Ֆինանսական չարաշահումների մասին ՊՈԱԿ-ի տնօրենը լռում է

Ֆինանսական չարաշահումների մասին ՊՈԱԿ-ի տնօրենը լռում է

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտի եւ տնօրեն Վլադիմիր Պողոսյանի՝ աշխատանքից ազատման հարցի առնչությամբ նախարար Արմեն Ամիրյանը դեռ տարեվերջյան իր ասուլիսի ընթացքում տեղեկացրել էր, որ ՊՈԱԿ-ում իրականացվող աուդիտն ավարտվել է, եզրակացությունը կա, եւ արժե, որ ինքը տնօրենի ազատման հրամանը տա, քանի որ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պողոսյանի ազատման հրամանը չէր տրվում, քանի որ նա առողջական խնդիրներ ուներ եւ բուժում էր ստանում։ Բայց օրերս արդեն պարզ դարձավ, որ Պողոսյանն ինքն է ազատման դիմում գրել ու հեռացել։



Նշենք, որ դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում Պողոսյանը նշել էր, որ նախարարության իրականացրած ֆինանսական աուդիտի հետ կապված՝ իրենց առարկություններն են ուղարկել նախարարություն, որի պատասխանը մինչ օրս դեռ չեն ստացել։ Այն, որ առարկություններ են ներկայացրել, նշանակում է շատ բաների հետ համաձայն չեն, ինչի՞ մասին է խոսքը։ «Մենք մեր պարզաբանումները ներկայացրել ենք, մնացածի մասին չեմ կարող ասել, դա արդեն նախարարության ներքին աուդիտի խնդիրներ են»,-ասաց նա։



Թե ինչով է պայմանավորված աշխատանքից ազատման իր դիմումը, արդեն նախկին տնօրենը նշեց, որ շուրջ 2 ամիս աշխատանքի չէր ներկայանում, բուժումներ էր ստանում, եւ ժամկետը չէր կարելի այդքան ձգել. «Իմ մասնակցությունը շատ էր թերի, ստիպված ազատման դիմում եմ գրել»։ Այդուհանդերձ, որքանո՞վ էր կապված իր որոշումն աուդիտի արդյունքների հետ, քանի որ ֆինանսական չարաշահումների մասին է խոսք գնում, Վլադիմիր Պողոսյանը միայն իր առողջական խնդիրները մատնանշեց՝ խորհուրդ տալով բոլոր հարցերը նախարարությանը հղել։