«Հայաստան» դաշինքի քայքայումով այս իշխանությանն էլ սպառնացող վտանգ չկա

«Հայաստան» դաշինքի քայքայումով այս իշխանությանն էլ սպառնացող վտանգ չկա

2018-ի վերջից սկսած՝ ընդդիմությունը, ի դեմս Դաշնակցության եւ Հանրապետականի, մինչեւ 2020թ. ցաքուցրիվ պայքարում էր Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության դեմ՝ անարդյունք: 2019-2020թթ. ընդդիմությունը որոշակիորեն համակարգեց փողոցային պայքարը: Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ընդդիմությունը, այսպես ասած՝ իշխանափոխության կոմիտեի՝ մի քանի ամիս տեւած պայքարը լուրջ արդյունքներ չտվեց:

Որոշ ժամանակ հետո ընդդիմությունը ձեւավորեց նոր՝ Դիմադրության շարժում, որը եւս իր օրակարգային հիմնական հարցերի՝ վարչապետի հրաժարականի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների դիմակայմանն ուղղված շարժում էր, որը ժողովրդի մի մասի համախմբման իմաստով որոշակի օգուտներ տվեց, սակայն օրակարգային հիմնական հարցերի լուծման մասով լուրջ արդյունքներ չարձանագրեց: Այս շարժումը, որը համատեղ ղեկավարում էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ակտիվ գործեց մի քանի ամիս եւ դադարեցրեց գործունեությունը: 

Հետո Դիմադրության շարժումը հետեւում էր իրադարձությունների ընթացքին եւ պարբերաբար իրականացնում տարաբնույթ ակցիաներ՝ առաջացող վտանգներին դիմակայելու համար: Եվ մինչ այսօր այդ գործելաոճը շարունակում է: Իշխանությունն էլ իր որդեգրած քաղաքականությունն է վարում, եւ այդ ճանապարհին նրանց միջեւ երբեմն  նաեւ զարմանալի համաձայնություններ են ձեւավորվում: Չնայած ընդդիմությունը մշտապես բարձրաձայնում էր, թե Ազգային ժողով կգնա միայն իր օրակարգով, պարզվեց, որ ԱԺ-ում հայտնվում է նաեւ շատ անհասկանալի սցենարներով ու պատճառներով։

Մե՛կ ծրագրում են ընդդիմադիր որոշ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին, մե՛կ էլ համաձայնում են համատեղ որոշումներ ընդունել հակաադրբեջանական ճակատում: Փաստացի, իշխանությունն ու ընդդիմությունն այս օրերին զարմանալի վարք են ցուցաբերում: Երկուստեք հակասական գործելաոճ, որը, անկեղծ ասած, հարիր է երկու կողմին էլ: Փաստացի, իշխանությունն իր լծակներով փորձում է քայքայել «Հայաստան» դաշինքը՝ դրանով նվազեցնելով իրեն սպառնացող տարաբնույթ վտանգները։ Իսկ ինչ են մտածում, ինչ քայլեր են փորձում ձեռնարկել դաշինքում՝ կերեւա առաջիկայում: 

Եթե իշխանությանը հաջողվի իր համար թիրախ պատգամավորների, հետագայում նաեւ որոշ այլ պատգամավորների հարցերը լուծել, ապա կարծում եմ, որ կլուծի հիմնական հարցը՝ կոչնչացնի գլխավոր հակառակորդին եւ հիմնավորապես կազատվի իրեն սպառնացող միակ ռեալ վտանգից ու կմնա իշխանության ղեկին։ Հետո արդեն իր հիմնական գործընկերոջ հետ կլծվի՝ իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանի կառուցմանը՝ պայմանագրի կնքմանը, որը, ըստ իս, 100 տոկոսանոց կեղծ փաստաթուղթ կլինի՝ հնարավոր բոլոր հետեւանքներով:
Այս վիճակն ինձ համար անակնկալ չէ, քանզի ընդդիմության, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի՝ այս ամիսների գործողություններում բավականին սխալ հաշվարկներ ու քայլեր կային, որոնք պետք է բերեին նման արդյունքների: Իսկ ամենամեծ վտանգն այն է, որ իշխանությունը, քայքայելով «Հայաստան» դաշինքը, էապես թուլացնում է նրան եւ վերացնում իրեն սպառնացող վտանգները։ 

Իսկ ամենավտանգավորն այն է, որ նման իրավիճակում՝ առանց ընդդիմության, լիովին ազատվում են իշխանության ձեռքերը, եւ նա հնարավորություն է ստանում անել այն ամենը, ինչը ձեռնտու է իրեն, այլ ոչ թե երկրին։ Հարգելի ժողովուրդ, վերջապես հասկացեք, որ այս ամենից ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը չոր են դուրս գալու, կործանվելու ես միայն դու։
Թող Տերը փրկի քեզ այս աննախանձելի՝ կործանարար կուրությունից...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ