Արսեն Թորոսյանը ծանր դրության մեջ է

Արսեն Թորոսյանը ծանր դրության մեջ է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այլեւս քննադատելու իմաստ չկա։ Բարդ դրության մեջ հայտնված մարդկանց խնայել է պետք, իսկ նախարարի վիճակը, անշուշտ, չափազանց ծանր է։

Դեռեւս ամիսներ առաջ ենք գրել, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունը ջախջախիչ պարտություն է կրել, իսկ դրա անմիջական պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Վերջինս բոլորից լավ է հասկանում, որ համավարակի պատճառած վնասներն ու մարդկային կյանքերի կորուստները համեմատաբար ավելի քիչ կլինեին, եթե ինքն ու իր քաղաքական թիմը տեղում լինեին եւ գործեին իրավիճակին համարժեք։ Գիտակցելով այս ամենը՝ Փաշինյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից եւ պարտության ողջ մեղքը բարդել առողջապահության նախարարի վրա։ Այսինքն, Արսեն Թորոսյանը վարչապետի համար զուտ քավության նոխազի կամ էլ բոքսի տանձիկի կարգավիճակ ունի, որին հանուն վարչապետի փրկության շպրտում են քաղցած գազանների երախը։ Սա, պատկերավոր ասած, այն միջավայրն է, որը պահանջում է պատժել վիրուսի դեմ պայքարի ձախողման մեղավորներին։ 

Իհարկե, Արսեն Թորոսյանն ամենեւին էլ սուրբ չէ եւ մշտապես աչքի է ընկել ամբարտավան վարքագծով։ Նա էլ պատասխանատվության ինչ-որ չափաբաժին ունի համավարակի անկասելի տարածման, դրա դեմ պայքարի գործուն եւ օպերատիվ միջոցառումներ չձեռնարկելու համար, բայց ասվածից ամենեւին էլ չի հետեւում, թե ամբողջ մեղքը պետք է բարդվի միայն նրա վրա։
Մոտեցումն այս վարչապետ Փաշինյանի մեթոդաբանության կարեւորագույն բաղադրիչն է, մարդիկ, անգամ իր թիմակիցները, նրա համար զրո արժեք ունեն, եւ նա պատրաստ է փուռը տալ բոլորին, միայն թե իր եւ ընտանիքի հարմարավետությունը չտուժի։ Այսինքն, քաղաքական թիմ, որպես այդպիսին, գոյություն չունի, կան միայն պետքական եւ անպետք մարդիկ, որոնք էլ հերթափոխի տրամաբանությամբ ժամանակավորապես շրջապատում են վարչապետին, իսկ հետո, ժանրի կանոններին համաձայն՝ չեզոքացվում եւ ոչնչացվում են։

Օրինակները բազմաթիվ են՝ ով համագործակցության է գնացել Փաշինյանի հետ, կա՛մ քաղաքական դիակ է դարձել, կա՛մ էլ ամբոխի զոհը։ Ահա, սա է պատճառը, թե ինչու որեւէ լուրջ մասնագետ այլեւս չի ուզում աշխատել Փաշինյանի եւ նրա կառավարության հետ։ Բոլորը հասկանում են, որ հարկավոր պահին նա զոհելու է ցանկացած մեկին՝ ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, որ մնա իշխանության, ամրացնի իր դիրքերը։

Վերջում, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը մենակ է մնալու, իհարկե՝ Աննա Հակոբյանի եւ մեկ էլ, թերեւս՝ Արայիկ Հարությունյանի հետ, մնացյալը կա՛մ ոչնչացվելու է, կա՛մ էլ՝ չեզոքացվելու։

Արման ԶԱՔԱՐՅԱՆ