Իրապես հզոր Հայաստան իրապես իմաստուն ղեկավարությամբ

Իրապես հզոր Հայաստան իրապես իմաստուն ղեկավարությամբ

Սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ելույթին նիկոլապաշտներից մեկը մեկ տողանոց մեկնաբանություն է թողել՝ «Մեր իմաստուն և հզոր վարչապետը»՝ կատարենք դրա վերլուծությունը:

Անդրադառնալով մեր ժողովրդի գլխավոր արժեքներին՝ վարչապետ Փաշինյանը որպես առաջին արժեք համարել է պետականությունը: Գլխավոր արժեք հասկացությունը ենթադրում է, որ այն հատուկ է տվյալ ժողովրդին, մնայուն է և առկա է նրա գոյության բոլոր ժամանակներում: Մեր ժողովուրդը չի ունեցել պետականություն վերջին հազար տարին, և ինչպես օտար ճանապարհորդները և մեր երևելիներն են արձանագրել, նույնիսկ չի մտածել անկախություն ձեռք բերելու մասին: Իհարկե, ինձ կպատասխանեն, որ այն անթեղված է եղել ժողովրդի սրտում ու ժամանակ առ ժամանակ դրսևորվել է առանձին հայորդիների միջոցով: Տեսականորեն կարելի է նման բան ենթադրել, բայց երբ դիտարկում ես այլ ժողովուրդների՝ հարյուրամյակներ տևող անկախության պահը, «սրտում անթեղված» բանաձն, այնուամենայնիվ, չի համոզում: Իսկ ի՞նչն է, որ միշտ առկա է եղել մեր ժողովրդի և՛ սրտում և՛ ուղեղում. դա ՀԱՅՐԵՆԻՔԻ գաղափարն է: Հայրենիքն առկա է եղել, երբ մենք ունեցել ենք պետականություն և չենք ունեցել պետականություն, երբ եղել է միայն «Հոգևոր Հայաստան», երբ ժողովուրդն ապավինել է «պատմական Հայաստանին»՝ որքան էլ դա սխալ լիներ: Այնպես, որ մեր ժողովրդի գլխավոր արժեքը ՀԱՅՐԵՆԻՔԻ գաղափարն է:

Գանք «հզոր» վարչապետի խնդրին: Վարչապետը հզոր կարող է լինել միայն արտաքին թշնամիների նկատմամբ, երբ ինքը այնպես է խեղճացնում նրանց, որ որևէ ձայն անգամ չի լսվում նրանց բերանից: Մենք ունենք երկու թշնամի՝ մեկը արևելքում, մյուսը արևմուտքում: Խեղճացե՞լ են, արդյոք, նրանք: Կարծում եմ, որ ոչ. ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը: Իսկ հնարավո՞ր է, որ հզորը վերաբերեր ներքին թշնամուն: Որպես տառաճանաչ անձնավորություն՝ ես հասկանում եմ, որ քաղաքացիական պատերազմների ժամանակ առաջանում է ներքին թշնամի, ում դեմ կյանքի ու մահվան կռիվ է մղվում: Բայց որքան հասկանում եմ, Հայաստանում չկա նման պատերազմ, և բարեբախտություն է, որ այն չկա, և այդ դեպքում ովքե՞ր են ներքին թշնամիները: Եթե նրանք նախկիններն են, ինչպես կարելի է հասկանալ հասարակությունը սևի ու սպիտակի բաժանելու գաղափարից, ապա Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը բացահայտեց, որ երբեմն նախկիններն ավելի նոր են, քան կարելի է ենթադրել: Էլ չեմ խոսում բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնք այդպես էլ դատական վճիռների մակարդակին չեն հասնում: Սակայն իրական իմաստուն վարչապետը երբեք իր հայրենակիցների միջև բաժանարար գծեր չէր քաշի, քանի որ «բաժանի, որ տիրես» արտահայտությունն օգտագործվել է զուտ արտաքին թշնամու առումով: Այնպես, որ մեզանում տվյալ պահին առկա չէ նաև «հզոր» վարչապետը: 

Վերջում շնորհավորենք մեր համաերկրացիների Անկախության տոնը՝ լինեն նրանք «մեր իմաստուն և հզոր վարչապետի» պաշտողներ, թե չլինեն այդպիսին, և ցանկանանք իրապես հզոր Հայաստան իրապես իմաստուն ղեկավարությամբ:

Վախթանգ Սիրադեղյան