Գազի ներտնային սպասարկման ցանցը պետական վերահսկողությունից դուրս է

Գազի ներտնային սպասարկման ցանցը պետական վերահսկողությունից դուրս է

Ժամանակին «Գազպրոմ- Արմենիան» իր հսկիչների վրա ներքին կարգով «պլան» էր դնում, պահանջում էր, որ նրանք որոշակի թվով գազի ներտնային խախտումների ու թերությունների արձանագրություններ կազմեն: Դեպքեր են հայտնի, երբ պահանջված արձանագրություններ չբերելու համար աշխատողներին աշխատանքից ազատել են: 

«Գազպրոմ-Արմենիայի» ղեկավար Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո հսկողությունը ներտնային սպասարկում իրականացնող ընկերության՝ «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի նկատմամբ թուլացել է: Նման «պլաններ» էլ չկան, սակայն հակառակ ծայրահեղության հետ գործ ունենք: «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի մասնագետները հազվադեպ են այցելում բաժանորդներին: Թերեւս միայն այն դեպքերում, երբ նրանցից ահազանգեր են ստանում: Սեփական նախաձեռնությամբ նրանք գրեթե չեն այցելում, չնայած նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նշվում է, որ աշխատողները պարտավոր են «իրականացնել շինությունների եւ գազասարքերի տեխնիկական վիճակի զննում, ծխաօդատար ուղիների քարշի ստուգում, գազասարքերի կարգաբերում, ապահովել եւ հսկել գործող նորմատիվային-տեխնիկական ակտերի պահանջները, համապատասխան գազասպառիչ համակարգերի անվտանգ շահագործումը, բնակիչ-բաժանորդների անվտանգության, տեխնիկայի կանոնների հրահանգավորումը եւ այլն, իրականացնել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ»:

Ռայնիսի 1 հասցեում օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունը, որի պատճառը, ըստ նախնական վարկածի, բնական գազի արտահոսքն է եղել, վերջին, բայց ոչ միակ ողբերգությունն էր, որը տեղի ունեցավ թերի հսկողության արդյունքում: Հիշեցնենք․ կա մեկ զոհ՝ 56-ամյա Արթուր Ղազարյանը: 
 Այսպիսի ողբերգություններից ամենասարսափելին 2019 թվականի նոյեմբերի 16-ի դեպքն էր: Նոր Հաճնում շմոլ գազի թունավորումից մահացավ Ժաննա Սիմոնյանը՝ իր 4 թոռներով: Երեխաների հորեղբայրն էր առավոտյան գնացել մոր տուն եւ հայտնաբերել դիակները: Աղջիկները սենյակում են եղել՝ տատիկի հետ գետնին ընկած, իսկ տղաների դիակները՝ լողասենյակում: 

Այս գործն այսօր դատարանում է: Ամբաստանյալի աթոռին «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության փականագործ Ռոստոմ Հայրապետյանն է: Դեպքից 5 ամիս առաջ՝ հունիսին, նա այցելել էր տատիկի տուն՝ Իսահակյան փողոցի 2-րդ շենք, ստուգել նրա գազի համակարգը եւ ոչ մի խախտում չէր արձանագրել:

60 տարեկան տեսուչին է մեղսագրվում այն, որ նա մի քանի անգամ այցելել է տատիկի բնակարան, սակայն չի հայտնաբերել, որ նշված բնակարանի խոհանոցում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովմամբ տեղադրված գազի ջրատաքացուցիչի ծխահեռացման անցուղում այրման արգասիքները դուրս չեն մղվում մթնոլորտ, որ քարշ չկա, որ ջրատաքացուցիչի համար շահագործվող ծխաօդատար համակարգը չի համապատասխանում անվտանգության կանոններին:
Փաստորեն, ծխահեռացման ուղիները նախատեսված են եղել լոգարանում, սակայն այլ տեղով են միացումները եղել, եւ նման պայմաններում մոտ 9-10 տարի այս բնակարանը սպասարկվել է: Ռոստոմ Հայրապետյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը կարծում է, որ մեղադրանքն անհիմն է: Նա պնդում է, որ ծխատար խողովակի տեղը փոխվել է առանց գազի գրասենյակին տեղյակ պահելու: 

Ռայնիսի փողոցի պայթյունից հետո «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը երեկ  մոտավորապես նույնն էր ասում՝ որ գազի տարածքային գրասենյակի տեսուչի կողմից տվյալ շենքի բնակարանների ազդանշանային սարքերը ստուգվել են մեկ ամիս առաջ, եւ անխափանության վերաբերյալ ոչ մի արձանագրություն չի կազմվել: 
«Ընկերության կողմից սպասարկումն իրականացվել է յոթերորդ ամսին, ոչ մի արտահոսք եւ ապօրինություն չի նկատվել տվյալ հատվածում»,- ասել է նա «Սպուտնիկ Արմենիային»: Ստացվում է, կրկին բնակի՞չն է մեղավոր: Բայց մեղքից առավել այլ հարց է այսօր հետաքրքրում՝ ինչպե՞ս, ո՞վ է հսկում «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությանը, արդյոք Ռայնիսի փողոցի ողբերգությունը չի՞ կարող կրկնվել, որքանո՞վ ենք ապահովագրված նման դեպքերից: 

Այս հարցերը փորձեցինք ուղղել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին, որը հիմնական վերահսկողն ու վերահսկողության պատասխանատուն է: Սակայն մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ արձակուրդում է, Արցախից նոր է վերադառնում եւ դեռ մանրամասն չի ուսումնասիրել դեպքը: 
«Ծանոթանամ, հասկանամ՝ ինչ է եղել, կասեմ: Ամեն դեպքում, քննություն է ընթանում: Հավանաբար, վարչապետի կողմից հանձնաժողով կստեղծվի, ինչպես արվում է նման դեպքերում, մեր հսկողության տակ, որովհետեւ տեսչական մարմինն է լիազոր մարմինը», - մեզ պատասխանեց Գեղամ Շախբազյանը: 

- Ինչպե՞ս եք վերահսկում «Էյ Ի Ջի սերվիսի» աշխատանքը: 

- Դա մեր վերահսկողությունից դուրս է: Հիմա այդ հարցերն ենք քննարկում, որպեսզի որոշենք, թե վերահսկողության մեխանիզմները ոնց են արվելու: 

- Այսինքն, ոչ ոք չի՞ հսկում նրանց: 

- Պատվիրատուն «Գազպրոմն» է համարվում, «Գազպրոմի» հսկողության տակ են, իրենք են վերահսկում:

- Բայց «Գազպրոմ-Արմենիան» մասնավոր հիմնարկ է, բա պետությունն ինչպե՞ս է վերահսկում, մենք ինչպե՞ս մեզ ապահովագրված զգանք նման դեպքերից: 

- Հիմա քննարկումներ ենք անում, որպեսզի ամփոփենք, բայց եկեք՝ ծանոթանամ, հետո ես սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: