Ծնողավարություն․ «Հրաշագործ» բառեր և ներդաշնակ երեխա

Ծնողավարություն․ «Հրաշագործ» բառեր և ներդաշնակ երեխա

Մենք հազարավոր բառեր ու արտահայտություններ ենք կիրառում երեխայի հետ հաղորդակցվելիս: Դրանց շարքում կան այնպիսիները, որոնք «հրաշագործ» են եւ երեխային դարձնում են ավելի ուժեղ, խելացի, ինքնավստահ ու բարի:

Մենք առանձնացրել ենք 11 արտահայտություն, որոնք նպաստում են երեխայի ներդաշնակ զարգացմանը եւ պարզապես նրանց երջանիկ են դարձնում:

1. Մեծ երջանկություն է, որ դու կաս իմ կյանքում:

Երեխաները հաճախ իրենց վատ պահվածքով, անգիտակցաբար մեզ փորձում են․ «Իսկ դու կսիրե՞ս ինձ, եթե ես վատը լինեմ»: Մինչդեռ կան ծնողներ, որ հաճախ երեխային ասում են. «Եթե դու քեզ այսպես պահես, ես քեզ էլ չեմ սիրի»: Հիշեք` այս հարցի պատասխանն անքննելի է․ «Այո՛, իհարկե, երջանկություն է, որ դու կաս իմ կյանքում, եթե ես հնարավորություն ունենայի ընտրել աշխարհի բոլոր բալիկներից, ես հենց քեզ կընտրեի»: Հենց այսպես է դրվում երեխայի առողջ հոգեկանի հիմնաքարը:

2. Ես սիրում եմ քեզ: 

Այս երեք հրաշագործ բառերն իրապես կարեւոր են մարդուկի առողջ զարգացման համար: Կարեւոր է նաեւ ամրապնդել այս խոսքերն իրական գործողություններով. միասին ժամանակ անցկացնել, խաղալ, ծիծաղել, գժություններ անել, գրկել երեխային, քննարկել նրա խնդիրները, սատարել անհրաժեշտության դեպքում:

3. Ես նկատում եմ եւ գնահատում քո ձեռքբերումները:

«Ա՜յ քեզ բա՜ն, հրաշալի՜ է, սենյակը հավաքված է», «Կեցցե՜ս, հագուստդ գեղեցիկ ծալել ես». նման արտահայտություններն օգնում են երեխային զգալ ծնողի սատարումը, որ նա հավատում է իրեն, որ իր ջանքերն ըստ արժանվույն գնահատված են: 

4. Ների՛ր ինձ, ցավում եմ:
Բոլորս սխալական ենք եւ երբեմն կարող ենք սխալվել, մեզ ճիշտ չպահել: Կարեւոր է քաջություն ունենալ, ընդունել սեփական սխալը եւ ներողություն խնդրել երեխայից: Այդպես մենք երեխային հասկացնում ենք, որ գնահատում եւ հարգում ենք իրեն: Ինչպես նաեւ նրան սովորեցնում ենք սխալ լինելու դեպքում ներողություն խնդրել եւ մյուս անգամ այդպես չվարվել:

5. Մի՛ վախեցիր բացասական հույզերից:

Բացասական հույզերի ճնշումը հանգեցնում է նեւրոզների ձեւավորմանն ու հոգեսոմատիկ հիվանդությունների առաջացմանը: Երեխան իրավունք ունի զայրանալու, ջղայնանալու կորցրած խաղալիքի պատճառով կամ լացելու, երբ ինչ-որ տեղը ցավում է: Բացասական հույզերի արտահայտման արգելքը երեխային արգելում է լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Որպես ծնող` մեր խնդիրն է երեխային սովորեցնել դուրս բերել սեփական հույզերը` առանց որեւէ մեկին վնաս հասցնելու:

6. Խիզախ է նա, ով կարողանում է հաղթահարել իր վախերը: 

«Շարժվիր առաջ, ես քեզ հավատում եմ»: Կարեւոր է երեխային հասկացնել, որ անհնար է ոչնչից չվախենալը: Յուրաքանչյուրն իր կյանքում որեւէ բանից վախենում է, եւ ուժեղը նա չէ, ով վախեր չունի, այլ նա է, ով կարողանում է հաղթահարել իր վախերը: Եթե երեխային ինչ-որ բան վախեցնում է, դուք կարող եք նրա հետ կիսվել ձեր անձնական հիշողություններով ու փորձառությամբ, թե ինչպես եք սովորել հաղթահարել ձեր վախը:

7. Լսի՛ր ինքդ քեզ, ինչո՞վ կուզեիր հիմա զբաղվել: 

Օրինակ, զբոսանքի գնալիս․ «Մաման ավելի լավ գիտի, արա՛ այնպես, ինչպես ես եմ ասում» արտահայտության փոխարեն ճիշտ է ասելը․ «Ի՞նչ ես ցանկանում այսօր քեզ հետ վերցնել` գնդա՞կ, անվաչմուշկնե՞ր, թե՞ հեծանիվ»: Երեխային տալով ընտրության իրավունք` մենք նրան սովորեցնում ենք լսել սեփական ցանկությունները եւ չվախենալ մերժել այն առաջարկները, որոնք հակասում են իր համոզմունքներին, ցանկություններին ու հետաքրքրություններին: Այն երեխաներին, որոնց միշտ հրամայում են, մեծանում են պասիվ, կախյալ ու հեշտ կառավարվող:
Երեխայից պահանջելով չքննարկվող ենթակայություն, մտածեք 20 տարի հետոյի մասին: Դուք իսկապե՞ս ցանկանում եք, որ նա մեծանալով ենթարկվի բոլորին` չփորձելով պնդել իր դիրքորոշումը:

8. Հիշո՞ւմ ես, թե ինչպես հաղթահարեցիր այսինչ բանը: 

Օրինակ` «Հավաքիր խաղալիքները, տղա՛ս, հիշո՞ւմ ես, թե նախորդ անգամ ինչպես արեցիր»: Երեխային հիշեցնելով իր նախկին հաջողությունների մասին` դուք ամրապնդում եք նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ, օգնում եք նրան գիտակցել հաջողություններում ու հաղթանակներում իր ունեցած փորձառությունը:

9. Սխալներ եւ սխալվել… նորմալ է: 

«Սարսափելի ոչինչ չկա, արի նորից փորձենք», «Ես հավատում եմ քեզ», «Առաջին անգամից ոչ մեկի մոտ էլ չի ստացվում». այսպե՛ս պետք է երեխային ասել անհաջողությունների դեպքում, նույնիսկ եթե դրանք լուրջ անհաջողություններ են: Յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի: Երեխայի մոտ պետք ձեւավորվի այն ընկալումը, որ ամեն հաջողակ մարդ էլ սխալներ գործել է, եւ սխալներն օգնում են ձեւավորել համառություն, համբերություն եւ այլ կարեւոր որակներ:

10. Ի՞նչ ես հիմա զգում: 

Կամ` «Օրդ ինչպե՞ս անցավ». նման արտահայտություններն առաջին հերթին նպաստում են երեխա-ծնող հուզական մտերմությանը: Երկրորդ․ զարգացնում են սեփական մտքերը ձեւակերպելու ունակությունը: Իսկ ամենակարեւորը` թույլ են տալիս երեխային ուշադիր եւ նրբանկատ լինել ինքն իր հանդեպ:

11. Ի՛նքդ դա արա: 

Ծնողներին բնորոշ է երեխայի մասին խոսելիս կիրառել «մենք» դերանունը` «Մենք արդեն սահեցինք», «Մենք արդեն մակապարտեզ ենք գնում»: Նորածնային տարիքում մայր-երեխա զգացողությունը` որպես մեկ ամբողջություն, օգտակար է երեխայի զարգացման համար եւ նույնիսկ անհրաժեշտ է փոքրիկի գոյության համար, սակայն հետագայում դա արգելակում է երեխայի զարգացումը: Երեխային պետք է այն փորձառությունը, որ կարող է հենվել ինքն իր վրա:

Հոգեբանները համոզված են` դաստիարակության նպատակն է՝ երեխային սովորեցնել լինել բավականին լավ ծնող ինքն իր համար: Իսկ առաջին քայլը դեպի այդ նպատակը դրվում է այն դերանունով, որն է` «ԴՈՒ»:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ