Էջմիածնի ռոմանտիկ քաղաքապետը․ «Կուզեմ, որ սիրո թևերը միշտ թևածեն» (տեսանյութ)

Էջմիածնի ռոմանտիկ քաղաքապետը․ «Կուզեմ, որ սիրո թևերը միշտ թևածեն» (տեսանյութ)

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այսօր Երևանում մասնակցում էր մեր գործընկեր, գրող ու լրագրող Լուսինե Ղազարյանի հերթական գրքի շնորհանդեսին։ Գիրքը կոչվում է «Սեր թևերս»։ Կարեն Գրիգորյանը՝ որպես պատվավոր հյուր, մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ Լուսինե Ղազարյանի և նրա գրքի վերաբերյալ։ Պարզվում է՝ ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հեռու չէ պոեզիայից ու անգամ ռոմանտիկայից։ Նա շատ ռոմանտիկ և պոետիկ զեղումներով ելույթ ունեցավ։ Խոսելով գրքի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ «մեր երկիրը ֆինանսների կարիք չունի, այլ սիրո կարիք ունի»։ Հետաքրքիր է՝ որտեղից է այս եզրակացությանը եկել ֆինանսական ծանր վիճակում գտնվող երկրի քաղաքներից մեկի քաղաքապետը, բայց որ նա սիրո մեծ ջատագով է, իհարկե, գովելի է։



Ցավոք, հակառակ այս ամենին, մամուլը պարբերաբար գրում է Էջմիածնում Գրիգորյանների կողմից ձևավորված ոչ սիրառատ բարքերի, իրենց մասնակցությամբ տարբեր աղմկահարույց պատմությունների մասին, որոնք առանձնապես սիրո դրսևորումներով աչքի չեն ընկնում։ Բայց էլի լավ է, որ գոնե Էջմիածնի հայտնի Գրիգորյաններից Կարենը առավելապես սիրո կողմնակից է, մոտ է պոեզիային, կարդում է և, կարծես թե, լավ ճաշակ ունի դիզայնի հարցում։ Օրինակ՝ Էջմիածնի այս տարվա տոնածառի դիզայնի հեղինակը, ասում են, հենց նա է։ Ի դեպ, Թբիլիսիի գլխավոր տոնածառն էլ էր այս տարի Էջմիածնի տոնածառի նմանությամբ։



Մանրամասները՝ տեսանյութում․



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ