Խնդրում եմ՝ աղբից մաքրեք նկուղները

Խնդրում եմ՝ աղբից մաքրեք նկուղները

«Հրապարակի»-ի խմբագրություն է դիմել Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակիչ, փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը, ով մեզ ասաց, որ դիմել է արտակարգ իրավիճակների նախարարությանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի շենքերի նկուղները աղբից և ավելորդ իրերից մաքրելու խնդրանքով։ Բանն այն է, որ Հովհաննիսյանը տարիներ առաջ նախագծել է վարչական շրջանի քաղաքացիական պաշտպանության ողջ համակարգը, նա նաև խնդրել է իրեն տրամադրել նախագծի օրինակը, սակայն ասել են, որ այն չի պահպանվել։ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շենքերի նկուղները քաղպաշտպանության տեսանկյունից կարևոր օբյեկտներ են, պատերազմական իրավիճակում և այլ դեպքերում դրանք ծառայում են որպես ապաստարաններ, սակայն վիճակը անմխիթար է, այդ նկուղները լցված են աղբով։ Հովհաննիսյանի դիմումին ի պատասխան ԱԻՆ-ից տվել են հետևյալ պարզաբանումը․

«ԱԻՆ ստորաբաժանումների միջնորդությամբ աղբից մաքրվել է Սեբաստիա 30ա շենքի նկուղային հարկի Ձեր կողմից նշված հատվածը։ Ինչ վերաբերում է նախկինում Ձեր կողմից Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի համար մշակված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրի օրինակը տրամադրելուն, ապա այդ նպատակով առաջարկում ենք դիմել տվյալ վարչական շրջանի ղեկավարին»։

Փոխգնդապետ Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ որևէ բան չի մաքրվել, իսկ նախագծի օրինակի վերաբերյալ նույն պատասխանը ստացել է նաև վարչական շրջանի ղեկավարից՝ «Եթե իրենք նույնիսկ չունեն, ես որտեղի՞ց ունենամ»։