Այդ հրավառությունն ո՞ւմ դեմ էր՝ ժողովրդի՞, թե՞ թուրքին էին հաղթել

Այդ հրավառությունն ո՞ւմ դեմ էր՝ ժողովրդի՞, թե՞ թուրքին էին հաղթել

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքներն անակնկալի չեն բերել Տիկնիկային թատրոնի գեղղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանին, ավելին՝ նման պատկերն սպասելի էր։ Բաբայանը մեծ փոփոխությունների ցանկությունն այդքան էլ չի կապում ընտրությունների հետ. «Կարծում եմ՝ մի շատ կարեւոր բան տեղի ունեցավ, հանրությունը միգուցե հնարավորություն ունեցավ սեփական պատկերը սթափ տեսնելու հայելու մեջ, եւ լուրջ պետք է աշխատել այդ ուղղությամբ, նկատի ունեմ հասարակության հետ աշխատանքը, որովհետեւ երկրում տեղի է ունենում ահավոր լյումպենացում, սա օրենք է. լյումպենը երբեւիցե մտահոգված չէ ոչ երկրի, ոչ ժողովրդի, ոչ էլ նույնիսկ սեփական ճակատագրով, նա միշտ լուծում է օրվա, րոպեի հարց։ Եվ երբեիցե պետք չէ շատ ուրախանալ եւ մեծ հույսեր կապել նրա հետ, որ լյումպենը քեզ աջակցում է, որովհետեւ լյումպենն ունի նաեւ հատկություն՝ գնալ-քվեարկել կողմ եւ 2-րդ օրը վերցնել կացին ու կացնահարել նրան, ում կողմ է քվեարկել։ Սա էլ է օրինաչափություն»։ 



Ռուբեն Բաբայանը կարծում է, որ պետք է պարզապես շատ մեծ ուշադրություն դարձնել՝ վերականգնելու կամ ստեղծելու արժեքային համակարգ, հատկապես այն բանից հետո, ինչ լսեցինք ու տեսանք այս ընտրությունների ժամանակ։ «Երբ խորհուրդ էր տրվում գումար վերցնել, բայց գնալ-քվեարկել համաձայն խղճի, այստեղ արդեն հարց է ծագում՝ ի՞նչ խղճի մասին է խոսքը, երբ խորհուրդ է տրվում փող վերցնել։ Այդպես չի լինում, որ խիղճը 5 րոպեն մեկ զարթնում է ու քնում, հետո նորից զարթնում է։ Կարծում եմ՝ եւս մի բան ցույց տվեցին այս ընտրությունները, այն, որ պետք է աշխատել բոլոր դեպքերում, աշխատանքը մշտապես տալիս է արդյունք, եւ պետք է զբաղվել սեփական անձով, սեփական հասարակությունով՝ հույսեր չկապելով արտաքին ուժերի, տեխնիկական հնարքների հետ, որովհետեւ եթե մենք ներսից պատրաստ չենք իրականացնել արդար, ազատ ընտրություններ եւ կատարել քաղաքակիրթ ընտրություն, ապա որեւէ դրսի ուժ չի կարող դա մեզ պարտադրել, մի խոսքով՝ զոռով երջանիկ չեն լինի»,- ասում է նա ու շեշտում, որ մարդիկ, ովքեր ունեն որոշակի հասարակական ազդեցություն, պետք է ավելի ակտիվ լինեն, բացատրական աշխատանք կատարեն եւ սեփական օրինակով ցույց տան, թե քաղաքակիրթ ընտրությունը որն է։



«Հիմա ամենահեշտ ճանապարհը հասարակությանը մեղադրելն է, թե ինչու ես այդպես, բայց եթե նա այդպես է, ուրեմն մեր մեղավորությունն էլ կա։ Եթե հասարակությունը համատարած նայում է հայկական եւ հնդկական սերիալներ, պետք է անի նաեւ համապատասխան ընտրություն, մեկը մյուսի հետ կապված է»,- կարծում է Բաբայանը։



Այդուհանդերձ, փաստն այն է, որ մոտ 771 հազար մարդ ընտրել է ՀՀԿ-ին, հնարավո՞ր է համատարած այդքան ընտրակաշառք բաժանել, ճնշումներ գործադրել։ «Կարծում եմ՝ ոչ, իհարկե, մենք բոլորս գիտենք, փաստեր էլ կան, եղել է ճնշում, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում, փող էլ են բաժանել, այս ամեն ինչը եղել է, բայց դա այդքան մեծ դեր հաստատ չէր խաղա։ Դա գուցե նեղ մտածողության հարց է, մեզ համար քաղաքական ընտրությունից ավելի շատ կարեւոր է մեր բարեկամին, հարազատին, թաղի ընկերոջը կամ ինչ-որ մեկին լավություն անելը։ Սա շատ կարեւոր է, եւ եթե ստեղծվում է համապատասխան արժեքային համակարգ մարդու մոտ, նա արդեն ուրիշ չափանիշներով է առաջնորդվում։ Մենք հաճախ մեր հայացքները դնում ենք մի կողմ ու ասում ենք՝ ծանոթ, լավ մարդ է, ո՞նց կարող ենք մերժել։ Եվս մի բան. մենք շատ քիչ ենք սեփական երջանկությունը կապում սեփական ուժերի հետ, երբ մենք ասում ենք, որ չենք հավատում արդար ընտրությունների, իրականում ասում ենք, որ չենք հավատում ինքներս մեզ, ես այստեղ եմ տեսնում մեծագույն պրոբլեմը, բայց բացարձակապես չեմ հիասթափվում, որովհետեւ սա աշխատանք է, որ պետք է տարվի, ամենահեշտ բանը՝ հրաժարվել այդ աշխատանքից կամ հույսը դնել կացնի վրա, կամ թողնել-գնալ, բայց չզբաղվել կրթական եւ լուսավորչական աշխատանքով»։



Այն, որ ընտրությունը մենք հաճախ ընկալում ենք միայն քվեարկությունը, այդպես չէ, իր խոսքում ասում է Բաբայանը, քվեարկությունը պարզապես մի մասն է եւ գուցե ոչ այնքան կարեւոր մասը. «Ընտրության հնարավորությունն ամենամեծ պարգեւն է, որ տրված է մարդուն, բայց այդ ընտրությունը կատարելու համար դու պետք է պատրաստ լինես, որովհետեւ ընտրությունը կարող է կատարել տերը, ճորտն ընտրություն չի կատարում»։



Բեմադրիչի կարծիքով, միամտություն էր սպասել, որ ընտրություններից հետո ուրիշ Հայաստան ենք ունենալու, դա կունենանք այն ժամանակ, երբ ինքներս դառնանք մի քիչ ուրիշ։ Բաբայանը նկատում է՝ բոլորն ուզում են, որ սկզբունքայնություն դրսեւորեն ուրիշները եւ ոչ ինքը։ Իսկ հաջողությունների են հասել այն երկրները, որոնք համբերատար քարը քարի վրա են դրել. «Հուսահատությունն ամենավատ բանն է, եւ մենք գիտենք, որ շատ շատերը, ովքեր արտագաղթում են, սկսում են հետո խորհուրդներ տալ, դե եկեք այստեղ այդ խորհուրդները տվեք ու իրականացրեք։



Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի գնահատմամբ, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ սպասելի էր։ «Մեր ժողովուրդը քաղաքականացված ժողովուրդ չէ, մեր ժողովուրդը, ցավոք, դարձել է քաղաքականության գերին, մեր երկիրը չունի նաեւ քաղաքական կուլտուրա։ Աստված տա, որ ով էլ անցնի ԱԺ, մեջն ազգային-պետական մտածողություն արթնանա, թեկուզ ամենաանհանդուրժելի մարդը, որովհետեւ մեր ժողովուրդն արժանի չէ նրան, ինչ ունենք, եւ, բացի դա, հույս փափայենք, որ մի օր բանականությունը վերադառնալու է, որովհետեւ մինչ այս, ինչպես երկիրը կառավարել են, կործանարար է եղել, հույս ունենանք, որ բանականությունը կվերադառնա, ու մեր երկիրը նորմալ զարգացման մեջ կընկնի։ Երբ խոսում են, որ Հայաստանից ահռելի գումարներ են գնացել, եւ հիմա ուզում ենք, որ օտարները գան ու այստեղ ներդրում անեն, ինձ համար դա անհասկանալի բան է։ Եթե դու կարող ես քո ընտանիքի եղածը հանել վաճառել դուրս, հետո հարեւանին խնդրել, թե մի հատ մահճակալ բեր, որ երեխաս քնի վրան, դա ինձ համար անհասկանալի է»,- ասում է Շահումյանն ու նշում, որ եթե որեւէ հավատ չունենար, ուրիշների պես կթողներ-կգնար երկրից, բայց միշտ մտածել է, որ իր երկրում պետք է լինի՝ փորձելով նաեւ օգտակար լինել։



«Ես թվաբանության հետ լավ չեմ, բայց գիտեմ, որ մեր երկրում քիչ ժողովուրդ է մնացել, թվեր են գրում, հրապարակում, ես չգիտեմ՝ դրանք իրակա՞ն են, թե՞ չէ։ Իսկ ընտրախախտումներ, ցավոք, միշտ էլ եղել են մեր երկրում։ Ինձ այնքան չի հետաքրքրում քաղաքական արդյունքը, որքան վիրավորում են իմ ժողովրդի բարոյալքման պահերը։ Ես հասկանում եմ, որ շատերն ունեն հացի խնդիր, բայց մարդը կարո՞ղ է այդ աստիճան պատվազրկվել, ես չեմ կարող դա հասկանալ։ Հետո՝ ընտրական տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ փող տան-չտան, դրա հետ դա կապ չունի։ Այդ էլեկտրոնիկան կարող է նույն հաջողությամբ ծառայել նաեւ խախտումներին, մարդու մեջ պետք է մաքրություն լինի, մարդն ինքը բարոյական պետք է լինի, թե չէ ցանկացած տեխնիկա կարելի է փչացնել»։



Անդրադառնալով ապրիլի 2-ի գիշերը քաղաքի տարբեր թաղամասերից հնչած հավառություններին, երբ իշխող կուսակցությունն իր հաղթանակն էր տոնում, Շահումյանը նկատեց՝ այդ հաղթանակն ո՞ւմ դեմ էր՝ ժողովրդի՞. «Մի տեսակ այնպիսի տպավորություն է մինչեւ ընտրությունները, որ կարծես թե բոլոր կուսակցությունները միավորվում են, ժողովրդի դեմ պայքարելու համար, իրենց պայքարը ոչ թե իրար մեջ է, այլ կարծես ժողովրդի դեմ։ Եվ այդ հաղթանակ կոչվածն ո՞ւմ դեմ է՝ թուրքի՞ն են հաղթել, ես դա չեմ կարող հասկանալ։ Ընդհակառակը՝ իրենք այդ օրը պետք է գնային մոմավառության, առանց հրավառության, չոքեին ժողովրդի առաջ եւ շնորհակալ լինեին վստահության համար, եթե այդ վստահությունն իրականում եղել է»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ