Հաստավզերն ապահովեցին Գևորգյանի քվեն, իսկ Սասուն Միքայելյանը մի կողմ էր քաշվել

Հաստավզերն ապահովեցին Գևորգյանի քվեն, իսկ Սասուն Միքայելյանը մի կողմ էր քաշվել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն ակնհայտորեն ծանր է տանում Աբովյանում իրենց պարտությունը, ասում է, որ հաղթել է Հայաստանը, իսկ իրենք կրել են ընդամենը դե յուրե պարտություն։ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները վերածվել էին կենաց- մահու պայքարի Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի միջեւ։ Պետրոսյանն ամեն գնով փորձում էր «ազատագրել» Աբովյանը Ծառուկյանի տիրապետությունից, բայց չհաջողվեց։ Եվ մարզպետը չի դադարում իր հարցազրույցներում խայթել, թե Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր սա, եւ քրեաօլիգարխիկ մեթոդներով են փորձել ընտրություններում հաղթել։ Թեեւ մամուլում գրվեց, որ հայտնի Պալաչն անգամ աշխատել է իշխանական թեկնածուի օգտին։ Ի դեպ, ՔՊ վարչության նախագահ եւ Կոտայքի մարզի բնակիչ Սասուն Միքայելյանը չի աջակցել Աբովյանի քաղաքապետի իրենց թեկնածուին, ինչը ՔՊ վարչության նիստում կարող է դառնալ քննարկման առարկա։ Ռոմանոս Պետրոսյանն ասաց․ «Վարչապետի հետ որեւէ քննարկում չի եղել այս թեմայով, բայց վարչության նիստում, բնականաբար, քննարկվելու է այն համալիր իրավիճակը, որ արձանագրել ենք Աբովյանում, նաեւ բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում՝ նաեւ այդ հարցը»։ 

Մեր հարցին, թե ինչու չի աջակցել Միքայելյանն իրենց թեկնածուին, եւ արդյոք դիմե՞լ են նրան այդ հարցով, Պետրոսյանը նախ նշեց, որ այդ հարցով պետք չէ Սասուն Միքայելյանին դիմել, ապա նրբորեն հասկացրեց, որ Սասուն Միքայելյանն ուղղակի չի ենթարկվել ՔՊ վարչության որոշմանը, որը բոլորին էր վերաբերում․ «Մեր կուսակցության վարչության մակարդակով որոշում է կայացվել, որպեսզի Գրիգոր Գուլյանն առաջադրվի կուսակցության անունից որպես քաղաքապետի թեկնածու։ Կուսակցության վարչության որոշումները, իմ ընկալմամբ, պարտադիր են բոլոր կուսակցականների եւ վարչության անդամների համար»։ Ի դեպ, ժամանակին էլ Սասուն Միքայելյանը չենթարկվեց ՔՊ վարչության որոշմանը, երբ որդուն առաջադրեց Հրազդանի քաղաքապետ, ինչին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեմ էին։ Ասում են՝ նշված հարցով նիստի ժամանակ երբ համոզվել է, որ կուսակցությունը հրաժարվում է որդուն առաջադրել, Միքայելյանը դուռը խփել՝ դուրս է եկել, ապա Սեւակ Միքայելյանն ինքնառաջադրվեց եւ հաղթեց ընտրություններում, ինչի հետ ՔՊ-ն եւ Փաշինյանը ստիպված եղան հաշվի նստել։

Ընտրությունների թեմայով եւս մի քանի հարց ուղղեցինք Ռոմանոս Պետրոսյանին։

- Պարոն Պետրոսյան, կարծես թե անձամբ Դուք բավականին ծանր եք տանում այս պարտությունն Աբովյանում, քանզի սա ավելի շատ վերածվել էր Ձեր եւ Աբովյանի քաղաքապետի միջեւ պայքարի, ոչ թե ՔՊ թեկնածուի եւ գործող քաղաքապետի։

- Չէ, ծանր չեմ տանում։ Քանի որ ես ՔՊ հիմնադիր անդամ եմ, Աբովյանի քաղաքացի, եւ Աբովյանում վերջնականորեն օրենքի գերակայություն եւ նոր քաղաքական մշակույթ ամրագրելու ջատագովն ու առաջամարտիկն եմ, դրա համար ինձ համար շատ կարեւոր է այս ընտրությունների ոչ այնքան արդյունքը, որքան որ նոր քաղաքական մշակույթի ներդրումը, որը, ցավոք, այս ընտրություններով այդքան էլ չհաջողվեց մեզ։

- Բայց, մյուս կողմից էլ, վարչապետն ու իր թիմակիցներն ասում են, որ հենց այդ նոր մշակույթի շնորհիվ ստացվեց այնպես, որ ընդամենը 35 ձայնի տարբերությամբ հաղթեց գործող քաղաքապետը։

- Տեսեք, վարչապետի տեսանկյունից, գլոբալ քաղաքականության տեսանկյունից, այո, այդպես է։ Ես այդ միտքը կիսում եմ լիարժեք։ Իսկ Աբովյանի քաղաքացու տեսանկյունից, որն այդ ամենի ներսում է եւ մասնակցել է տեղամասում, եւ իր աչքերին են զարնում նաեւ որոշակի հաստավզերի կուտակումները, որոնց հակադարձում է ոստիկանությունը, ապա նրանք փախչում եւ այլ տեղամասում են կուտակվում, այսինքն՝ այն արժեհամակարգը, որը մենք ենք դրել եւ մատուցում ենք հանրությանը եւ առաջադրում ենք մեր մյուս գործընկեր կուսակցություններին, այնքան էլ իրենց կողմից չի ողջունվել։

- Բայց աբովյանցին ձայն տվեց Վահագն Գեւորգյանին, ոչ թե Ձեր ասած այդ հաստավզերին։

- Ես կարծում եմ՝ այդ հաստավզերն ապահովեցին Վահագն Գեւորգյանի քվեն։

- Ասում են, որ Դուք Ձեր հայտարարություններով ավելի շատ լարեցիք մթնոլորտը եւ հարաբերությունները թիմերի միջեւ, ու նաեւ դա է պատճառը, որ Ձեր դեմ բացասական ալիք բարձրացավ, ու դրանից էլ պարտվեց ձեր թեկնածուն։

- Իմ դեմ արշավն ուղղորդված է կոնկրետ ուժի կենտրոնից, հանրության շրջանում որեւէ ալիք չկա, եւ ես բացառում եմ, որ իմ ներկայությամբ լարել եմ մթնոլորտը։ Ընդհակառակը, իմ ներկայությամբ ավելի վստահություն եմ ներշնչել քաղաքացուն, որ որպես պայքարող տեսակ՝ ես կիզակետում եմ, որ ամեն ինչ անում եմ՝ կանխելու հնարավոր իրավախախտումները։

- Ամեն դեպքում, Դուք Ձեր սխալները տեսնո՞ւմ եք այստեղ։

- Բնականաբար, անսխալական մարդ չկա, ես իմ չափով որոշակի սխալներ թույլ տված կլինեմ, որոնք դեռ քննարկելի են։

- Ձեր հրաժարականի հարցը չի՞ բարձրացվել։

- Ոչ, նման հարց օրակարգում չկա։

- Սասուն Միքայելյանի հետ կապված էլ պարբերաբար խոսվում է, որ լարվածություն կա ձեր միջեւ, եւ Ձեր ակնարկներն էլ, ըստ էության, դրան են տանում։

- Որեւէ լարվածություն չկա մեր անձերի միջեւ։

- Այդ դեպքում ո՞րն էր պատճառը, որ նա չաջակցեց ձեր թեկնածուին։

- Չեմ կարող ասել, այդ հարցը կարող եք պարոն Միքայելյանին ուղղել։

- Կարո՞ղ է մտածել է, թե Ռոմանոսն է մարզպետը, թող նա էլ տակից դուրս գա։

- Չեմ կարող ասել, Սասուն Միքայելյանին հարցրեք։