Ինչպես հասնել «ոչ»-ի հաղթանակին

Ինչպես հասնել «ոչ»-ի հաղթանակին

Քանի որ «Հրապարակն» արդեն սկսել է կուսակցությունների կարծիքների դիտարկումը ՀՀ Սահմանադրության փոփոխության կապակցությամբ, փորձեմ իմ համեստ լուման ներդնել այդ հարցում: Դրա համար պետք է դիմեմ Հայաստանում GALLUP International Association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի հրապարակած տվյալներին: Եվ այսպես, համաձայն դրանց, ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյան Նիկոլին վստահում է հարցվածների 29%-ը։ Շատ ավելի հայաստանցիներ՝ 34,2%-ը, կողմ են գործող հիմնական օրենքում փոփոխություններ կատարելուն։ Սակայն ամբողջովին նոր սահմանադրություն ընդունելու հարցում Նիկոլին աջակցում է ընդամենը 13,4%-ը։ 

Ի՞նչ են այդ տվյալները նշանակում: Նախ այն, որ վարչապետի պաշտոնում գտնվող անձը, ենթադրաբար ով էլ լինի, կարող է անցկացնել սահմանադրական հանրաքվե։ Եվ այդ թվում՝ Նիկոլը: Որովհետեւ հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ է ընտրողների 25%-ի մասնակցություն։ Այսինքն, եթե Նիկոլն առաջիկա մեկ-երկու ամսում (ֆորսմաժորային իրավիճակի բացակայության պայմաններում) հանրաքվե անցկացնի, դա հաջողությամբ կպսակվի։ Սակայն մնում է երկրորդ խնդիրը՝ ամբողջովին նոր սահմանադրություն ընդունելու առումով նա գլխաքանակի խնդիր ունի։ Հենց գլխաքանակ, քանի որ այդ հարցում Նիկոլի կողմնակիցներին այլ բառով հնարավոր չէ բնորոշել: Այդ հարցը նա կարող է լուծել երկու ուղղությամբ աշխատելով։ Առաջին․ անընդհատ հրապարակ բերելով նախկինների թալանի եւ դրանից ածանցված՝ ՀՀ անվտանգային սպառնալիքների խնդիրները։ Երկրորդ․ ակտիվացնելով, այսպես կոչված, «ալենգեյթը»։ Այսինքն՝ սեփական թիմի անդամների հարազատներին պատժելու առումով շոուները։ Ինչու չէ՝ նաեւ հենց անդամներին:

Կարծում եմ, որ երկրորդ հարցի բեմականացման առաջին արարն Ալենի եղբոր կնոջ կալանավորումն էր: Երկրորդ արարը ՔՊԿ-ական «ազգընտիրներից» 65 հոգու (խմբակցության կազմի 91,5%-ը) դիմումը գլխավոր դատախազին՝ երաշխավորելով մեղադրյալների պատշաճ վարքագիծը։ Խմբակցության ղեկավար Կոնջորյան Հայկի ասելով, երաշխավորագիրը չի համաձայնեցվել Փաշինյանի հետ։ Այդ հանգամանքին հավատալը նույն է, թե մայրաքաղաքի կենտրոնում այլմոլորակային տիեզերանավի վայրէջք կատարելու մասին լուրին վստահելը։ Կամ ավելին՝ ավելի շատ կարելի է հավատալ այդ լուրին, քան թե այն բանին, որ Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել իշխող խմբակցության անդամների հավաք՝ առանց Նիկոլի իմացության։ Եվ, բնականաբար, հավանության:
Այն, որ Նիկոլին կհաջողվի թալանը, անվտանգային սպառնալիքներն ու «ալենգեյթը» միասնաբար օգտագործելով՝ հասնել իր նպատակին, կասկած չի հարուցում: Հատկապես, որ այդ նպատակին է ծառայելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շուրջ երեսնամյա գործունեության ավանդույթը: Բայց այդ կառույցից բացի, ստիպված ենք հաշվի առնել նաեւ խորհրդարանից դուրս գտնվող կուսակցությունների՝ լինեն դրանք նիկոլամերձ թե կեղծ ընդդիմադիր, համակիրների բազմությունը: Այդ դասավորության պարագայում հանրաքվեի բոյկոտի հավանականությունը շատ ցածր է: Եվ ընդհանրապես, բոյկոտը մեզանում չի աշխատել, որքան էլ փորձ է կատարվել այդ ուղղությամբ: Դա ասում եմ նաեւ որպես անձ, ով ակտիվորեն մասնակցել է 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի բոյկոտին: 

Մնում է մասնակցությունը դիտարկելու հարցը: Այն կարող է օգուտ տալ, եթե մասնակիցների քանակը լինի շատ ավելին՝ նույնիսկ կրկնակի շատ, քան այդ պահին կլինի Նիկոլին վստահելու ցուցանիշը: Այդ դեպքում հնարավորություն կստեղծվի «ոչ»-ի շնորհիվ տապալել հանրաքվեն: Ինչը նաեւ կարող է հիմք ծառայել, որպեսզի, ի վերջո, հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածը կարողանա սահմանադրական ճանապարհով պաշտոնից հեռացնել Նիկոլին: Քանի որ մնացած եղանակները չեն ստացվել ու դժվար թե ստացվեն հետագայում: