Վեդիի գրավման օպերացիան ՔՊ-ի համար հաջողությամբ պսակվեց

Վեդիի գրավման օպերացիան ՔՊ-ի համար հաջողությամբ պսակվեց

Համառ ու հետեւողական պայքարի արդյունքում ՀՀ իշխանություններին կիրակի օրը հաջողվեց երկրորդ փորձից գրավել Վեդի խոշորացված համայնքը։ Վեդիի գրավման  օպերացիան գլխավորում էր անձամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ չերեւացող կոորդինատորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն էր։ Այն օրը, երբ ադրբեջանցիները վերցրին Արցախի Փառուխ գյուղը, Պապիկյանը Վեդիում ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանի համար քարոզչություն էր անում։

Իշխանությունը գտավ ընտրություններով իշխանությունը զավթելու, ժողովրդի քվեին տիրանալու ճանապարհը։ Ընդամենը ամիսներ առաջ մի քանի համայնքներում, այդ թվում՝ Վեդիում, խայտառակ պարտություն կրելուց հետո իշխող ուժն իր ամենախայտառակ թեկնածուով կարողացավ գրավել Վեդի քաղաքն ու նրան միավորված 19 համայնքները՝ շնորհիվ վարչական լծակների, ռեսուրսների անխնա կիրառման, դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների տնօրենների համատարած ազատումների ու ընդդիմադիր աշխատակիցներին յուրայիններով փոխարինելու, վախի մթնոլորտի հաստատման եւ երբեմնի, «նախկին» համարվող տեղական բդեշխների օգնության։ Մեզ ասացին, որ, դիցուք, կոկորդիլոսագետ Գարիկի օգտին ակտիվ աշխատել են Հովիկ Աբրահամյանն ու նրա որդի Արգամը, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը եւ ուրիշներ։ Ինչպես նաեւ մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, ում պաշտոնում մնալու հարցը լուծվելու էր Գարիկի ընտրվել-չընտրվելով՝ եթե ՔՊ թեկնածուն պարտվեր, ապա Փաշինյանն ազատելու էր նաեւ մարզպետին։ Դա էր պատճառը, որ ողջ իշխանական լծակները կենտրոնացվել էին հանուն «հեկտարը» «մետրից» չտարբերող Գարիկի հաղթանակի։

Ընտրությունների օրը մարզում ուժային կառույցներից էին նաեւ դեսանտ իջեցրել՝ ի դեմս ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի, որը Գարիկ Սարգսյանի համագյուղացին է եւ մինչեւ Փաշինյանի իշխանության գալը «խոպանում» է եղել, ապա վերադարձել ու նշանակվել է պարեկայինի պետ։ Այստեղ էր նաեւ մարզի քննչական վարչության ղեկավար կազմը, որոնք ընտրությունների օրը իշխանական թեկնածուի եւ պատգամավորների հետ «Վանատուր» օբյեկտից հետեւում էին անցուդարձին, ավելի ճիշտ՝ աչք փակում իշխանության ամենաթողությունների վրա եւ մոբիլիզացնում իրենց ուժերը։

Հենց ընտրությունների օրը միջադեպ գրանցվեց Ուրցաձոր համայնքում. ՔՊ-ի կողմնակիցները 13/24 տեղամասի մուտքի մոտ հարձակվել եւ ծեծի էին ենթարկել մի անձի, ով հակաիշխանական հայացքներ ուներ։ Ըստ ականատեսների՝ դա տեղի էր ունեցել ոստիկանության զորքերի` առնվազն երեք ծառայողի աչքի առջեւ, որոնք, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն, հանդիսատեսի դեր էին ստանձնել։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունների խայտառակ պարտությունից հետո, ինչպես հայտնի է, Փաշինյանի որոշմամբ, Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Շուրջ երեք ամիս Սարգսյանը համայնքային բյուջեն անխնա վատնեց հանուն իր հաղթանակի։ Իսկ վերջին օրերին, մեզ ասացին, մեծ քանակությամբ պարարտանյութ են բաժանել համայնքի բնակիչներին, դրամական օգնություն են ցույց տվել գրեթե բոլոր ընտանիքներին։
Այս բոլոր միջոցները ձեռնարկելով՝ իշխանությունը, որը հայտարարում էր, թե ընտրությունները երբեք չեն կեղծելու եւ երբեք չեն կառչելու աթոռներից, ինչպես նախկիններն էին անում, ժողովրդին քվեին տիրացան եւ վերարտադրվեցին։

Ընտրությունների նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 13 հազար 139 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի՝ 9 հազար 694։ ՔՊ-ն 56 տկոսից ավելի ձայնով կստանձնի համայնքի կառավարումը։ Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը, որը կազմում է ընտրողների 63,16%-ը։ Մինչդեռ դեկտեմբերյան ընտրություններին մասնակցության ավելի պասիվ ցուցանիշ էր արձանագրվել՝ 54.38%, ինչը եւս հուշում է այն մասին, որ ընտրողին մոտիվացրել էին ընտրության գնալու համար։ 
Հիշենք, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններին Վեդիում 3 ուժ էր մասնակցում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ամենաշատ ձայները հավաքել էր «Իմ հզոր համայնքը», սակայն որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար:

«Իմ հզոր համայնքի» օգտին 8 հազար 666 մարդ էր քվեարկել կամ 44,08%-ը, երկրորդ տեղում ՔՊ-ն էր՝ 7 հազար 690 քվեով կամ 39,12%-ով։ Ինչպես տեսնում եք, չորս ամիսների ընթացքում ՔՊ-ն կրկնապատկել է իր արդյունքները, ինչը ոչնչով չի կարող բացատրվել՝ ո՛չ ՔՊ-ի հանդեպ վստահությունն է այս ամիսներին աճել, ո՛չ ՔՊ-ական կառավարությունն է իր առջեւ դրված խնդիրներից գեթ մեկը լուծել, ո՛չ անվտանգությունն են ապահովել, ո՛չ սահմաններն են ավելի ապահով դարձել, ո՛չ էլ նույն Գարիկ Սարգսյանն է ավելի խելացի ու պրոֆեսիոնալ դարձել։ Ավագանու 27 մանդատից 14-ը բաժին կհասնի ՔՊ-ին։

Մի ուշագրավ հանգամանք եւս․ երկու ուժերի ցուցակները գլխավորած թեկնածուներն իրենց հարազատ գյուղերում համոզիչ հաղթանակ էին գրանցել մրցակցի նկատմամբ, Սպարտակ Թարթիկյանը մոտ 8 հարյուր, Գարիկ Սարգսյանը մի քիչ պակաս ձայների առավելությամբ էին հաղթել մրցակիցներին։ Այլ էր պատկերն Ուրցաձորում, որի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, գաղտնիք չէ, մնացել է իշխանության եւ հատկապես Գարիկ Սարգսյանի կոկորդում՝ իր  սադրիչ հումորներով ու անկախ պահվածքով։ Թերեւս այս պատճառով էլ իշխանությունները խնդիր էին դրել հատկապես Ուրցաձորում հաղթելու։ Եվ Ռաֆիկ Անդրեասյանը, որը դեկտեմբերի ընտրություններին համոզիչ հաղթանակ էր գրանցել հարազատ գյուղում, այս անգամ զիջեց ավելի քան 2 հարյուր քվեով։

Ընդդիմության համար անսպասելի է եղել ՔՊ-ի հաղթանակը հատկապես այս օրերին, երբ մարզում ակտիվ խոսում են Երասխի դիրքերը հանձնելու եւ Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը Երասխի հատվածում Վեդի համայնքով տանելու հավանական ծրագրի մասին։
«Բան չեմ կարող ասել, այս ապագան է ընտրել ժողովուրդը, թող գնան, վայելեն, մենք չենք բողոքարկելու»,- երեկ մեզ փոխանցեց Ուրցաձորի արդեն լեգենդար համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ում որդուն անհեթեթ մեղադրանքով կալանավորեցին, որ հոր պայքարի կամքը կոտրեն։

«Մաքուր, արդար, թափանցիկ, ճիշտ, հզոր ընտրություններ էին, այդպես էլ պիտի լիներ»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով նույնպես Գարիկ Սարգսյանի քարոզիչներից էր։ Իսկ, ինչ է՝ դեկտեմբերին կեղծե՞լ էին։ «Ոչ, ուղղակի էս անգամ լավ ներկայացվել է՝ ով է Գարիկ Սարգսյանը»։ Եթե վարչական լծակներն ու ռեսուրսները չլինեին, Գարիկին կընտրեի՞ն։ «Ես դեռ դեկտեմբերին եմ ասել, որ մեր ցուցանիշներն աննախադեպ են՝ հաշվի առնելով, որ մեր դեմ Ավշարի Գրիգորյաններն են կանգնած»,- ասաց Աղազարյանը։ Հիմա էլ էին Գրիգորյանները կանգնած, գոնե ձեր կողմից չէին։ «Հիմա էլ էին կանգնած, բայց Գարիկ Սարգսյանը կարողացավ լավ ներկայանալ»։ Ուզում եք ասել՝ ուսերին հրեշտակի թեւե՞ր աճեցին։ «Թեւերը կային, նկատեցին»,- կատակեց Աղազարյանը։