Լավ նախագծի դեպքում Հանրապետության հրապարակի տեսքը չի տուժի

Լավ նախագծի դեպքում Հանրապետության հրապարակի տեսքը չի տուժի

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու հարցը մի քանի շաբաթ է՝ լայնորեն քննարկվում է ճարտարապետական հանրության կողմից, որի գերակշռող մասը դեմ է այդ գործընթացին, քանի որ Հանրապետության հրապարակը մեր երկրի թիվ մեկ հուշարձանն է։ 

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի դիտարկմամբ, անկախությունից հետո սա առաջին դեպքն է, երբ կառավարությունն ուզում է ինչ-որ բան պահպանել, վերանորոգել, վերակառուցել, բայց «Հայաստանի ճարտարապետները, ինչպես առաջներում, այնպես էլ հիմա ասում են, որ դա արժեքավոր չէ եւ իրենից արժեք չի ներկայացնում։ Ճարտարապետների այսօրինակ չարժեւորումը բերեց Երեւանի շերտերի ոչնչացման, եւ այս պրոցեսը շարունակվում է, վտանգի տակ են Կոնդը, Կրիվոյը, թամանյանական եւ հետթամանյանական շերտերը։ Ես այստեղ վտանգը տեսնում եմ ոչ թե կառավարության դիրքորոշման, այլ ճարտարապետների ակտիվացման մեջ»։ 

Ըստ նրա, կառավարության անելիքը պարզ է՝ պեղել եւ բացել ժողովրդի, տուրիստների առաջ․ «Կառավարությունն ասում է՝ եկեք պեղենք, հասկանանք։ Նույնիսկ, եթե որոշ ճարտարապետներ վախենում են հրապարակի աղավաղումից (քանի որ ներկա ճարտարապետական ներուժն անզոր է հաջող բան անել), ոչ մի կերպ չի կարելի պետության պահպանելու ցանկությունը կոտրել, միգուցե պետք է դա մասնագիտորեն ուղղորդել այլ տեղ, ասել, որ կա Կոնդ, 1990-ականների հուշարձանների հին ցուցակ, որը պետք է վերականգնվի»։ 

Պետք է մտածել, թե ինչպես կարելի է հրապարակի ստորգետնյա մասը բացել առանց հրապարակի ճարտարապետական եւ քաղաքաշինական տեսքը վնասելու՝ ընդգծում է Մ․ Խաչատրյանը։ «Դրանք կարող են լինել ուղղակի մուտքեր Ազգային պատկերասրահի շենքից կամ Հանրապետության մետրոյի ստորգետնյա անցումից, նույնիսկ՝ Պուշկինի փողոցից, որը կընդգրկի Պուշկինի փողոցի եւ հարակից հրապարակի տարածքներն ու ստորգետնյա շերտերը, որտեղ մառաններ կան։ Այսինքն՝ լավ նախագծի դեպքում Հանրապետության հրապարակի տեսքը չի տուժի։ Իսկ ստորգետնյա այդ շերտը մեծ բարձրություն չունի ու չի կարող ունենալ, ըստ այդմ՝ հրապարակի մակարդակի բարձրացում չի կարող լինել։ Ձեւեր շատ կան, բայց պետք չէ այս հարցը թողնել ճարտարապետների որոշմանը, որոնք 30 տարի ոչ մի բան չպահպանեցին այս քաղաքում։ Հորդորում եմ բոլոր այն ճարտարապետներին, որոնք մտահոգված են հրապարակի ճարտարապետական տեսքի պահպանմամբ, աչալուրջ եւ խոհեմ գտնվել այս հարցում եւ հիշել, որ ճարտարապետների մեջ միշտ էլ մի խումբ վաստակավոր ճարտարապետներ կգտնվեն, որոնք դեմ չեն լինի հրապարակի աղավաղմանը եւ կառուցապատմանը»,-նշում է նա՝ օրինակ բերելով հրապարակում թմբուկ տեղադրելու գաղափարը։ 

Ըստ նրա, ստորգետնյա շերտի տակ գտնվող հնություններն ամեն տեղ էլ փոքր մասշտաբի բաներ են լինում․ «Այնպես չէ, որ քաղաքներ են պեղելու, բոլոր երկրներում էլ դրանք ինչ-որ փոքր դրվագներ են։ Խնդիրն այն է, որ ճարտարապետները թեկուզ այդ փոքր կառույցների արժեքը չեն տեսնում։ Կարեւոր չէ՝ դրանք առաջին, թե հինգերորդ կարգի արժեքավոր շինություններ են, կարեւորն այն է, որ եթե պետությունն առաջին անգամ ուզում է դա արժեւորել, պետք է նպաստել այդ գործընթացին, որ դա դառնա նաեւ աշխատաոճ մեր պետության մեջ»։ 

Գուցե պետությունն անարժեք բան է ուզում արժեւորել։ «Կապ չունի, օրինակ, ասում են՝ Աբովյանի վրայի «Ալեն-Էլենի» տակ 14-րդ դարի մահմեդական դամբարան կա, այսինքն՝ Թումանյանից ներքեւ մինչեւ հրապարակ նման բաներ կան։ Որոշ տեղեր պեղված են, որոշ տեղեր՝ չէ, կարծում եմ՝ ցանկացած դեպքում պետք է պեղեն հանեն, դրանով ոչ մի բան չի փոխվի, ավելին՝ եթե կարողանան շատ գողտրիկ ձեւով անել, կլինի գրավիչ։ Եթե պետությունը սկսի պեղել, հետո տեսնի, որ արժեքն այն չէ, մասնագետները կարող են  ուղղորդել դեպի Կոնդ, որտեղ ավելի էժան ձեւերով ավելի հին կառույցներ կարող են վերականգնել եւ ցույց տալ, ինչը դրական քայլ կլինի եւ արժեքավոր երկուստեք՝ թե՛ ճարտարապետների, թե՛ պետության համար, որն ավելի քիչ միջոցներով կստանա ավելի մեծ արդյունք»: