Հովիկ Աբրահամյանը պարտավոր չէ ներկայանալ վաղվա նիստին

Հովիկ Աբրահամյանը պարտավոր չէ ներկայանալ վաղվա նիստին

Հովիկ Աբրահամյանը երեկ խոստացել էր, որ այսօր հայտարարությամբ հանդես կգա և կմեկնաբանի ՀՀԿ-ից դուրս գալու իր ցանկությունը։ Բայց մինչև հիմա դեռ որևէ հայտարարություն չկա նրա կողմից։ Ի դեպ, նա մինչև այս պահը դեռ դիմում էլ չի ներկայացրել ՀՀԿ գրասենյակ։



ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանից մինչև այս պահը դեռ որևէ դիմում չեն ստացել։ Հարցին, թե այսօր խոսե՞լ է Աբրահամյանի հետ, Թադևոսյանն ասաց, որ երեկ խոսել է, այսօր՝ ոչ։



Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում, քանի դեռ նոր փոխնախագահներ չեն ընտրվել։ Թեպետ՝ ԳՄ նոր կազմը ընտրվել է ՀՀԿ 16-րդ համագումարում, որտեղ ընդգրկվել է նաև Հովիկ Աբրահամյանը, բայց փոխնախագահների ընտրության հարցը դեռ ձգձգվում է։ 



Նկատենք, որ վաղը տեղի են ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը։ Թադևոսյանից ճշտեցինք՝ ՀՀԿ կանոնադրությամբ Հովիկ Աբրահամյանը պարտավո՞ր է ներկայանալ նիստին և կուսակցականների առաջ ներկայացնել իր հեռանալու պատճառները։ «Պարտավոր չէ, կարող է ուղղակի նամակով կամ ինչ-որ մեկի հետ կամ անձամբ դա փոխանցել»,-ասաց պարոն Թադևոսյանը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ