Ջավախքից վերադարձող մեքենաներն արգելափակվել են Ղուկասյանի տարածքում

Ջավախքից վերադարձող մեքենաներն արգելափակվել են Ղուկասյանի տարածքում

Այս պահին առատ ձյան ու բքի պատճառով մոտ երկու տասնյակ ավտոմեքենաներ են արգելափակվել Շիրակի մարզի Ղուկասյանի հատվածում, մասնավորապես՝ Վարդաբլուր համայնքի մոտակայքում։ Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ին հայտնեցին Վրաստանից վերադարձող վարորդներից մեկն ու ուղևորները։ Նրանց խոսքով՝ իրենք տևական ժամանակ է՝ արգելափակված են այդ տարածքում, մոտ 15-20 մեքենաներ կան, մի մեքենա էլ՝ Ford Transit մակնիշի, դուրս է եկել ճանապարհից։ Մեր զրուցակիցն ասաց, որ մինչ այժմ որևէ օգնական ուժ չի մոտեցել իրենց, ԱԻՆ-ի հետ էլ չեն կարողանում կապ հաստատել։ Մեքենաների հիմնական մասը Վրաստանից, մասնավորապես՝ Ջավախքից վերադարձողներ են։ Մեզ ասացին, որ Վրաստանի տարածքում անցանելի էին ճանապարհները։



Զանգահարեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծի հեռախոսահամարով (911): Այստեղից մեզ ասացին, որ փակ ճանապարհների վերաբերյալ բոլոր զանգերն իրենք գրանցել են և փոխանցել համապատասխան Ճանշիններին, որ զբաղվեն։ «Բոլոր նման ահազանգեչրը սպասրկվում է մեր կողմից, մարզի ճանշինին տեղեկացված է, տվյալ հատվածում հիմա տեխնիկա է աշխատում՝ ըստ մեր տեղեկության։ Աշխատանքներ տանելով մոտենում են բոլոր հատվածներին, որտեղ որ արգելափակված մեքենաներ ունենք»,-ասացին մեզ ԱԻՆ-ից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ