Դա հենց այն վարչական ռեսուրսն է, որ բացահայտ օգտագործում է Հանրապետականը

Դա հենց այն վարչական ռեսուրսն է, որ բացահայտ օգտագործում է Հանրապետականը

Մտավորականների խորհրդի անդամ, գրականագետ Ազատ Եղիազարյանը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մեզ հետ զրույցում նկատում է, որ իրենց խորհուրդը պաշտոնական դիրքորոշում չունի այս ընտրություններում որեւէ քաղաքական ուժի սատարելու հարցում։ Պատճառն այն է, որ Հայաստանում այդպիսի ուժեղ կուսակցություններ չկան. «Միայն կոմունիստներն են, որոնք կարծես թե շատ ուժեղ չեն այս ընտրական մրցավազքում։ Բացի կոմունիստներից, մնացած բոլորն անվերջ կրկնում են նույն բանը, բայց ոչ մի էական նորություն ես չեմ տեսնում կուսակցությունների պահվածքում, թե իրապես ով ինչ է ուզում, ինչ հեռանկար է խոստանում։ Այդպիսի բան չկա, բոլորն ասում են՝ արդարություն կլինի, աշխատավարձը կբարձրացնենք, այնպես որ, որեւէ կուսակցության նկատմամբ առանձնակի վստահություն չկա։ Միակ նոր բանն ինձ համար Կարեն Կարապետյանի ելույթներն են, ով նոր է ընդունվել Հանրապետական կուսակցության շարքերն ու գնում է ընտրական կամպանիայի առջեւից։ Բայց դա Կարեն Կարապետյանն է, եւ դրա մեջ ես չեմ տեսնում ՀՀԿ-ի դիրքավորումը։ Ես շատերի պես հակված եմ նրան, որ լավ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը մնար որպես վարչապետ։ Իմ եւ մեր մտավորականների խորհրդի ընկերների դիրքորոշումը սա է այս ընտրություններում։ Ամեն դեպքում, վարչապետի որոշ քայլեր ինձ հույս ներշնչում են, բայց շատ բան կախված կլինի քաղաքական ընդհանուր մթնոլորտից, որը կհաստատվի ընտրություններից հետո»։



Գրականագետը շատ լավ է վերաբերվում այն փաստին, որ Սփյուռքից դիտորդներ են գալու՝ ընտրական պրոցեսը վերահսկելու համար. «Եվ Սերժ Թանկյանը, եւ Արսինե Խանջյանը տարբեր առիթներով ցույց են տվել, որ իսկապես շահագրգիռ են Հայաստանի նկատմամբ, ուզում են, որ ամեն ինչ լավ լինի, եւ նրանց դիտորդությունից ես միայն օգուտ եմ տեսնում, չեմ կարծում, թե որեւէ մեկը կփորձի նրանց խանգարել, եթե խանգարեն, շատ վատ կանեն»։



Ինչ վերաբերում է այն դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին, ովքեր ՀՀԿ-ի համար ցուցակներ էին հավաքել, Եղիազարյանը կարծում է, որ դա շատ վատ է. «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը՝ կարծեմ Հերմինե Նաղդալյանը, ասել էր, թե բոլոր կուսակցություններն էլ այսպիսի բաներ են անում, ցուցակագրում են, կազմակերպչական աշխատանքներ անում, բայց բոլոր կուսակցությունները, նախեւառաջ, չունեն այդ հնարավորությունը՝ զանգելու դպրոցների տնօրեններին, մանկապարտեզների վարիչներին ու այդպիսի ցուցակներ պահանջելու։ Դա հենց այն վարչական ռեսուրսն է, որ այդպես բացահայտ օգտագործում է Հանրապետականը։ Ես շատ ափսոսում եմ, որ վերջին օրերին նորից այդ բանն սկսեց բացվել, պետական ռեսուրսները բացահայտ ներխուժում են ընտրական պայքարի մեջ»։
Առաջիկա ընտրություններում Ազատ Եղիազարյանը հստակ մի բան կարող է կանխատեսել՝ այդուհանդերձ, ինչ-որ բան Հայաստանում փոխվում է. «Ես դա չեմ կապում ընտրական համակարգի փոխվելու հետ, պարզապես մենք հասել ենք այնպիսի մի կետի, որտեղ անպայման անհրաժեշտ են փոփոխություններ, դա միանգամից կլինի, թե աստիճանաբար, ամեն դեպքում, դրա անհրաժեշտությունը կա, եւ կարծում եմ՝ ինչ-որ բաներ մենք կտեսնենք ընտրություններից հետո։ Թե դա ում կամ որ կուսակցության շնորհիվ կլինի, դժվարանում եմ որեւէ մեկի հետ կապել»։



Արձակագիր Գուրգեն Խանջյանն իր խոսքում ընդգծում է՝ չես կարող չհետեւել ընտրություններին, քանի որ այս երկրի քաղաքացին ես. «Պետք է ասեմ, որ, համեմատած նախորդ ընտրությունների հետ, շատ ավելի քաղաքակիրթ տեսակ է, ավելի լավ են ներկայացված բոլոր ուժերը, բայց թե իրենք՝ ուժերը, որքանով են լուրջ ծրագրեր ներկայացնում, դա արդեն այլ խնդիր է։ Հետո՝ ես «դաշինք» հասկացությանը չեմ կարողանում ոչ մի կերպ լուրջ վերաբերվել, որովհետեւ լրիվ տարբեր գաղափարների տեր մարդիկ հանկարծ միավորվում են, ու իրենց միակ նպատակը դառնում է իշխանություն գցելը, բայց մի՞թե դա է մեր նպատակը։ Իշխանափոխությունը, իհարկե, կարող է նպատակ լինել, բայց հիմնական նպատակը երկրի վիճակը լավացնելն է, այդ ամենը մի կողմ է դրված, իսկ դա այնքան էլ լուրջ չէ։ Դրա համար առանձին կուսակցություններին ես ավելի եմ վստահում, որոնք իսկապես ծրագիր ունեն ու, լավ-վատ, իրենց գծին այն գլխից հավատարիմ են»։



Խանջյանի կարծիքով, ընտրական մոդելի փոփոխությունը մի կողմ դրած, առհասարակ, ընտրությունից ընտրություն պետք է երեւա, թե մեր հասարակությունը, իշխանությունը, կուսակցություններն ինչքանով են հասունացել, ավելի քաղաքակիրթ դարձել. «Ամեն դեպքում, կարելի է ասել, որ գոնե արտաքին երեւացող կողմով կես քայլ առաջ կա։ Իհարկե, մենթալիտետի խնդիրը մնում է, այդ ընդհարումները, ֆեոդալական վիճակը, այս կլանային մեթոդները կան եւ դուրս չեն գալիս հատկապես գյուղական շրջաններում, դրանցից միանգամից չես ազատվի, ժամանակ է պետք դրա համար»։



Ինչ վերաբերում է ադմինիստրատիվ ռեսուրսին, արձակագրի գնահատմամբ, գործող իշխանությունը դա միշտ օգտագործել եւ օգտագործելու է. «Նույնիսկ եթե ինքը չօգտագործի, այդ ռեսուրսի մեջ աշխատող առանձին տարրերը կարող է առանձին իրենց համար օգտագործեն։ Օրինակ, ենթադրենք, ես դպրոցի տնօրեն եմ, գիտեմ, որ եթե այս իշխանությունները փոխվեն, ես չեմ լինելու տնօրեն, առանց իրենց հարցնելու էլ, բնականաբար, ես ամեն ինչ կանեմ, որ դա մնա։ Այսինքն՝ այստեղ կապն այնպես նուրբ գծով է գնում, որ դժվար է մեղադրել, ամեն ինչ պետք է գա նրան, որ իրենք գիտակցեն։ Իհարկե, նաեւ ընդդիմադիր ուժերի, լրագրողների վերահսկողությունը պետք է ավելի հստակ լինի, բայց ես չեմ ուզում, որ դա լինի միակողմանի չարացած գծի վրա, որ ինչ էլ լինի, մեկ է, մենք պետք է վատն ասենք։ Կուզեի, որ օբյեկտիվ լիներ, ոչ այն պատճառով, որ սրան կամ նրան ենք սատարում, այլ, առհասարակ, օբյեկտիվ լինի ամեն ինչ, որովհետեւ աշխարհում էլ տեսնում ենք, թե գնալով լրագրությունն ինչպես է դառնում սրա-նրա ձեռքի խաղալիքը»։



Թե ինչքանով կհաջողվի Սփյուռքից եկած 250-ից ավել անկախ դիտորդներին վերահսկել ընտրական գործընթացները, Գուրգեն Խանջյանի կարծիքով, անկախ դիտորդն ուրիշ է, վերահսկողը՝ ուրիշ. «Եթե ուզում են կողքից նայել, թող գան նայեն եւ իրենց կարծիքը կարող են ասել, բայց վերահսկել... ինձ հատկապես դուր չի գալիս, երբ մեր շատ սիրելի Սփյուռքի գործիչներին երբեմն թվում է, թե մենք այստեղ 2-րդ, 3-րդ սորտի մարդիկ ենք, ու քանի որ իրենք Եվրոպայից են կամ Արեւմուտքի ինչ-որ երկրից, կարող են ինչ-որ բան վերահսկել։ Ես ասեմ, որ շատ պրակտիկ հարցերում, նույնիսկ քաղաքականության մեջ, այստեղի հայը կարող է իրենց շատ բան սովորեցնել, վերջապես՝ մենք պատերազմ ենք տեսել..., եթե վերահսկելու խնդիր կա, լավ կանեն՝ Արեւմուտքի ընտրությունները վերահսկեն․ նայեք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, ինչ կատարվեց Ամերիկայում, նախագահ ընտրեցին ու մինչեւ հիմա տեղյակ չեն՝ իսկապես ընտրե՞լ են, թե՞ չեն ընտրել։ Բայց այդպիսի ընտրություններ անցկացրած երկրներից հանկարծ գալիս են մարդիկ ու կեցվածք են ընդունում, թե մենք ձեզ պետք է վերահսկենք, այլ բան, եթե իրենց հետաքրքիր է, թող գան-նայեն, ասեն։ Ի վերջո, այս երկրի մարդը ճանապարհ է անցել, փորձ էլ ունի, տեսողություն էլ ունի եւ գուցե շատ ավելին, քան իրենք»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ