրանց վերադարձը հնարավոր լինի։ Ամսի 3-ին Ադրբեջանը խնդրեց զինադադար, որովհետեւ իրեն հարվածեցին, հետո 26-ին էլի փորձեց ինչ-որ բան անել, մեր կողմից տրվեց կրակակետերի ոչնչացման հրաման։ Բայց պետք է առաջ գնալ, այդ կրակակետերի ոչնչացումը խաղաղ վիճակ չի ապահովում։ Մենք անընդհատ ունենալու ենք զոհեր, ամենաքիչը 300 զոհ տարեկան, իսկ դրա լուծումն առաջ գնալն է։ Այս պատերազմում շատ լավ ոգի տվեց նաեւ կամավորականների համախմբումը, որը մենք չէինք սպասում։ Բայց այս կամավորական խմբերի գնալը նաեւ խանգարեց կանոնավոր բանակի աշխատանքին, որովհեւտեւ սա արդեն 88-90 թվականը չէ, որ եկել ես ու կարող ես ինքնագլուխ որոշում կայացնես՝ այս գյուղը գրավե՞ս, թե՞ չգրավես։



Գլխավոր լուսանկարը՝ Գարեգին Աղաբեկյանի



Սլայդ- շոուի լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի