Ամրակից համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Ամրակից համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղակայվել է 54 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1,900 մ ընդանուր երկարությամբ: 



Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարարյանը եւ համայնքի բնակիչները:



Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-00:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-23:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:



«Աշխարհի առաջադեմ երկրների օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լուծումների մշակումն ու կիրառումը: Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը եւ սպառողական ապրելակերպի մերժումը մարդու, ազգի, երկրի ինքնագիտակցության մակարդակի լավագույն ցուցիչներն են: Ֆինանսական խնայողության հնարավորություն ընձեռելուց բացի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարեւոր քայլ է դեպի ավելի պատասխանատու եւ բարեկիրթ ապրելակերպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը եւ համայնքային զարգացմանը: