Դուբայում երկու գիրք են կարդում՝ Ղուրանն ու Գինեսի գիրքը

Դուբայում երկու գիրք են կարդում՝ Ղուրանն ու Գինեսի գիրքը

Աշխարհն արագ տնտեսական թռիչքի բազում օրինակներ ունի․ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արագորեն մոխիրներից վեր հառնած Գերմանիան ու ողջ Եվրոպան, Լի Քուան Յուի շնորհիվ վերածնված Սինգապուրը եւ, վերջապես՝ ընդամենը 50 տարում ավազների մեջ կառուցված Դուբայը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, որը կազմված է 7 էմիրությունից, բայց ամենատպավորիչը Դուբայն է՝ երկնաքերերի հրաշագեղ քաղաքը, որտեղ միավորվել են Եվրոպան ու Ասիան, քրիստոնեությունն ու մահմեդականությունը, առաջադիմությունն ու հետադիմությունը, սոցիալական հոգատար քաղաքականությունն ու դաժան միջնադարյան պատիժները։ 

1971-72 թվերին 7 էմիրությունները հայտարարեցին միավորման մասին։ Մայրաքաղաքն ԱբուԴաբին է, սակայն ամենաբարեկեցիկն ու առաջատարը Դուբայի էմիրությունն է, որը տեղակայված է Պարսից ծոցի ափին։ Սա հանրապետության եւ թագավորության յուրահատուկ կոնգլոմերատ է, որտեղ իշխում են էմիրները, ավելի ճիշտ՝ էմիրներից կազմված խորհուրդը։ Էմիրների իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում։ Եվ քանի որ ԱՄԷ-ում բազմակնությունն օրենքով թույլատրված է, եւ էմիրը կարող է մինչեւ 4 կին ունենալ, ըստ այդմ՝ նաեւ մեծ թվով զավակներ է ունենում։ Սակայն իշխանությունը փոխանցվում է ոչ թե ավագ որդուն, այլ տոհմի որոշմամբ ցանկացած որդու, ով տեսակով լիդեր է, ընդունակ է կառավարելու, գրագետ է, խելացի եւ այլն։ Եվ քանի որ էմիրությունները կառավարող ընտանիքները 50 տարի շարունակ իրենց զավակներին ամուսնացրել են միմյանց հետ, երբեմն անգամ՝ ազգակցական կապերը հաշվի չառնելով, այսօր արդեն Էմիրությունում իշխանության մասին խոսելիս մի տերմին է շրջանառվում՝ «ընտանիքը», հայերեն ասած՝ կլանը։ Ընտանիքը հարուստ է, մեծ հարկեր ու տուրքեր են վճարվում նրանց, բայց նաեւ պաշտամունքի առարկա է, քանի որ համարում են, որ ԱՄԷ բարեկեցությունը պայմանավորված է ընտանիքի վարած քաղաքականությամբ։ Բայց էմիրները նաեւ շատ դեմոկրատ են՝ նրանք թիկնապահներ չեն պահում, նրանց մեքենաները կանգնում են կարմիր լույսի տակ, նրանք պարբերաբար հայտնվում են բազմամարդ վայրերում։ Պատմեցին, որ Դուբայի էմիրը հաճախ այցելում է «Դուբայ մոլ», որն աշխարհի ամենամեծ առեւտրի կենտրոնն է։ 

2004 թվականից ԱՄԷ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանը։ Գործադիր իշխանությունը ներկայացված է Նախարարների խորհրդով, ղեկավարի գլխավորությամբ, որը նշանակվում է նախագահի կողմից եւ հաստատվում Վերին խորհրդի կողմից։ Օրենսդիր իշխանությունն Ազգային խորհուրդն է, որի կազմի մեջ մտնում են ներկայացուցիչներ բոլոր էմիրություններից։ Երկրի տարածքը 80 հազար ք/կմ-ից քիչ ավելի է, բնակչությունը՝ 9 միլիոն, որից միայն մեկուկես միլիոնն է բնիկ եւ ԱՄԷ քաղաքացի։ Մնացածը, իրենց լեզվով ասած, «էքսպլատներ» են, որոնք քաղաքացիություն չունեն՝ ռեզիդենտ են, զբաղվում են բիզնեսով կամ պարզապես վարձու աշխատողներ են։ 

Մինչ 1971 թվականը այս տարածաշրջանի պատմությունը մղձավանջ է հիշեցնում։ Ավազներ, անապատ, որի վրա ապրողները տարրական մարդկային պայմաններից զրկված են եղել, ապրել են շատ կարճ ու դաժան կյանքով։ Հիմնականում զբաղվել են ձկնորսությամբ եւ մարգարիտի արդյունահանմամբ, որը տաժանակիր աշխատանք է եղել՝ օրական 14-15 ժամ մարդիկ սուզվել են ծովի հատակը եւ դուրս բերել մարգարիտի խեցիները, որոնցից 200 հատի մեջ առավելագույնը 2 հատիկ մարգարիտ է հայտնաբերվել։ Նավթի առաջին հանքավայրերը հայտնաբերվել են մոտ 40 տարի առաջ, դրանից հետո սկսվել է ԱՄԷ ոսկե դարաշրջանը։ Սեւ ոսկին հնարավորություն է տվել ստարտային կապիտալ ստեղծել, որին գումարվել են նավթի բերած ֆինանսական հզորությունների ճիշտ կառավարման գործոնը եւ երկիրն ազատ տնտեսական գոտի հայտարարելու վճռականությունը։ Այսօր ԱՄԷ ՀՆԱ-ի ընդամենը 5 տոկոսն է ապահովում նավթը, եւ այն սպառվելու վրա է, սակայն դա չի վախեցնում այս երկրի իշխանություններին ու բնակչությանը։ Այն արդեն դարձել է հզոր երկիր, որի եկամուտների առյուծի բաժինը կազմում են տուրիզմը եւ բիզնեսը, որն այստեղ ծաղկում է։ 

Մի խոսքով՝ ուղտերի վրա կյանքն անցկացնող, նվազագույնը 2 հազար դոլար աշխատավարձ ստացող մարդիկ, որոնք 45-48 տարեկանում կենսաթոշակի են անցնում, վարում են աշխարհի ամենաշքեղ մեքենաները, որոնք պարտադիր գնում են ավտոսրահներից՝ յուղը վրան։ Ի դեպ, մեքենաների վարկը Դուբայում 2 տոկոս է, ինչը հնարավորություն է տալիս բոլորին նոր մեքենաներ ձեռք բերել եւ արագ փոխել դրանք։ Մեկուկես միլիոն քաղաքացիները, սակայն, չեն բնակվում երկնաքերերում, որոնք սնկի նման աճում են շարունակ կառուցվող Դուբայում։

Նրանց բնակարանները չպետք է բարձր լինեն մոտակա մզկիթներից, ուստի նրանք ապրում են երկհարկանի տներում։ Նրանք աշխատում են միայն պետական հիմնարկներում, որտեղ տղամարդիկ սպիտակ հագուստ են կրում, կանայք՝ սեւ։ Եթե տղամարդն ի վիճակի է երկրորդ կամ երրորդ կին ունենալ, ինչը ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված ոչ միայն այն պատճառով, որ յուրաքանչյուր կնոջ համար դեռ վճարում են ուղտերով, իսկ ուղտ կա, որ մինչեւ 50 հազար դոլար արժի, այլեւ այն պատճառով, որ կանայք մի տան մեջ չեն ապրում։ Ամուսինը պարտավոր է յուրաքանչյուր կնոջ համար առանձին տուն գնել կամ կառուցել, որտեղ կինը կապրի իր զավակների հետ։ Ընդ որում՝ երկրորդ անգամ ամուսնանում են առաջին կնոջ թույլտվությամբ։ Եթե նա թույլ չի տալիս, ապա ամուսնալուծվում են եւ նոր ամուսնանում։ Կինն էլ կարող է ամուսնալուծվել, բայց դատարանում պետք է հիմնավոր պատճառներ բերի, թե ինչու չի կարող ապրել ամուսնու հետ։
Էմիրություններում օտարազգի անձը չի կարող քաղաքացիություն ստանալ՝ քաղաքացի են միայն բնիկների ընտանիքներում ծնված անձինք։ Բոլոր եկվորները, որոնք գալիս են մեծ կամ փոքր փողեր աշխատելու, ԱՄԷ քաղաքացի դառնալու հնարավորություն չունեն։ ԱՄԷ գալիս են ինչպես աշխարհի ամենահարուստները, եւ ամեն քայլի հայտնի ֆիրմաների մասնաճյուղեր կան Դուբայում, այնպես էլ մեծ թիվ են կազմում պակիստանցիներ, ֆիլիպինցիներ, հնդիկներ, որոնք չարքաշ աշխատանք են կատարում՝ երբեմն ընդամենը 200-300 դոլար ամսական վարձատրության դիմաց։ Սպասարկող ողջ անձնակազմը՝ հյուրանոցներում, սրճարաններում, վաճառասրահներում, նրանք են։

ԱՄԷ քաղաքացիություն ստանալու մի տարբերակ, իհարկե, կա․ եթե օտարազգի կինն ամուսնանում է արաբի հետ։ Սակայն նախ նա պետք է մահմեդականություն ընդունի, ապա 10 տարի խոնարհ կին լինի եւ զավակներ ունենա, իսկ 10 տարուց՝ եթե ամուսինը դեմ չլինի, որ կինը դառնա ԱՄԷ քաղաքացի, քննություն հանձնի՝ 100 հարցի պատասխանի Արաբական էմիրությունների մասին եւ, իհարկե, մաքուր արաբերեն իմանա։ Մեզ ասացին, որ կան ռուս կանայք, որոնք ամուսնացել են արաբների հետ եւ 10-15 տարի ապրում են Դուբայում, բայց քաղաքացիություն չեն տալիս։ 
Սակայն ամենից զարմանալին այն սոցիալական քաղաքականությունն է, որը վարում են ԱՄԷ-ում։ Այս երկրում անգամ երջանկության նախարարություն կա, որը զբաղված է բնակչության երջանկության զգացումով։ Ոչ միայն ուսումնասիրություններ են անում, թե ինչն է ավելի երջանիկ դարձնում ԱՄԷ քաղաքացուն, այլեւ կոչեր են անում, օրինակ՝ ժպտացեք, բարի եւ ջերմ եղեք ձեր շրջապատի նկատմամբ, եւ ձեր երջանկության զգացումը կմեծանա։ Բայց առավելապես հոգում են մարդկանց բարեկեցության, ֆինանսական վիճակի մասին։

Օրինակ, յուրաքանչյուր երեխայի համար՝ իր ծննդյան օրից պետությունը հաշիվ է բացում բանկում եւ ամսական 550 դոլար փոխանցում։ Երբ երեխան դառնում է 18 տարեկան, նա կարող է հանել բանկից այդ 120 հազար դոլարը, ամեն տարի գումարի չափն ավելացնում են։ Սակայն այդ գումարը կարող է հանել միայն կոնկրետ ծրագիր ներկայացնելու դեպքում՝ ասենք, ուզում եմ բիզնես դնել, գնալ այսինչ բուհում սովորելու, ծնողներիս համար տուն գնել եւ այլն։ Ի դեպ, ուսումը պետական դպրոցներում անվճար է, բայց դրանք սեռերի են բաժանված՝ աղջիկների եւ տղաների։ Մասնավոր դպրոցները երկսեռ են։ Իսկ արտերկրում սովորելը, եթե երեխան լավ սովորող է, պետությունը վերցնում է իր վրա, ինչպես իր վրա է վերցնում արտերկրում ծանր հիվանդությունների բուժումը եւ անգամ հիվանդին ուղեկցողի ծախսերն է հոգում։ 

Ինչ վերաբերում է երջանկության նախարարությանը, ապա այն հատկապես հոգ է տանում միայնակների համար, ասենք՝ այն կանայք, որոնք չեն ամուսնանում, այս նախարարությունից մինչեւ իրենց կյանքի վերջը նպաստ են ստանում, նրանց աշխատանքի են տեղավորում, բնակարան հատկացնում։ Ի դեպ, երկրում չկա գործազրկություն՝ յուրաքանչյուր անձ, եթե ուզում է աշխատել, անպայման նորմալ վճարվող աշխատանք է գտնում։ 
Սակայն ԱՄԷ-ում դաժան քրեական օրենսգիրք եւ պատիժներ կան։ Պահպանվել է մահապատիժը, որը սպառնում է անգամ թմրամիջոցների օգտագործման ու վաճառքի, կոռուպցիայի դեպքում։ Շարժայում, օրինակ, որտեղ ալկոհոլն արգելված է, հարբած մարդուն կարող են տանել բանտ, եւ եթե մահմեդական է, 80 ճիպոտի հարված հասցնել մերկ մարմնին։ Դաժան պատիժ է սահմանված գողությունների համար։ Այս խիստ պատիժները, սակայն, իրենց դերը խաղացել են՝ Դուբայում գրեթե գողություններ, այլ հանցագործություններ չեն լինում, եթե լինում են, ապա՝ զբոսաշրջիկների կողմից։

Արաբական Միացյալ Էմիրություններում ամենաապշեցուցիչը, իհարկե, այն է, թե ջրի պակասի պայմաններում ինչպես են նման կանաչ ու ծաղկուն երկիր կառուցել։ 7 էմիրություններից միայն երկուսում կա խմելու ջուր, բայց դա եղանակ չի ստեղծում։ Երկրով մեկ 35 ջրամաքրման գործարաններ են գործում, որոնք ծովի ջուրն այնպես են մաքրում, որ անգամ խմելու համար է պիտանի դառնում։ Իսկ կանաչ տարածքները համատարած ոռոգվում են կաթիլային համակարգերով։ 

Դուբայում կատակում են՝ մեր երկրում երկու գիրք են կարդում՝ Ղուրանն ու Գինեսի գիրքը։ Էմիրներն ու շեյխերը Գինեսի գրքում հայտնվելու հիվանդությամբ են տառապում՝ աշխարհի ամենաբարձր շենքը, աշխարհի ամենամեծ մոլը, աշխարհի ամենամեծ հյուրանոցը եւ այլն։ 
Բայց բառիս բուն իմաստով ավազի վրա կառուցված այս երկրի բարեկեցությունը հենվում է խաղաղության, տարածաշրջանում պատերազմների բացառման, հարկային ու մաքսային ճիշտ քաղաքականության, զբոսաշրջիկների համար սպասարկման եւ զվարճանքների բարձր որակի վրա։ Այն պահին, երբ այդ գործոններից որեւէ մեկը կվտանգվի, Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկեցությունը կարող է փլվել, ինչպես ավազի վրա կառուցված թղթե տնակն է փլվում։ Երբ Իրան-ԱՄՆ հարաբերությունները սրվեցին, եւ Իրանից սպառնալիքներ հնչեցին՝ ուղղված ԱՄԷ-ին, Դուբայում տագնապած էին եւ մեզ ասացին, որ անշարժ գույքի շուկան անմիջապես արձագանքել է դրան՝ գների իջեցում է նկատվել։