Շահարկումների երկիր Հայաստանս

Շահարկումների երկիր Հայաստանս

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից խոսքային մանիպուլյացիաներին վաղուց ենք ծանոթ, եւ նույնիսկ կարելի է ասել, որ արդեն համակերպվել ենք՝ ինչպե՞ս կարող է վարչապետ Փաշինյանը երկիր «կառավարել» առանց դրա: Միաժամանակ, դա արդեն հացուջրի նման բան է դարձել նրանց համար, ովքեր շարունակում են հավատալ նրան հանց «փրկչի»՝ նույնիսկ պատերազմում «գերագույն գլխավոր» կոչված անձի դավաճանության կամ ապաշնորհության (կամ երկուսը միասին) պատճառով մեր կրած ծանր պարտությունից հետո:  

Բայց ավելի քան տհաճ է, երբ նշված երեւույթին բախվում ենք պատերազմի պարտության պատճառների վերաբերյալ նախկին (նախկին՝ ոչ թե Քոչարյանի եւ Սարգսյանի առումով, այլ հենց «Նիկոլի օրոք» գործող եւ պատերազմից հետո նախկին դարձած) զինվորական ղեկավարների խոսքում: Առանց անուններ տալու (անունն այս դեպքում էական չէ, քանի որ նույն բանն ասվում է տարբեր «նիկոլական» նախկինների կողմից), ներկայացնենք էական մեկ-երկու երեւույթի մասին դիրքորոշում, որոնց նպատակը ոչ թե պատերազմում մեր կրած պարտության իրական պատճառների դիտարկումն է, այլ միայն «հականիկոլականների» եւ օբյեկտիվ պատճառների վրա «մեղք բարդելը»:

Շրջանցենք պարտության հիմնական օբյեկտիվ պատճառը՝ նավթադոլարների շնորհիվ հարուստ Ադրբեջանի կողմից ավելի մեծ ծավալով ժամանակակից սպառազինություն գնելն ու դաշնակից Թուրքիայի ռազմական (մասնագիտական, շտաբային, վարձկաններով եւ այլն) օժանդակությունը: Անդրադառնանք Շուշին առանց կռվի հանձնելու թեմային. այն յուրատեսակ «տաբու» է գործող պաշտոնատարների եւ «նիկոլական» նախկինների համար․ նրանք խուսափում են դրանից՝ ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու պատճառաբանությամբ: Չնայած կան եւ այնպիսիք, որոնք Շուշին հանձնելու մեղավոր են համարում քաղաքական ղեկավարության դավաճանությունը կամ բանակի ղեկավարության անկազմակերպվածությունը: Երկրորդ կարեւոր թեման ՍՈՒ-30 տեսակի 4 ռազմական ինքնաթիռների գնումն է: Այս հարցում եւս առկա է երկու դիրքորոշում` ՍՈՒ-երի գնումն անիմաստ էր, դա անհրաժեշտություն էր: 

ՍՈՒ-երը գնվեցին՝ նախկինում հաստատված ռազմական գնումների պլանի փոփոխության միջոցով: Ընդհանրապես, պլան փոխելը, ըստ բարձրաստիճան զիվորական պաշտոնյաների, նորմալ գործընթաց է՝ թելադրված ժամանակի պահանջով: Սակայն ինքնաթիռները գնվեցին առանց հրթիռների, քանի որ, ըստ ՌԴ կառավարության որոշման, արգելվել է ինքնաթիռների հետ համապատասխան հրթիռների վաճառքը: Չեմ կարող ասել՝ նրանից գաղտնի էին պահել, թե ոչ, վերը նշված որոշումը, սակայն, վարչապետի համար բավական էր թեկուզ միայն այն պահը, որ նա, հարմար տեղավորվելով օդաչուի խցիկում, ենթադրաբար՝ բավարարել էր մանկության երազանքը՝ լայվ մտնելով: Կար նաեւ մեկ այլ հանգամանք, որ բազմաթիվ այլ գործոնների թվում քանդեց մեր տունը՝ դա «նիկոլական» փիառն է, տվյալ դեպքում՝ ռազմական ինքնաթիռներով: Կարող եմ ենթադրել նաեւ, որ վարչապետին համոզել էին, որ առանց հրթիռների էլ այդ ինքնաթիռները մեզ անհրաժեշտ են օդի ու ջրի պես:

Ասվում է նաեւ, որ ՍՈՒ-ն հենց այն ինքնաթիռն է, որը կարող է դիմագրավել 5-րդ սերնդի սպառազինությանը: Սակայն ի՞նչ կարող էին անել 4-րդ սերնդի անհրթիռ 4 ինքնաթիռները 5-րդ սերնդի սպառազինություն համարվող բազմաթիվ ԱԹՍ-ների դեմ՝ այդ առումով «պատմությունը լռում է»: Ի դեպ, ՍՈՒ-երի գնման թեման շահարկվում է նաեւ այն առումով, որ եթե դրանք չգնվեին, ապա գնումների պատասխանատուները պատերազմի դեպքում կմեղադրեին, որ չգնելը սխալ էր՝ այն հիմնավորմամբ, որ «եթե դրանք գնվեին, մենք չէինք պարտվի»: Ի գիտություն ասեմ, որ ԱԹՍ-ների դեմ կարող են համարժեք գործել 5-րդ սերնդի ՍՈՒ-երը՝ ՍՈՒ-57-երը, որոնք լայն հանրության համար գաղտնազերծվեցին միայն վերջերս:

Ասվում է նաեւ, որ եթե 2018-ին, թեկուզ առանց հրթիռների, այդ ՍՈՒ-երը չգնվեին, ապա, միեւնույն է, դրանից օգուտ չկար, քանի որ այդ գումարով չէին կարող գնվել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Տոռ» հրթիռային համակարգեր: Ավելի ճիշտ՝ կգնվեին, սակայն տեղ կհասնեին բավականին ուշ, քանի որ դրանց գնման եւ առաքման գործընթացը տեւում է 3-4 տարի: Եվ հընթացս մեղադրվում են «իրական» նախկինները, որոնք 2015-16 թթ.-ին չեն «ֆայմել» մեկի փոխարեն 3 դիվիզիոն «Տոռ» համակարգեր գնելու պայմանագիր կնքել: Սակայն, եթե 2018-ին նույն գումարով «Տոռ» համակարգեր գնվեին, դրանց առաքումը պատերազմի ընթացքում կարագացվեր. ասվում է, չէ՞, որ պատերազմի ընթացքում ՌԴ-ից Հայաստան է առաքվել ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն: Համենայնդեպս, պատերազմից անմիջապես հետո վարչապետը ստորագրեց այդ գումարի վարկի ստացման պայմանագիր, ինչը հաղորդվեց պաշտոնապես: 

Ինչպես վերը նշեցի, փորձ է կատարվում մեր պարտությունը պատճառաբանել օբյեկտիվ կամ «հականիկոլական» դավադրության հանգամանքներով՝ լռության մատնելով բանակի վերին օղակներում տիրող համատարած անկազմակերպվածությունը եւ քաղաքական ղեկավարության պատասխանատվությունը: Նույն օբյեկտիվ պատճառներով է մեկնաբանվում ռազմաճակատի հարավում (աջ թեւում) թշնամու կատարած ճեղքումը, միաժամանակ, պատերազմի վերջնարդյունքի հարցում վճռական այդ անհաջողության մեղքը բարդում են իշխանության դեմ հյուսված դավադրության վրա: Սակայն լռության են մատնում այն փաստը, որ հարավում մեր կրած պարտությունը կապված էր տխրահռչակ Լելեթեփե կոչված բարձունքը գրավելու անհաջող փորձի հետ: Իսկ այդ բարձունքը պետք է անպայման գրավվեր՝ «Սերժը տվեց, Նիկոլը վերցրեց» նշանաբանի ներքո. եթե հիշում եք, այն թշնամուն էր հանձնվել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ի քառօրյա պատերազմում: 2020-ի այդ օպերացիային դեմ են արտահայտվել ՊԲ պաշտոնատարները, սակայն դրա իրականացումը պնդել է քաղաքական ղեկավարությունը, իսկ կազմակերպումը դրվել է պատերազմի օրերին Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանի վրա: Վերջինս  իր հարցազրույցում մեղադրում էր ուրիշներին, որոնք «խափանել են իր կազմած օպերացիան»: Չլինելով ռազմական գործիչ կամ փորձագետ, լսելով նշված հարցազրույցը, մտածում էի, թե հարավային մասում ինչպես կարող էր հայկական բանակն արեւելքից եւ արեւմուտքից շրջապատել ու ջախջախել ադրբեջանական խմբավորումը, երբ թիկունքից (արեւելքից) մեր ջոկատներին հանգիստ կարող էին հարվածել:  

Իհարկե, իշխանափոխությունից հետո պարտության ու այդ թվում տվյալ օպերացիայի անհաջողության պատճառներն օբյեկտիվորեն կքննեն համապատասխան քննիչ հանձնաժողովները, եւ հանրությունը, ի վերջո, կիմանա, թե ում մեղքով եւ ինչպես տեղի ունեցավ պարտությունը:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ