Նիկոլ Փաշինյանը չի վստահում բոլոր կառույցներին, իսկ ուժայիններից խուսափում է

Նիկոլ Փաշինյանը չի վստահում բոլոր կառույցներին, իսկ ուժայիններից խուսափում է

2018 թվականին Հայաստանում նոր իշխանության հաստատումից ի վեր նկատելի է մի երևույթ, երբ տասնյակ պաշտոնյաներ կամ պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում կամ ամենաառանցքային պաշտոններում՝ թափուր տեղեր են, որոնք ամիսներով չեն համալրվում։
Միայն ամենավերին օղակներում նման բազմաթիվ փաստեր կան այս պահին․ Կոտայքի մարզպետ, Իջևանի քաղաքապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ, ՊՎԾ պետ, պետի տեղակալ, ԵՊՀ եւ եւս 5 բուհերի ռեկտորներ։ Էլ չենք խոսում ստորին օղակների մասին․ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար, Առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ։ Նույն նախարարությունում՝ անձնակազմի կառավարման վարչության պետի Ժ/Պ, Իրավական ապահովման բաժնի պետի  Ժ/Պ, Հանրային առողջության բաժնի ԺՊ, Միջազգային հարաբերությունների վարչության պետի Ժ/Պ, Օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետի՝ Ժ/Պ, Ֆինասնաբյուջետային բաժին՝ Ժ/Պ։ Արդարադատության նախարարություն․ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն՝ Ժ/Պ, Քրեական օրենսդրությն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչություն՝ ԺՊ, Էկոնոմիկայի նախարարությունում՝ Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն, վարչության պետի Ժ/Պ, Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն, վարչության Ժ/Պ, Անձնակազմի կառավարման վարչություն, վարչության պետի Ժ/Պ։ Շրջակա միջավայրի պահպանության վարչություն՝ Գլխավոր քարտուղար՝  թափուր, Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի Ժ/Պ։ ԿԳՄՍ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։ Մի խոսքով այսպես շարունակ՝ կառավարման տարբեր օղակներում ու տարբեր մակարդակներում։

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք տևական ժամանակ Ժ/Պ-ի կարգավիճակում էին ՀՀ ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, մինչև որ Նիկոլ Փաշինյանը նրանց հրամանագրեց եւ մեկ ամիս անց էլ աշխատանքից ազատեց ու նոր նշանակումներ արեց։ «Հրապարակն» այս երևույթի մասին խոսել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։

-Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս կառավարության օրոք այսքան ծաղկել Ժ/Պ-ների ինստիտուտը։ Սա ինչ-որ բանի մասին խոսո՞ւմ է։ 

-Չեմ կարող գնահատել, ասել, որ սա ինչ-որ մի կոնկրետ բանի մասին է վկայում։ Քանի որ նման պաշտոնյաների թիվը շատ մեծ է և դա քրոնիկ բնույթ ունի, ապա կարծում եմ, որ դա Նիկոլ Փաշինյանի կառավարության ոճի, համակարգվածության մասին է խոսում։ 

-Գուցե մեծ տեղաշարժե՞ր են՝ հեղափոխություն է եղել, հները գնում են, նորերը գալիս։

-Երկու տարի՞։ Այնպես չէ, որ հները գնում են, նորերը գալիս են, նորերը գալիս են ու նորերն էլ են գնում։ Եթե միայն հները գնային, միգուցե համաձայնեի։ Բայց քանի որ կան նաև բազմաթիվ թափուր պաշտոններ։ Այս պահին ու որքան ժամանակ է՝ թափուր է Կոտայքի մարզպետի պաշտոնը, Երևանի ճարտարապետի։ Այնպես, որ, նորից եմ ասում, խնդիրը չհամակարգվածության մեջ է։

-Գուցե Ժ/Պ-ն ավելի լա՞վ է աշխատում, քան հիմնական հրաման ունեցողը, որը տեղն արդեն <իրենով> է արել։ Միգուցե սա՞ է։

-Կան նման պնդումներ, բայց չեմ կարծում, որ դա հատուկ է արվում, որովհետև 6 ամիս ոստիկանապետի կամ ԱԱԾ տնօրենի ԺՊ պահելը, հետո նշանակել պաշտոնի և 2 ամիս անց երկուսին էլ հանելը, համաձայնեք, չհամակարգված աշխատանքի հետևանք է, ոչ թե ուզում են, որ ավելի արդյունավետ աշխատեն։ Կա նաև մեկ այլ խնդիր․ ըստ իս՝ այս ոչ համակարգվածությունը գալիս է նաև կադրերի սղությունից, որովհետև Նիկոլ Փաշինյանը 2 տարվա մեջ այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել իր կադրային բանկի հարցում։

-Իսկ ուժայինների՞ դեպքում։ Այստեղ կա նաև նրանց չվստահելու խնդիրը։

-Միայն ուժայինը չէ, ինքը չի վստահում բոլոր կառույցներին։ Իսկ ուժայիններից, կարծում եմ՝ այնուամենայնիվ, նաև վա՞խ կա, թե՝ ինչ։ Ինքը խուսափում է ուժայիններից, որովհետև սա ընդհանրապես իրենը չի, ինքը սա չգիտի, չի ճանաչում։ Սա իր համար մութ անտառ է։