Դատարանը Մանվել Գրիգորյանի փեսայի ավտոլվացման կետը քանդելու որոշում է կայացրել

Դատարանը Մանվել Գրիգորյանի փեսայի ավտոլվացման կետը քանդելու որոշում է կայացրել

Դեռ 1 տարի առաջ Էջմիածնի քաղաքապետարանը պայքար էր սկսել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի աղջկա ընտանիքին պատկանող ավտոլվացման կետի շահագործման դեմ։ Փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ լվացման կետ էին գնացել քաղաքապետարանի աշխատակիցները եւ փորձում էին կասեցնել դրա գործունեությունը։ Քաղաքային իշխանության պնդմամբ՝ ավտոլվացման կետը կառուցված է համայնքային սեփականությա վրա։

Այս վեճը քննվում էր դատարանում, բացի դրանից՝ լվացման կետի սեփականատիրոջ ներկայացուցիչները բողոքարկել էին նաեւ քաղաքապետարանի այն որոշումները, որոնցով ակտավորել էին նրանց։ 

Պարզվում է՝ առաջին ատյանի դատարանը չեղարկել է քաղաքապետարանի ակտավորելու որոշումը, մինչդեռ ավտոլվացակայանը քանդելու որոշում է կայացրել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «մոյկայի» սեփականատիրոջ ներկայացուցիչ Կարեն Ղոնյանը նշեց․ «Ավտոլվացման կետի կասեցման մասով վճիռ չկա, մինչդեռ քանդման մասով է որոշումը։ Ըստ այդ որոշման՝ որոշել էր, որ պետք  է քանդել, մենք Վերաքննիչ բողոք ենք տարել։ Քաղաքապետարանը համարում է, որ անօրինական հողի վրա է կառուցված ավտոլվացման կետը, մինչդեռ մենք հակառակն ենք պնդում»։

Ներկայացուցչի խոսքով՝ ավտոլվացման կետն այժմ գործում է, քանի որ սպասում  են Վերաքննիչի որոշմանը։

Նշենք, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ավտոլվացման կետը պատկանում է Մանվել Գրիգորյանի աղջկա տեգրոջը՝ Սերոբ Պողոսյանին, սակայն այն իրականում Գրիգորյանի դստեր ամուսնունն է։