Էլի պաշտոն կա՞, որ դեռ չենք տվել Սերժ Սարգսյանին

Էլի պաշտոն կա՞, որ դեռ չենք տվել Սերժ Սարգսյանին

Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնում Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի լրանալուն, բայց նրա համար մի լավ պաշտոն դեռ չենք գտել, որը նա կհամաձայներ զբաղեցնել 2018 թվականից հետո: Ահավասիկ, լրատվամիջոցներն արդեն ԱԱԽ քարտուղարի պաշտոնն են առաջարկում, բայց կհամաձայնի՞ Սերժ Սարգսյանը` լինել ԱԽՔ… Չեմ կարծում: Եվ, առհասարակ, ես Սերժ Սարգսյանի ապագա պաշտոններով շատ անհանգստացած էլ չեմ: Ինչո՞ւ: Նախ` որովհետեւ կյանքիս նպատակը չէ` ամեն գնով մեկ տարի շուտ իմանալ, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու հեռացող նախագահը: Կգա ժամանակը` կիմանամ: Եվ ապա` եթե նա որոշել է չմեկուսանալ, չարտագաղթել, որեւէ պաշտոն զբաղեցնել Հայաստանում, ապա դա արդեն լավ է: Ինչի՞ նման է նրա նախորդների արածը: Մեկը ոտքերը մեկնել՝ գիրք է կարդում, մեկ-մեկ դուրս է գալիս «բալկոն», մի երկու բերան ճառ ասում, էլի մտնում տուն, մյուսն էլ ինքնամոռաց տրվել է բիզնեսի եւ բիզնեսից ազատ ժամերին մեկ, առավելագույնը՝ երկու հարցանի հարցազրույցներ է տալիս` իր գործն ավարտած համարելով: Կարգն այդպես չէ, տղերք, ժողովուրդը ձեզ նախագահ է ընտրել ողջ կյանքի համար: Նախագահի նախկինը, ինչպես ասում են, չի լինում: Այս համեմատության մեջ, անշուշտ, գովելի է Սերժ Սարգսյանի որոշումը` մնալ:



Քաղաքականության մեջ մնալու, քաղաքական որոշումներին մասնակցելու, դերակատար լինելու ցանկության կամ որոշման մեջ վատ բան չկա: Վատն այն է, երբ որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորություններ ունեցող նախագահը մեկ էլ որոշում է կայացնում Սահմանադրությունն այնպես փոխել, որ իր իշխանությունը երկարաձգի: Պաշտոնավարման ժամկետներ են փոխում, 2 անգամից ավելի ընտրվելու մասին օրենք ստորագրում եւ այլն: Սերժ Սարգսյանն այլ բան է արել՝ հանրաքվեով վերացրել է նախագահի պաշտոնը, որ Հայաստանում ոչ ոք չփորձի այսուհետ թագավոր դառնալ: Անուններ չտամ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդպիսիք Հայաստանում քիչ չէին եւ եթե մեկ անգամ դառնային նախագահ, այլեւս չէին հրաժարվելու այդ պաշտոնից:



Հայաստանը 2018 թվականից սկսյալ խորհրդարանական կառավարմամբ երկիր է լինելու, իսկ դա նշանակում է, որ իշխանափոխությունը մեր երկրում միանգամայն իրատեսական է դառնում: Այդ հսկայական փոփոխությունը, քանի դեռ Սերժ Սարգսյանը կլինի նախագահ, մենք այն չափով չենք զգա: Մենք սովորել ենք ամեն ինչում մեղադրել նախագահին, ամեն ինչ նախագահից ենք սպասում, կարճ` նախագահը Հայաստանում պաշտամունքի առարկայի է վերածվել, իսկ նրա ղեկավարած քաղաքական ուժի համար` իսկական աստվածության: Այս ամենը մեզ այլեւս պետք չէ: Կարծում եմ` հենց սա է պատճառը, որ դժվարությամբ ենք ազատվում Սերժ Սարգսյանից: Անընդհատ կրկնում ենք` նա գնացողը չէ, չենք հավատում…



Մեկի 100 տարեկան զոքանչը մահանում է: Սրա կինը հոգեհանգստի ժամանակ ընկնում է դիակի վրա, ձայնը գլուխը գցում` չեմ հավատում, որ չե՛մ հավատում… Մարդը կնոջ թեւից քաշում է մի կողմ` արի, արի, թող հավատացողները մոտենան…
Մենք, այո, շատ դժվար ենք բաժանվում Սերժ Սարգսյանից: Ամեն օր մի պաշտոն ենք առաջարկում, պաշտոն ենք հնարում, որ նա կակղի, երկու ոտքը մի կոշիկից հանի ու չգնա: Եվ նա, ականջալուր այս ամենին, որոշել է չգնալ, այլ մնալ քաղաքականության մեջ եւ մի բան էլ ակտիվ լինել: Կարելի է ասել՝ մեր այսպես «տվայտվելն» արդյունք է տվել: Մի հարց է միայն մնացել բաց` ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը Բ 26-ից դուրս գալուց հետո:



Ինչպես արդեն ասացի, իմ կյանքի նպատակը չէ այդ հարցի պատասխանն այսօր ունենալը: Ես այն մարդկանցից չեմ, որ աշխատող վարչապետին վախեցնեմ, թե մեկ տարուց հետո քեզ գործից հանելու են, որովհետեւ Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետ դառնալ: Եթե պետք լիներ, դա կաներ Սերժ Սարգսյանը, ով գրչի մի հարվածով վարչապետ փոխելու ձեւերը բոլորիցս լավ գիտի: Հետեւաբար` թողնենք մարդն իր վաչապետությունն անի ու չմտածի, թե իրեն հիմա-հիմա հանելու են: Չմոռանանք նաեւ Սերժ Սարգսյանի ոչ մեծ վաղեմության հայտարարությունը, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո ՀՀ վարչապետ եւ նախագահ չի դառնա:



Հիշում եմ, ասում էինք` կա-չկա, Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ նախագահ դառնալ: Մանավանդ՝ Լեւոն Զուրաբյանն էր դա ասում: Բայց դրա համար Սերժ Սարգսյանն ԱԺ ընտրություններում պետք է գլխավորեր ՀՀԿ ցուցակը, ինչը չարեց, որպեսզի նախ խորհրդարան մտներ: Դարձյալ սխալվեցինք: Լավ, ուրիշ ի՞նչ պաշտոն առաջարկենք Սարգսյանին, որ չհեռանա: Ըհը, գտել են` ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Կողքից էլ շիրա են տալիս, թե նոր Սահմանադրությամբ դա շատ բարձր պաշտոն է լինելու, որ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը բավականին մեծ դերակատարում եւ շատ հարցեր որոշելու իրավասություն է ձեռք բերելու, այնպես որ, Սերժ Սարգսյանը հազիվ թե այդ պաշտոնը զիջի Հովիկ Աբրահամյանին: Տեսնում եք, չէ՞, ամեն ինչ անում ենք, որ Սերժ Սարգսյանը չհեռանա: Եվ ճիշտ ենք անում: Ի վերջո նա պետական եւ քաղաքական աշխատանքի հսկայական փորձ ունի, ինչը մեզ հաստատ պետք կգա:



Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ