Քաղաքապետարանը հրավիրեց՝ չեկան

Քաղաքապետարանը հրավիրեց՝ չեկան

Երեւանի քաղաքապետարանը երեկ լսումներ էր նախաձեռնել՝ քննարկելու Վերնիսաժի հետ կապված հարցեր։ Մասնավորապես՝ Վերնիսաժում առեւտրի եւ ծառայությունների հետ կապված կանոնակարգումները, թե ինչ տեսակի իրեր պետք է վաճառվեն այստեղ։ Այս քննարկման կարիքը ծագեց այն բանից հետո, երբ մի խումբ կանայք, որոնք Վերնիսաժի տարածքում ասեղնագործ իրեր էին վաճառում, իրենց դժգոհությունը հայտնեցին քաղաքապետարանից, թե ինչու են իրենց «վտարել» Վերնիսաժից, որտեղ իրենք տարիներ շարունակ կանգնել են։ Բանն այն է, որ Վերնիսաժի տարածքում վերջերս սկսված բարեկարգման ու վերակառուցման աշխատանքներին զուգահեռ՝ որոշել են կանոնակարգել տարածքում առեւտրի հարցն ու հնոտիներ, արվեստի հետ կապ չունեցող իրեր, աման-չաման, հին հագուստ ու կենցաղային իրեր վաճառողներին տեղափոխել այլ վայր՝ «Հրազդան» տոնավաճառ, որպեսզի եւ Վերնիսաժն ու հարակից տարածքը բեռնաթափվեն ու ավելի քաղաքակիրթ տեսք ստանան, եւ Վերնիսաժը նմանվի իրական վերնիսաժի՝ մշակութային, արվեստի գործերի տոնավաճառի։ Այս ընթացքում նմանատիպ իրերի վաճառքով զբաղվողների հետ միաժամանակ տարածքից հեռացրել էին նաեւ ասեղնագործ իրեր վաճառող կանանց, որոնք էլ սկսեցին բողոքել, թե իրենք հնոտիներ չեն վաճառում, այլ արվեստի գործեր, իրենց ձեռքի աշխատանքը։



Երեւանի քաղաքապետարանն էլ քննարկում կազմակերպեց այս թեմայով, որից հետո որոշեցին մեկ անգամ եւս հանրային լսումներ կազմակերպել՝ հրավիրելով բոլոր շահագրգիռ անձանց, որպեսզի գան եւ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնեն, որոնք կներառվեն արդեն իսկ մշակվող որոշման նախագծի մեջ եւ սեպտեմբերին կներկայացվեն քաղաքի ավագանու դատին։



Երեկվա հանրային լսումները, սակայն, չկայացան. մինչեւ նախատեսված ժամը՝ 17։00-ն, շահագրգիռ անձանցից որեւէ մեկն այդպես էլ հայտ չներկայացրեց՝ մասնակցելու լսումներին։ Զարմանալիորեն, ներկա չէին նաեւ մի քանի օր առաջ ակտիվորեն բողոքող կանայք։ Լրագրողները «քոռ ու փոշման» հետ դարձան։ Ամեն դեպքում, փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետից՝ Զավեն Առաքելյանից, որը պետք է ընդուներ մասնակիցներին եւ վարեր քննարկումը։



«Ամեն դեպքում, ավագանու որոշման նախագիծը, մինչեւ ավագանու քննարկման ներկայացվելը, դրվել է հանրային քննարկման, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս արձանագրել հարցի կանոնակարգման հետ կապված ցանկացած առաջարկ, ցանկացած դիտարկում, որպեսզի հետագայում որեւէ բաց խնդիր Վերնիսաժի հետ կապված խնդրով չմնա։ Դեռեւս որոշման նախագիծը պետք է ավագանու խմբակցությունների, մշտական հանձնաժողովների կողմից, տեսնենք՝ մինչեւ այդ առաջարկություններ կներկայացվե՞ն, թե՞ ոչ»,-ասաց Զ. Առաքելյանը։ Իսկ քաղաքապետարանը, այդուհանդերձ, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, որոշման նախագծում ի՞նչ լուծում է առաջարկում։ Առաքելյանն ասաց. «Ընդհանրապես, քաղաքապետարանը որ այս նախաձեռնությունն սկսեց, խնդիրը նրա մեջ էր, որ բոլոր այն ավանդույթները եւ այն գործունեությունը, որ այսքան ժամանակ իրականացվել են տնտեսվարող սուբյեկտների, ստեղծագործողների, արվեստագետների կողմից եւ այլն, առավել ներգրավվածություն այնտեղ կատարվի եւ, ըստ էության, նաեւ պահպանվի Վերնիսաժի՝ որպես ավանդական դարձած առեւտրային կենտրոնի, լիարժեք առեւտրային գործունեության իրականացումը։ Որոշման նախագիծը միտված է կանոնակարգելու այնտեղ վաճառվող ապրանքի տեսականին, սահմանվելու է ապրանքների ցանկը»։



Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ հավելեց, որ ասսեղնագործ իրար վաճառող կանանց, որոնք հիմնական բողոք ներկայացնողներն էին, առաջարկվել են այլ տեղեր՝ Վերնիսաժի 12 մուտքերի մոտ, ամենաերեւացող մասերում։ Իսկ համաձայնել են, թե ոչ, Գեւորգյանն ասաց, որ դեռ տեղյակ չէ, գիտի, որ նրանք խնդիր են բարձրացրել նաեւ տարածքի վարձավճարների հետ կապված։



Նշենք, որ դժգոհություններ կան, որ վարձակալող ընկերությունը, որը պատկանում է Հարություն Նավասարդյանին, բարձրացրել է տարածքի վարձերը։ Ա. Գեւորգյանն ասաց, որ իրենք այս հարցում օրենքով իրավունք չունեն միջամտելու, դա վարձակալող ընկերության եւ ենթավարձակալի՝ այդ տարածքում առեւտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտի միջեւ առկա առեւտրային հարաբերություններն են։ Ի դեպ, Վերնիսաժի տարածքի բարեկարգման աշխատանքները նույնպես վարձակալող ընկերությունն է իրականացնում՝ իր միջոցներով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ