Եթե չեք զորում, մի «հերքեք»

Եթե չեք զորում, մի «հերքեք»

«Նեզավիսիմայա գազետան» որպես հերքում հրապարակել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի « Ходжалу: правда и вымысел. Полемика с Михаилом Абаевым» հոդվածը:

Որպես փաստարկ բերված է Խոջալուի զոհերի մասին ադրբեջանական կողմի տվյալների հակասականությունը, երբ մի դեպքում նշվել է 531, ապա՝ 509, ի վերջո՝  613 անուն: Որտեղի՞ց է փորձագետն այս տվյալները վերցրել՝ հղում չկա: Մենք կփորձենք պարզություն մտցնել: Խոջալուի դեպքերով Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ:

Միակ անձը, որին առաջադրվել է մեղադրանք, Ֆահիմին Հաջիեւն է: Ըստ մեղադրական եզրակացության, նա «Աղդամ հասցված համազարկային կրակի 3 «Գրադ» կայանքներն ուղարկել է Աղջաբեդիի շրջան, չի կարողացել համակարգել Աղդամում առկա ուժերը, զանազան պատճառաբանություններով հետաձգել եւ ի վերջո տապալել է Խոջալուի ազատագրման ռազմագործողությունը, ինչի արդյունքում Խոջալուի գրավման հետեւանքով զոհվել է 339 հոգի…»:

Սույն տեղեկության աղբյուրը Տատյանա Չալաձեի Обреченный Ходжалы գիրքն է, որը համացանցում կարելի է կարդալ www.erevangala500. com կայքում: Այն լույս է տեսել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանավորությամբ, մասնագիտական խորհրդատուն Ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովն էր: Ընդ որում, հեղինակը օգտագործել է մեջբերված բոլոր փաստաթղթերի լուսապատճենները: Այսինքն, Ֆահմին Հաջիեւի մեղադրական եզրակացությունը ոչ թե վերաշարադրված, այլ բնօրինակով ներկայացված է որպես պաշտոնական, միանգամայն հավաստի աղբյուր: Ընդսմին, Հաջիեւի դեմ քրեական գործ հարուցվել է Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո, ուստի բացառվում է, որ Խոջալուի զոհերի նշված թիվը կարող է նախնական լինել: Դեքերից անցել էր ավելի քան մեկ տարի, եւ պատկան մարմիններն այդ ընթացքում հնարավորություն են ունեցել ճշտել բոլոր հանգամանքները: Նույն քրեական գործում, այդուհանդերձ, առկա է հետեւյալ փաստաթուղթը. «Խոջալուի դեպքի ժամանակ մեր միավորման փորձագետների կողմից դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 181 դիակ: Այդ դիակներից 130-ը տղամարդու է,  51-ը՝ կնոջ: Փորձաքննության ենթարկված դիակներից 13-ը երեխայի է: Վնասվածքների առաջացման մեխանիզմների բաժանումը՝ ներքոհիշյալ կարգով՝
ա. բեկորներից 20 
ա. գնդակից 151
գ. բութ գործիքներից 10:
Ըստ վնասվածքների տեղակայման՝
ա. գլխի մասում 40
բ. կրծքավանդակի մասում 74
գ. որովայնի մասում 17 
դ. վերջույթների մասում 11:
Գլխավոր դատաբժշկական փորձագետ, պրոֆ. Ռ. Մ. Յուսիֆով»:

Սա է Խոջալուի զոհերի մասին պաշտոնական տեղեկությունը, որը վկայաբերելով՝ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը եզրակացրել է, որ այդ տվյալներն ամենայն հավանականությամբ ճշմարտացի են: Ցավալի է, որ հայրենական փորձագիտական շրջանակները չեն տիրապետում ադրբեջանական քարոզչությունն իրենց իսկ աղբյուրների տվյալներով հերքող այս եւ բազմաթիվ այլ փաստերի: Եւ այդ պատճառով Տարոն Հովհաննիսյանի բանավեճը պարզապես չի ստացվել: