Տղա եք՝ դեմն առեք

Տղա եք՝ դեմն առեք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը գործնականում կրկնեց Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի ռեկորդը՝  համատեղելով իշխող կուսակցության եւ մինիստրների կաբինետի ղեկավարի պաշտոնները: Ինչ վերաբերում է Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին, ապա նա ավելի համեստ էր այդ հարցում եւ համատեղում էր ընդամենը գենսեկի ու Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնները: Այսինքն՝ որպեսզի հիմա Նիկոլ Փաշինյանն իրեն կատարյալ երջանիկ զգա եւ հռչակվի միապետիկ, նրան մնում է ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը, որն առայժմ զբաղեցնում է ֆուտբոլասեր Ալեն Սիմոնյանը: Կգնա՞ դրան Նիկոլ Փաշինյանը: Այստեղ ՔՊ-շնիկների կարծիքները կիսվում են: Մի մասը գտնում է, որ այդպես ավելի լավ կլինի՝ Անդրանիկ Քոչարյան, Հովիկ Աղազարյան, Գռզո, Շիշ բռնող, Արփի Դավոյան, Արայիկ Հարությունյան, Վահագն Հովակիմյան եւ այլք: ՔՊ-շնիկների մեկ այլ խումբ՝ Տիգրան Ավինյան, Սուրեն Պապիկյան, Վահե Ղազարյան, ԱԱԾ տնօրեն, հակակոռուպցիոն պայքարի ծառայության պետ եւ էլի մի քանի մինիստրներ, օրինակ՝ առողջապահության մինիստրը, դեմ են ԱԺ-ում Նիկոլի հետագա առաջխաղացքին, որովհետեւ համարում են, որ դա հղի է իրենց պաշտոնանկությամբ: Նիկոլը կարող է առավոտյան ԱԺ-ով անվստահություն հայտնել այս կամ այն մինիստրին, իսկ երեկոյան ստորագրել նրան աշխատանքից հեռացնելու հրամանագիրը:

Այսուհանդերձ, որոշողը Նիկոլն է՝ դառնա՞ ԱԺ նախագահ՝ ի հավելումն իր երկու պաշտոնների, թե՞ չդառնա: Այս հարցին կարելի է նայել նաեւ Ադրբեջանի օրինակով: Ալիեւը մենակ է ղեկավարում երկիրը: Ինքը նախագահ է թե՛ երկրի, թե՛ կառավարության եւ թե՛ մեջլիսի, որտեղ մեծամասնությունն իր եւ կնոջ՝ Մեհրիբանի ազգուտակն է: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մեհրիբանը նաեւ փոխնախագահ է, ապա կարելի է ասել, որ Ալիեւը, ըստ էության, 4 պաշտոն ունի ու վատ էլ չի ղեկավարում երկիրը, կարծես: Այնպես որ՝ Փաշինյանը մտածելու բան ունի այս առումով:

Մենք մի թեթեւ հարցում ենք անցկացրել նաեւ պողոսների շրջանում, որի արդյունքները, պետք է ասեմ, այնքան էլ Փաշինյանի օգտին չեն: Հարցման ենթարկված 1500 պողոսականներից 1200-ը պատասխանել է․ բան եք գտել՝ բանի հետեւից եք ընկել, իսկ մնացած 300-ը կարծում է, որ առանց ավելորդ ձեւակերպումների էլ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում ԱԺ-ն, ավելի ճիշտ՝ ԱԺ ՔՊ-շնիկների խմբակցությունը: Մեր ճշտող հարցին ի պատասխան՝ բա Ալեն Սիմոնյա՞նը, պողոսներն ուսերն էին թոթվում կամ ձեռքերը տարածում՝ դե հիմա այդպես է ստացվել, մի Ալեն Սիմոնյան՝ ի՞նչ կարող է անել: Պողոսների այս տեսակետն անզգուշաբար հաստատեց նաեւ Հովիկ Աղազարյանը՝ 70 հոգի ենք, կուզենք՝ Ալենի շալվարը կհանենք, կուզենք՝ մի շալվար էլ ավել կհագցնենք: Իսկ այդ պահին նրա կողքին կանգնած Քոչարյան Անդոն ժպտում էր…

Երկար պրպտումներից հետո եկանք այն եզրակացությանը, որ պետք է մեզ հետաքրքրող հարցով դիմենք նաեւ Փաշինյան Նիկոլին: Ասինք՝ անհարմար է, մի հատ էլ իրեն հարցնենք՝ կուզենա՞ր, արդյոք, պաշտոնապես ԱԺ նախագահ դառնալ: Ի վերջո՝ ԱԺ աշխատանքների հարուստ փորձ ունի, ամբիոնի մոտ իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում, իսկ մանիպուլացնելու, թլսորելու եւ ստելու հարցում վարպետ է, մի բան, որ Ալեն Սիմոնյանի մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Վարչապետ չդարձավ, որպես կուսղեկ էլ մի բան չէ, գուցե իրեն ԱԺ պաշտոնում արդարացնի, հը՞: Գյադեք, էս կողմն անցեք, չէ, գյադեք, էս կողմն անցեք… Ի՞նչ դժվար բան կա ԱԺ-ն ղեկավարելու մեջ: Այլապես ընդդիմությունը ՔՊ-շնիկների հոգին հանում է, նրանց հասցնում նյարդային ցնցումների: Նաեւ Նիկոլի հետ կապի հարցը կլուծվի: Սա ի՞նչ բան է՝ պատգամավոր ՔՊ-շնիկները 21-րդ դարում առաջնորդվում են կառավարությունից եկող SMS-ներով: Այ, երբ Նիկոլ Փաշինյանը դառնա ԱԺ նախագահ, ամեն ինչ կընկնի իր տեղը: ՔՊ-շնիկները վերջապես քիթները կհանեն սմարթֆոնների միջից ու մտածող մարդու դեմքով կնստեն խորհրդարանում:

Միակ խանգարող բանը Սահմանադրությունն է, ըստ որի՝ վարչապետ ու ԱԺ նախագահ չի կարող միեւնույն մարդը լինել: Բայց մեր Սահմանադրությունը ե՞րբ է Նիկոլին մի բան արգելել, որ այս հարցում արգելի: Մի թեթեւ օրենսդրական փոփոխություն, նախագահականից՝ շառից հեռու, կուղարկեն ՍԴ, ՍԴ-ում էլ Սեդան է նստած՝ Սծյոպի քուրը: Իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ պողոսների հանրաքվեով պետք է լուծվի հարցը, ապա Նիկոլը նաեւ ԿԸՀ-ում մարդ ունի՝ Հովակիմյան Վահագնը, որ այս օրերին, քրտնաջան, թվանկարչության դասեր է ստանում Մուկուչյանից: Մի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահ դառնալը Փաշինյանի համար տեխնիկական հարց է միայն:

Իսկ հիմա փորձեմ բացատրել, թե ինչու է այս ապուշ հարցն ինձ այսպես անհանգստացնում: ԱԺ-ն այսօր այն միակ օղակն է, որտեղ կարող է հասունանալ եւ կամ կարելի է հասունացնել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը: Սա հասկանում է նաեւ Փաշինյանը, եւ պատահական չէ, որ հարուստ կոմպրոմատներ է հավաքել ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավորների վրա: Փաշինյանի ուշադրության կենտրոնում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները, որոնց նա հետապնդում է միջնորդավորված ձեւերով՝ չերեզ դատախազ, ՀՔԾ, Ոստիկանություն, ԱԱԾ, ՊՊԾ եւ այլն: Նիկոլին, արդյոք, բավարա՞ր են այս միջոցները՝ ԱԺ-ն բռի մեջ պահելու համար: Բա որ մի տեղից, օրինակ՝ ԱԱԾ-ից, մի այնպիսի արտահոսք լինի, որի դեմը չկարողանա՞ առնել: Լավրովն էլ խոսեց… Այս անգամ պլստաց՝ իրեն ռետինե խողովակի տեղ դնելով, ազիկներին աչքով անելով, որ Գորիս-Ստեփանակերտ միջանցքը փակեն: Իսկ ի՞նչ է անելու հաջորդ «ուտեչկաների» ժամանակ, երբ դրանք սկսեն հորդել ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով: Բա որ դրանք հասնեն ԱԺ, ու ինքն այդ պահին գործուղման մեջ լինի, ո՞վ է նրա հետույքը փրկելու՝ Հովիկ Աղազարյա՞նը, թե՞ Քոչարյան Անդոն: Ահա եւ լուրջ պատճառ, որ Նիկոլ Փաշինյանը ձգտի դառնալ նաեւ ԱԺ նախագահ: Հակառակ պարագայում ես Փաշինյանին չեմ հարգի, որպես հաշվենկատ քաղաքական ու պետական գործչի: Տղա եք՝ դեմն առեք: