Ռուսական թատրոնը կունենա օդափոխության եւ հովացման նոր համակարգ

Ռուսական թատրոնը կունենա օդափոխության եւ հովացման նոր համակարգ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության եւ հովացման նոր համակարգ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: 

Մ. Մխիթարյանի փոխանցմամբ՝ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել թատրոնին գումար՝ օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման եւ ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար:  

«Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության եւ հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարավետություն է ստեղծել թե հանդիսատեսի, թե դերասանների համար»,- ասաց Մ. Մխիթարյանը:

Տնօրենն ընդգծեց, որ շուտափույթ գործի կանցնեն, որպեսզի ավելի սեղմ ժամկետներում ունենան հարմարավետ պայմաններ:

«Ստեղծագործական դադարներ չեն լինի թատրոնում, քանի որ միաժամանակ պատրաստվում են նոր ներկայացումներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, եւս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա»: