Անուշ Բեղլոյան, ո՞րն է քո հայրենիքը 

Անուշ Բեղլոյան, ո՞րն է քո հայրենիքը 

Ինչպես անհնար է անձրեւի կաթիլների արանքով քայլել եւ չոր մնալ, այնպես էլ չի ստացվում անտեսել «Իմ քայլի» պատգամավորների խոսքն ու ասածը: Հատկապես ներքին ընկճվածություն ես զգում, երբ անդրադառնում ես նրանց անուն առ անուն: Թերացում ես համարում քո կարդացած գրքերի առաջ եւ քո դավանած արժեքների: Բայց անհնար է շրջանցել եւ անմասն մնալ, քանի որ այդ մարդիկ քո երկրի բախտն են վերաձեւում եւ քո ճակատագիրը խմբագրում իրենց վարքով: Նրանց մի ձեռքում քո անցյալն է, մյուսում՝ քո ապագան: Նրանք աստվածներ չեն, բայց կարող են Աստծուց քեզ տրվածը վերցնել եւ պինգ պոնգի գնդակի պես կտկտացնել գնդաթիի վրա: Սա քո կամքով չէ, որովհետեւ որեւէ մեկը քո կամքը չի հարցնում, քո մտքերը չեն, որովհետեւ այլեւս միտքն իրենք են, դու պարզապես հետեւանքի կրողն ես ուղիղ իմաստով: Այդպես է ստացվել: Եթե մեր ընտրության հետեւանքն է, ապա մենք նման իրավունք չենք տվել:

Սահուն անդրադարձ կատարենք մի մեջբերման. «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետեւ, ինչպես գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, եւ դա մեզ բերել է պատերազմի»: Որեւէ մեկը կարո՞ղ է կասկածել, որ այս հայտարարության հեղինակն ադրբեջանցի չէ: Իսկ ես կարող եմ վստահեցնել, որ այս միտքը հնչեցրել է «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները։ Սա Անուշ Բեղլոյանի անհատական կամ անձնական կարծիքը չի կարող լինել, քանի որ նա անկախ պատգամավոր չէ, սա նրա քաղաքական թիմի դիրքորոշումն է եւ այդ թիմի վերեւում կանգնածի դիրքորոշումը: Հաջորդ անդրադարձը. «Կարեւոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է»: Եթե սա համացանցում թափառող անստորագիր տող լիներ, յուրաքանչյուրս չակերտներից հետո ստորակետ ու գծիկ էինք դնելու եւ գրեինք` Ալիեւ, Էրդողան: Բայց՝ չէ, հիասթափեցնեմ ձեզ. Անուշ Բեղլոյան:  

Իսկ ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելն այսօր եւ վաղը միմիայն Թուրքիայի եւ Ադրբեջանի արնախում շահից է բխում եւ Արցախը հայերից մաքրելու երազանքից, ինչպես իրենց թողարկած նամականիշի վրա է պատկերված: Այդ առիթով մի մեջբերում էլ ներկայացնեմ ընթերցողի ուշադրությանը. «Կարեւոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի եւ ադրբեջանցիների համար, եթե վերջինները ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կա՛մ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ եւս 5 տարի, կա՛մ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»։ Մի շտապեք Ալիեւ ու Էրդողան գրել չակերտից հետո. դարձյալ Անուշ Բեղլոյանն է: 

Այսքանից հետո որեւէ մեկը կարո՞ղ է հակառակը պնդել, թե նախապես ծրագրված չէր Արցախը հանձնելը եւ վերջնականապես Հայաստանից ու հայությունից օտարելը: Երբ սույն պատգամավորուհին ադրբեջանցիներին հավաստիացնում է, որ երբեք ռեւանշ չի լինելու Արցախը վերադարձնելու համար, եւ սա վստահեցնում է վարչապետի կաբինետի ու իշխող քաղաքական ուժի անունից: Այսպիսով` հայերս անդարձ մոռանում ենք Արցախի մասին: Սա՝ այն դեպքում, երբ ադրբեջանցի մտավորականը կոչ է անում կոտորել հայերին` չխնայելով անգամ կանանց ու երեխաներին: Երբ Ադրբեջանը ՄԻԵԴ գանգատ է ներկայացնում` իր գործած ռազմական հանցագործությունները վերագրելով մեզ: Երբ Արցախը գրավելուց հետո չի դադարում Հայաստանն իրենով անելու մտքից:

Երբ այսքանից հետո պատանդի կարգավիճակով պահում է մեր ռազմագերիներին: Իսկ մենք փետրվարի 1-ին 18 գերի հանձնեցինք` չպահանջելով գոնե մեկին: Ամեն ինչ՝ Ադրբեջանի համար, ամեն բան՝ հանուն Ադրբեջանի: Որեւէ մեկը կարո՞ղ է վստահեցնել, որ այս մարդիկ հայ են եւ ադրբեջանցի չեն, որ սրանց հայրենիքը Հայաստանն է եւ Ադրբեջանը չէ: Իսկ կարո՞ղ ենք ուժ գտնել մեր մեջ եւ ասել. Անուշ Բեղլոյան, քո եւ քո թիմակիցների երեխաները վաղն ամաչելու են ձեզ համար: Ասենք` հարցրեք Ձեր ծնողներին, միայն թե անկեղծ պատասխանեն․ արդյո՞ք նրանք այսօր չեն ամաչում ձեզ համար: Իսկ մենք արդյո՞ք գետինը չենք մտնում ձեզ այսպես ունենալու համար:

Հուսիկ Արա