Բա ինչի՞ էիք բողոքում, որ Սերժ Սարգսյանն ուզում է մնալ

Բա ինչի՞ էիք բողոքում, որ Սերժ Սարգսյանն ուզում է մնալ

Վերջին մեկ ամիսն ուշադիր հետեւում էի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Երեւի կարդացել եմ բոլոր ստատուսները, որոնք գրել են հանրային դեմքերը՝ ի պաշտպանություն Աշոտ Բլեյանի եւ նրա պաշտոնավարման։ Զարմացել եմ, որ, ասենք, լիքը կարեւոր հանրային իրադարձությունների մասին լռություն պահպանած մարդիկ, օրինակ՝ Տիգրան Պասկեւիչյանը, Տիգրան Հակոբյանը, Արայիկ Մանուկյանը, Վահան Արծրունին, Վասակ Դարբինյանը, այդպես վրդովված են, որ կրթության նախարարությունը որոշել է օրենքը պահել եւ 65 տարին լրացած տնօրենին ուղարկել թոշակի կամ այլ աշխատանք է առաջարկում։ Ինչքան հիշում եմ՝ առաջարկվել է կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը։ Բայց եթե անգամ չառաջարկեին էլ, չեմ հասկանում, ի՞նչ վատ բան կա, որ մարդիկ օրենքով են ուզում շարժվել։ Եզակի դեպքերից է՝ երբ օրենքով։ 

Չէ, իհարկե, ես էլ եմ հիացած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով, որը մեր ամենահաջողված հեղինակային դպրոցներից է, որտեղ երեխաներն իրենց լավ են զգում, լիարժեք ու ազատ մարդիկ են մեծանում։ Ճիշտ է՝ գիտելիքների մասով տարբեր կարծիքներ կան, բայց ես միշտ մտածել եմ, որ եթե երեխան ուզում է գիտելիք ստանալ, ձեւը միշտ կգտնի, իսկ, այ, մտքի ու խոսքի ազատություն, համարձակություն եւ քաղաքացիական գիտակցություն սերմանելը հեշտ բան չէ, իսկ դա «Մխիթար Սեբաստացին» անում է։ 

Բայց այս բոլոր մարդիկ, որոնք Աշետ Բլեյանի պաշտոնավարումով են պայմանավորում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գոյությունը, ինձ զարմացնում են։ Այսինքն՝ ի՞նչ․ եթե, Աստված չանի, Բլեյանը մի օր մահկանացուն կնքի, այդ հսկա կրթօջախում չկա՞ մեկը, որը կստանձնի տնօրենի պաշտոնն ու նրա գործը կշարունակի։ Բա էդ մարդը 30 թե 31 տարի տնօրեն աշխատելով գոնե մի հոգի՝ աշակերտ, ժառանգորդ, գաղափարակից չի՞ պատրաստել, որ իր գործը բարեհաջող շարունակեն։ Բա էլ ինչի՞ ենք զարմանում երկրի ղեկավարների վրա, որոնք, ասենք, 10 տարի իշխելուց հետո այդպես էլ մի իրավահաջորդ չեն կարողանում պատրաստել, որ իրենց աթոռը պատվով հանձնեն ու հեռանան, եւ այդ պատրվակով ուզում են էլի մնալ աթոռին, ինչպես արեց Սերժ Սարգսյանը՝ խոստանալով առաջիկայում երիտասարդների պատրաստել։ Բայց չէ՞ որ հենց դրա համար նաեւ ժողովուրդը մերժեց նրան։ Ասաց՝ ժամկետդ լրացել է՝ հեռացիր, մի կառչիր աթոռից, ով կգա՝ թող գա, անգամ՝ փողոցից մեկը։

Հիմա ասում են՝ կրթահամալիրը դիմել է կրթության նախարարին, խնդրել է, որ ՊՈԱԿ-ը՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, փոխարինեն հիմնադրամով, որպեսզի Բլեյանը շարունակի պաշտոնավարել։ Այ մարդիկ, բա էլ ինչի՞ էիք Սերժին մերժում, մեղադրում։ Ի՞նչ տարբերություն 10 տարի պաշտոնավարած նախագահի ու 65-ը լրացած տնօրենի միջեւ։ Երկուսի դեպքում էլ օրենք կա, երկուսի դեպքում էլ մարդիկ ուզում են օրենքի խախտմամբ մնալ ու ղեկավարել։ Իհարկե, հասկանալի է՝ պաշտոնը քաղցր բան է, ոչ ոք կամովին չի ուզում հեռանալ, բայց մի դեպքում Պասկեւիչյանն ու մյուսները, այդ կրթահամալիրի բոլոր ուսուցիչները ոնց որ թե կողմ էին Սերժի գնալուն, իսկ մյուս դեպքում դեմ են Բլեյանի գնալուն։ Տարբերությունը կբացատրե՞ք։

Մենակ խնդրում եմ՝ չասեք, որ սա դպրոց է, Բլեյանի ստեղծած դպրոցը, հեղինակային մանկավարժություն եւ այլն։ Այդ բոլորը հասկանում եմ, բայց նախ՝ օրենքը պետք է աշխատի բոլորի դեպքում, երկրորդը՝ փոխարինող պատրաստելը պակաս կարեւոր գործ չէ, քան հեղինակային մանկավարժություն ստեղծելը (իսկ դա ի՞նչ հեղինակային մանկավարժություն է, որի միակ գաղափարախոսը 65 տարեկան Բլեյանն է՝ այդ դպրոցում քանի՞ ուսուցիչ է աշխատում, նրանց մեջ մի նորմալ, երիտասարդ մարդ չկա՞): Եվ բացի այդ էլ՝ հնարավոր չէ՞ որեւէ այլ պաշտոնում շարունակել հեղինակային մանկավարժությունը կյանքի կոչելը, անպայման պետք է տնօրե՞ն աշխատի Բլեյանը։ 

Ու առհասարակ՝ երկակի ստանդարտներ կիրառելը լավ բան չէ։ Սերժին թողնենք։ Հարյուրավոր լավ ղեկավարներ այս տարիներին հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին՝ տարիքը լրանալու պատճառով։ Ավելին՝ անգամ տարիքը չլրացածներին են այս երկու տարվա մեջ «թոշակի» ուղարկել, ստիպել, որ հեռանան՝ երիտասարդների համար ճանապարհ բացելով։ Ասենք՝ Երեւանի համալսարանի ռեկտորին մի տարի հալածեցին ու ստիպեցին հեռանալ, Արայիկ Մանուկյանն ու Տիգրան Հակոբյանը դա շատ նորմալ էին համարում՝ ձայն չհանեցին, քաղաքացու, մտավորականի խոսք չասացին, թե՝ մարդուն ինչո՞ւ եք հալածում, ո՞վ է զբաղեցնելու այդ աթոռը։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ մեկ տարուց ավելի է՝ ԵՊՀ-ի ռեկտորացու չունեն, եւ համալսարանում անտերություն է հիմա։ Արամ Սիմոնյանը վատ ռեկտոր էր, Աշոտ Բլեյանը՝ լավ տնօրե՞ն․ համաձայն եմ, բայց դրանից օրենքն ու օրինականությունը չեն փոխվում։ Սիմոնյանի դեպքում օրենքը տրորելով իրենց ուզածին հասան, Բլեյանի դեպքում օրենքն ասում է՝ պետք է հեռանա։ 

Այո, գիտենք, որ մեր հասարակությունը շատ ցածր իրավագիտակցություն ունի, բայց ցավալի է, որ նման ցածր իրավագիտակցություն ունի նաեւ մեր մտավորականությունը, եւ իրենց անօրինական պահանջն այնպես են ներկայացնում, որ թվում է՝ հերոսություն են անում։

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ