Հուշեք ինձ, խնդրեմ, թե որն է օրվա ամենակարեւոր թեման՝ գյուղմթերքի արտահանո՞ւմը, խայտառակ ընտրություննե՞րը, Հաջիեւի ա՞յցը, Դանիել Իոաննիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի համահեղինակությամբ նոր (իրական) սահմանադրությո՞ւնը… Իսկ գուցե ԱՄՆ-Իրան պատերազմի դադարը կամ ռուս-ուկրաինական հակամարտության վտանգավոր սրացո՞ւմը…
Հասկանում ենք, չէ՞, որ Նիկոլն ինչքան էլ ճղճղում է, մեջից կիսվում, աջուձախ բոլորին բռնոտում, միեւնույն է, նրա վրա ուշադրություն դարձնող չկա: Դիցուք՝ երեկ չէ առաջին օրը ողջ ազգը, Նիկոլին թողած, Սամվել Կարապետյանի եւ խմբագիրների հարցուպատասխանն էր դիտում-լսում: Մարդիկ սպասում էին, թե ինչ կասի Սամվել Կարապետյանը: Նրանք հոգնել են Փաշինյանի մանիպուլյացիաներից եւ ճղճղոցներից, գիտեն, որ ստում է, ֆռռացնում, գլխիվայր ներկայացնում իրականությունը, գլխի են ընկել, որ նրա ամեն խոսքի մեջ խնամքով թաքցված «ֆաս» հրամաններ կան, այսպես կոչված, իրավապահ մարմիններին: Գյուղատնտեսությունը կատաստրոֆիկ անկումներ է արձանագրում, խայտառակ թանկացումներ ու երկրի դեֆոլտ է սպասվում, իսկ նա ընկել է Վահագն Հովակիմյանի թվանկարչությունը լեգալացնելու, օրեր անց նաեւ լեգիտիմացնելու հետեւից: Ռուսաստանը եւ աշխարհի ավելի քան 100 երկիր չեն ճանաչում սրանց ընտրության արդյունքները, հերսոտած է մի այլ կարգի, սիրտը 2/3 է ուզում, նոր սահմանադրություն է ուզում… Այսպես շարունակի՝ պատերազմը ոչ թե սեպտեմբերին, այլ հուլիսին կամ օգոստոսին է սկսվելու: Ինչ ենք անելու՝ չգիտեմ:
Կներեք, ո՞վ ասաց, որ այսօրվա ամենակարեւոր թեման ծիրանի արտահանումն է․ չէի ասի: Ես կարծում եմ՝ կարիք չկա այդ հարցով անհանգստանալու: Փաշինյանն ասել է՝ ծիրանը կսպառենք տեղում, իսկ արտահանման մասով մեզ կօգնեն Հայաստան եկող զբոսաշրջիկները, որոնք ծիրանն այստեղ կուտեն, ու կստացվի, որ արտահանման հարցը լուծվեց: Եկեք չմոռանանք նաեւ մեր հազարավոր թոշակառուներին, որոնք կարող են Լառնակա մեկնել ծիրանի կողովներով: Այդ եղանակով ամեն թոշակառու 10 կգ ծիրան արտահանի Եվրոպա՝ ծով ա… Ֆուռերով տանելն իմաստ չունի: Մի գործարար գրել էր, որ ֆուռով 10 տոննա ծիրան է տարել Եվրոպա, ահագին փող է ծախսել, հիմա էլ կրկնակին է ծախսում, որ եվրոպական համապատասխան կառույցներն այդ բերքը ոչնչացնեն՝ եվրոպական օրենքներն են դա պահանջում… Ելակի փչանալու համար ընդհանրապես չարժե դարդ անել: Թող երեւելի ՔՊ-ականները մտածեն, որ ելակի մաֆիոզ առեւտրով էին զբաղված: Ալո, երեւելիներ, Լարսը ո՞նց ա, Լարսը…
Ասում եք՝ շատ կարեւոր է, որ Հաջիեւն էր Դիլիջան եկե՞լ… Էհ, վրեն, թե չէր եկել: Իբր որ եկել էր, ո՞ւմ մատից փուշ հանեց: Մի բան էլ Նիկոլին ավելի կատաղեցրեց, գցեց մեր ջանին: ՔՊ-ով գնացին Հաջիեւի դուռը, ոտքերն ընկան, ասին՝ չի ստացվում, Հաջիեւ ջան, Վահագը 2/3 չի կարողանում նկարել, սահմանադրությունը փոխել չի լինի… Սա էլ փրփրել է, թե դա ձեր պրոբլեմն ա, մեր թագավորը ձեզ դրա համար լիուլի ժամանակ է տվել, պիտի փոխեք… Էլ չիմացա՝ Հաջիեւը Նիկոլին տեսա՜վ, չտեսա՜վ… Ես մենակ Նիկոլի շարասյան արշավն եմ տեսել դեպի Դիլիջան ու մեկ էլ Թորոսյան Արսենի լայվը, թե բա՝ հեծանիվ ենք քշում, հասել ենք Սեւան: Փաստորեն, Թորոսյան Արսեն, դու այսքան բանից հետո դեռ հեծանիվ է՞լ ես քշում…
Կարճ ասած՝ ոչ մի կերպ չեմ կողմնորոշվում, սիրելի ընթերցող, թե որն է օրվա ամենակարեւոր թեման: Նիկոլն այնպես չի խառնել ամեն ինչ, որ մարդ հասկանա իր անելիքը: Հայաստանի կեսին հայտարարել է կաշառակեր ու մնացել իր հայտարարության տակ: Հիմա էլ ջանք ու եռանդ չի խնայում կաշառք տվողներին հայտնաբերելու եւ բանտերը լցնելու համար: Մարդ առավոտ արթնանում է՝ չգիտի կեսօրին ինչ կարգավիճակ կունենա՝ ընտրակաշառք տվողի՞, ընտրակաշառք վերցնողի՞, թե՞, առհասարակ, ՀՀ քաղաքացիությունից զրկվածի: Պատճառն էլ այն է, որ Փաշինյանը 2/3 չունի: Կներեք, բայց նրա 2/3-ն ինձ ի՞նչ է տալու, կասե՞ք: Շուտով գազը կթանկանա, դրա հետեւից էլ՝ ամեն ինչ, ընդհուպ մինչեւ քաղաքային տրանսպորտ ու հաց: Դեռ տաք են, չեն հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել դոլարի եւ ռուբլու փախուստը Հայաստանից: Մինչ օրս նման բան չէին տեսել՝ փող կար, ծախսում էին ու մեծ-մեծ խոսում: Ի՞նչ են անելու այս թշվառները, երբ հայկական փակ շուկայում դրամը միայնակ մնա ու սկսի ազատ անկմամբ արժեզրկվել: Պարոն Սուքիասյան, ադրբեջանական մանաթից ի՞նչ լուր կա, չե՞ք ուզում մի քիչ ներկրել, ժողովրդին մանաթով աշխատավարձ, թոշակ ու վարկեր տալ…
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանն էլ պակաս կարեւոր թեմաներ չեն այսօր: Մենք նրանց հանիրավի մոռացել ենք, մինչդեռ նրանց վարքը Նիկոլի հետ հարաբերություններում խիստ անհասկանալի է: Մենք գիտենք, որ բիզնեսը հայրենիք ու հայրենասիրություն չի ճանաչում, բայց մի՞թե Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի օրինակը Խաչատուր Սուքիասյանին եւ Սամվել Ալեքսանյանին ոչինչ չի հուշում: Նիկոլն ասում է՝ ՔՊ-ի բոլոր ձայներն օրգանիկ են, ՔՊ-ում ընտրակաշառք չի «ֆռռացել»: Կներես, բայց ես այդ թեզին չեմ հավատում, քանզի տեսնում եմ, թե ինչպես Ծառուկյանի 60 հազար ձայնը տակով արեցիք՝ կուլ տվեցիք․․․ օրգանիկը տե՞նց ա լինում։
ՀԳ. Օրվա թեմա գտեք, օրվա թեմա: Հեռացող Նիկոլն արդեն մեզ ապագա չէ: