Եթե դավաճանների հետ կազմվել է իշխանություն, պետք է դրա մասին իմանան բոլորը

Եթե դավաճանների հետ կազմվել է իշխանություն, պետք է դրա մասին իմանան բոլորը

Վանաձորի ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Քրիստ Մարուքյանը երեկ ՖԲ իր էջում հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի առաջիկա նիստերը՝ դրանով թույլ չտալով 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որեւէ որոշում կայացնել։



Նշենք, որ Քրիստ Մարուքյանը պոտենցիալ հնարավորություն ուներ դառնալու քաղաքապետ, բայց այնպես ստացվեց, որ ԼՀԿ-ԲՀԿ-ՀՎԿ համաձայնագիրը խախտեցին չորս հոգի, արդյունքում Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեցին 19 հոգի, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեին ընդամենը 15 մանդատ, իսկ ընդդիմադիր երեք ուժերը միասին՝ 18։ Հիմա Վանաձորում փնտրում են այդ չորս դավաճաններին ու հույս ունեն բոյկոտի միջոցով հայտնաբերել նրանց։



Անշուշտ, Վանաձորի քաղաքապետին փոխելու շանսերը դեռ լրիվ չեն սպառվել։ Նրանք կարող են անվստահություն հայտնել ու համայնքի ղեկավարի պաշտոնանկության առաջարկությունը ներկայացնել ավագանու նիստին եւ 18 հոգով կողմ քվեարկելով՝ անցկացնել որոշումը։ Իհարկե, եթե այդ չորս դավաճաններն ընդդիմության պլանները դարձյալ չձախողեն։ Բայց ՏԻՄ օրենքի համաձայն՝ նրանք քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթաց կարող են սկսել մեկ տարուց ոչ շուտ։



Մինչ այդ հնարավորություն ունեն բոյկոտի միջոցով տապալել ավագանու նիստերը, եւ, մասնավորապես, եթե ավագանու անդամների կեսից ավելին ներկա չգտնվի նիստին ու կողմ չքվեարկի, չեն հաստատվի քաղաքի զարգացման հնգամյա պլանն ու բյուջեն։ Եվ սա լուրջ խնդիրներ կառաջացնի նորընտիր ՀՀԿ-ական քաղաքապետի համար։ Թեպետ այստեղ էլ կարող են չորս դավաճանները գլուխ բարձրացնել ու իրենց օգնությունն առաջարկել Մամիկոն Ասլանյանին։ Հենց սրա վրա էլ հույսները դրել են «լուսավորներն» ու մյուսները, որ այս տարբերակով գուցե բացահայտեն իրենց միջի դավաճաններին։
«Հիմա բոլորին է հետաքրքիր՝ այդ չորս հոգին ովքեր են, դրանով այդ բացահայտումը կարվի, մենք պետք է հասկանանք, թե ում հետ ենք ճանապարհ գնում։ Եվ հետագայում արդեն, ինչպես մեր ընտրարշավի ընթացքում ասել էինք, մեզ համար ընդունելի է նաեւ երկրորդ սցենարը՝ աշխատել որպես ընդդիմադիր խմբակցություն, մենք արդեն դրանից հետո կաշխատենք որպես վերահսկող ընդդիմադիր խմբակցություն, որն ամենօրյա ռեժիմով խոշորացույցի տակ կպահի իշխանավորների գործողությունները»,-մեզ հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը։



Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ իրենց բոյկոտը ոչ թե ՀՀԿ-ական քաղաքապետի դեմ է ուղղված, այլ այդ չորս հոգու բացահայտման համար է արվում, պարոն Մարուքյանն ասաց. «Դե, առաջնահերթ՝ դա, հետո էլ՝ մյուս հարցերը, բնականաբար։ Բոյկոտն իր նպատակն ունի, իսկ դրանից հետո որպես ընդդիմադիր խմբակցություն աշխատելն էլ՝ իր նպատակը»։



- Ըստ Ձեզ՝ արժե՞, արդյոք, ձեր ներքին խնդիրները լուծելու համար բոյկոտել ավագանու նիստերը։



- Մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Հիմա մենք բոյկոտելով՝ փորձում ենք պարզել, հասկանալ եւ հասկացնել, թե ում միջոցով ենք հանձնել այդ իշխանությունը։ Եթե դավաճանների հետ կազմվել է իշխանություն, պետք է դրա մասին իմանան բոլորը։ Հիմա այդ կազմված իշխանությունը հետագայում ինչպես է քայլեր անելու, ինչ աշխատանքներ է տանելու, ինչպես է աշխատելու, դա արդեն ընթացքը ցույց կտա։



- Այս բոյկոտին մյուս երկու ուժերը նո՞ւյնպես միացել են՝ ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը»։



- Մենք կուսակցական մակարդակով համաձայնեցրել ենք մեր քայլերը։



- Իսկ դուք այդ չորս հոգու վերաբերյալ կասկածներ ունե՞ք, թե ովքեր կարող են լինել, եւ ձեր շարքերում, ձեր տասը հոգու մեջ փորձե՞լ եք փնտրել նրանց, ի՞նչ արդյունք է եղել։



- Կասկածներ կամ ենթադրություններ կան, բայց դրա մասին պետք չէ հիմա խոսել։ Ամեն տեղ էլ փորձել ենք։ Արդյունքը կերեւա առաջիկա նիստերի ընթացքում։



- ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» կտրականապես հերքեցին, թե այդ չորս հոգին իրենց միջից են, ասացին՝ ապացույցներ ունենք, ստացվում է՝ ձեր վրա են ուղղվում սլաքները։



- Ոչինչ, երեւի թե խնդիրը հենց դրա մեջ է եղել, որ մեր ներսում առաջացնեն խժդժոցներ, անվստահություն, բայց դա նրանց չի հաջողվի։



- Եթե անգամ պարզվի, որ այդ չորսից թեկուզ մեկը ձեր կուսակցությունից է, ձեր ավագանու 10 անդամներից, Դուք ինչպե՞ս կվերաբերվեք այդ փաստին։



- Երբ որ կպարզվի, այդ ժամանակ կպեղենք, Դուք էլ կտեսնեք, բոլորն էլ կտեսնեն։



- Ի՞նչ դասեր քաղեցիք այս ամենից,քանզի Վանաձորում հասարակությունն ընդդիմության հետ մեծ հույսեր էր կապում, եւ հիմա, փաստորեն, նման իրավիճակ...



- Իհարկե, մեծ հույսեր էր կապում, մենք ստեղծեցինք հնարավորություն, այլընտրանք ստեղծեցինք, եւ եղավ ընտրության հնարավորություն։ Մարդիկ ընտրեցին այն, ինչ որ ընտրեցին։ Հիմա մենք արդյունքների հետ պետք է հաշվի նստենք եւ աշխատենք իրողությունների հետ, հետեւաբար, որեւէ կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել, այսինքն՝ սպասելի էր նաեւ այս իրավիճակը, եւ մենք դրան էլ ենք պատրաստ եղել։



- Այդ չորս դավաճանների առկայությունը, անկախ նրանից, թե որ կուսակցությունից են նրանք, որեւէ կերպ կստվերի՞ ձեր ուժի հեղինակությունը, կազդի՞ ԼՀԿ-ի վարկանիշի վրա։



- Չեմ կարող ասել, արդեն կան որոշակի ազդեցություններ, որոշակի հետեւանքներ, հիմա թե ինչքանով դա կազդի հետագա գործունեության վրա, ընթացքը ցույց կտա։



- Եթե, ամեն դեպքում, Մամիկոն Ասլանյանը քիչ թե շատ գոհացնի իր աշխատանքով, Դուք նորմալ կհամագործակցե՞ք նրա հետ։



- Հենց սկիզբը, եթե սխալ չդրվեր, շատ ավելի ճիշտ կլիներ, որովհետեւ հենց ավագանու նիստում այդ չորս հոգին կարող էին բացահայտ ասել, որ մենք միանում ենք ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, ու դա շատ ավելի հարգանքի արժանի կլիներ բոլորի կողմից, քան նման վարվեցողությունը։ Որովհետեւ այդ քայլով իրենք կարճաժամկետ խնդիր լուծեցին՝ մոռանալով, որ հետագա նիստերի ընթացքում եւս այդ մարդկանց աջակցության կարիքն են ունենալու։ Այսինքն՝ դա հնարավոր չէր գաղտնի պահել։ Հետեւաբար, եթե ի սկզբանե նման կերպ ձեւավորվեր, մենք կշնորհավորեինք միմյանց եւ կսկսեինք աշխատել հանուն Վանաձորի։ Բայց Հանրապետականը քանի որ իր դեմքը չի փոխում, մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։



- Քանի որ ավագանու կազմում Դուք եք երկրորդ տեղում, հնարավո՞ր է Ձեզ առաջարկվի քաղաքապետի տեղակալի պաշտոն եւ եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։



- Չեմ կարող ասել, նման քննարկում չի եղել։ Բայց չէ, չեմ կարծում, ոչ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ