ՀՀԿ-ի քաղած միակ դասը՝ զենքով հարցեր լուծել չի կարելի (հարցազրույց)

ՀՀԿ-ի քաղած միակ դասը՝ զենքով հարցեր լուծել չի կարելի (հարցազրույց)

Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստի ընթացքում կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր արտասահմանյան այցերի արդյունքները, այդ թվում՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի և Բրազիլիա կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Նաև քննարկել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուների մասնակցության հարցը։



Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց Էդուարդ Շարմազանովին։ Նախ հիշեցրեց, որ հակառակ Սերժ Սարգսյանի հորդորներին՝ լրագրողները չեն մոռացել Սարի թաղում իրենց հանդեպ կատարվածը իշխանությունների կողմից։



-Պարո՛ն Շարմազանով, Սերժ Սարգսյանն այս նիստում անդրադարձե՞լ է այս հարցին և շարունակու՞մ է հետամուտ լինել, որ մեղավորները հայտնաբերվեն և պատժվեն։



-Նախ նշեմ, որ պետք է բարձր գնահատել հանրապետության նախագահի այդ քայլը, որ նա ներողամտություն է հայցել լրագրողներից։ Դա շատ կարևոր փաստ է։ Ինչ վերաբերում է օրենքը խախտողներին, ապա նրանք պետք է պատժվեն, այստեղ իշխանության կարծիքը հստակ է։



-Սերժ Սարգսյանն իր ելույթում, նաև դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ, պարբերաբար ասում էիք, որ պետք է դասեր քաղեք ՊՊԾ գնդի գրավման այդ իրադարձություններից։ Կասե՞ք՝ ինչ դասեր եք քաղել այս ընթացքում։



-Հիմնական դասն այն է, որ մեր երկրում որքան էլ խնդիրները շատ լինեն, դրանք պետք է լուծվեն բացառապես օրինականության ճանապարհով։ Զենքով օրինականություն չի կարող լինել։ Ում դուրը գա, ում դուրը չգա, ցանկացած դեպքում զենքով հարցեր լուծելը, ոստիկանների սպանությունն ուղիղ կրակոց է տվյալ երկրի հասարակությանը, տվյալ երկրի պետական ինստիտուտներին ու պետությանը։



-Դա ձեր քաղած դա՞սն է, թե՞ Ձեր կարծիքը։



-Դա մենք բոլորս պետք է դասեր քաղենք, որ չվախենանք ճշմարտությունն ասելուց, այդ թվում՝ քննադատելիս։ Ինչքան էլ այդ ճշմարտությունը հաճելի չլինի, մենք պետք է մի բան գիտակցենք, որ ժողովրդավարական երկրում զենքով հարցեր լուծելը պետք է լինի մերժելի։ Կան ընտրություններ, պետք է մասնակցել ընտրություններին։



-Կներեք, բայց այս ամենը Դուք ասում էիք դեռ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, մինչև դասեր քաղելու մասին հայտարարելը։ Ես խոսում եմ այս ամենից հետո դասեր քաղելու, պատճառները վերլուծելու մասին։ Այսինքն՝ այս ամբողջ իրադարձություններից հետո Դուք նորից նու՞յնն եք կրկնում, որևէ փոփոխություն չկա՞ այս իմաստով։



-Իմ կարծիքը հետևյալն է. բոլոր խնդիրները բոլոր նորմալ երկրներում պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, ընտրությունների միջոցով։ Եվ ինչ էլ լինի պատճառը, զենքով հարցեր լուծելը ճշմարիտ ճանապարհ չէ, դա մերժելի է։ Եթե Միացյալ Նահանգներում 20-30 հոգի մտնեին ու Վաշինգտոնում ինչ-որ մի գունդ գրավեին, ի՞նչ կլիներ։ Ես կարծում եմ՝ ԱՄՆ իշխանությունները հաստատ երկու շաբաթ չէին սպասի։ Եվ հիմնական դասը, որ պետք է ասեմ, նա էր, որ իշխանությունը չգնաց սրման ճանապարհով, այլ գնաց համերաշխության և հանդուրժողականության ճանապարհով։ Իհարկե, կա դժգոհություն, հիմա դու կարող ես ինձանից դժգոհ լինել, բայց դա քեզ իրավունք չի տալիս, որ ես էստեղից դուրս գամ, դու հետևից փետով իմ գլխին տալ։



-Դրանից գուցե ես հետո դաս քաղեմ, որ պետք չէ փայտով մարդու գլխին տալ, կամ «Սասնա ծռերն» ու նրանք քաղեն դասեր, ովքեր մտադիր են զենքով հարց լուծել, բայց իմ հարցը լրիվ այլ է։ ՀՀԿ-ն պատճառները վերլուծե՞լ է, թե ինչու մի խումբ մարդիկ որոշեցին զենքով հարց լուծել, ինչու՞ այդպիսի կրիտիկական իրավիճակ ստեղծվեց Հայաստանում, ինչու՞ այդքան քննադատեցին ձեզ, և այդ ամենից դուք դասեր քաղեցի՞ք։



-Ասեմ, ու սրանով ավարտենք։ Սա իմ մասնավոր կարծիքն է, ուստի սլաքներն ուղղեք միայն իմ վրա, պետք չի կուսակցության վրա ուղղել։ Ինչ էլ լինեն պատճառները, զենքով հարցեր լուծելն անընդունելի է։ Չի կարելի երկրում զենքով հարցեր լուծել։ Եթե մենք զենքով որևէ հարցի լուծման փորձ արդարացրինք, վաղը մենք կկանգնենք շատ ավելի մեծ արհավիրքի առաջ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ