Վատ պարողին խանգարում է ամեն ինչ…

Վատ պարողին խանգարում է ամեն ինչ…

Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է Նիկոլ Փաշինյանին դրդել որոշակի գործողությունների, որոնց տակից դուրս գալ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել եւ հետագայում էլ չի կարողանալու: Շատ արագ ձեռնարկել սահմանադրական փոփոխություններ եւ Հայաստանի Հանրապետությունը կրկին դարձնել կիսանախագահական երկիր՝ ահա լեւոնականների վերջին դրդումը, որի մասին բարեհաճեցին բարձրաձայնել ՀԱԿ հայտարարության տեսքով:

Մինչ շատ առաջ գնալը, մի պահ փորձենք մտքով տեղափոխվել 2050 թվական: Ահավասիկ, ազգովի պատրաստվում ենք վաստակած հանգստի ուղարկել թավշյա հեղափոխության արարիչ Նիկոլ Փաշինյանին: Բոլորը խոսում են դրվատանքով, հիշում նրա քաջագործություններն ու չարաճճիությունները, մեկ էլ ընդդիմադիր ԶԼՄ-ի լրագրողը շրջանավարտ վարչապետին մի անպատեհ հարց է տալիս.

- Պարոն Փաշինյան, ի՞նչը դրդեց մահվան դուռը հասցնել գեներալ Մանվելին, սահմանադրական կարգի տապալման փորձի համար պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին, դատարանները գրոհել, ընկնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետեւից, Սերժ Սարգսյանի դեմ սոլյարկայի գործ հարուցել, հոկտեմբերի 27-ի գործը փորփրել եւ այլն:
Փաշինյանը լրջանում է, բայց հետո ժպտում ու սրամտում.

- Դրդել-մրդել չգիտեմ, բայց որ բրթողին բռնել եմ՝ փռելու եմ ասֆալտին…
Չնայած այս հեռանկարին, ինչպես ասացի, Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է Փաշինյանին դրդել նորանոր «նվաճումների»: Ընդ որում՝ շատ արագ եւ կարճ ժամկետներում: Դրդիչների ինստիտուտը մի կարեւոր առանձնահատկություն ունի՝ դա սեփական փորացավն է, որի համեմատ էլ այն գործում է: Թե 75-ը բոլորած պապին ինչ փորացավեր կարող է ունենալ, դրանից հազիվ թե գլուխ հանեն հասարակ քաղաքացիները, որովհետեւ պապին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահը, Գագիկ Ծառուկյանից հայկական Իվանիշվիլի կերտած մեծ քաղաքագետն ու Փաշինյանի հոգեւոր հայրն է, ուսուցիչը: Ասել կուզե՝ փորացավը քաղաքական է:

Իմ խորին հարգանքները Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց չեմ կարող չասել, որ սահմանադրական փոփոխություններ ձեռնարկելու մասին նրա դրդումը հիասթափեցրեց ինձ: Պապին «կլասը» գցել է, եւ դա երեւում է ՀԱԿ հայտարարությունից: Պարոն նախագահ, ինչո՞ւ անցնել կիսանախագահական կառավարման համակարգի եւ ոչ թե միանգամից 100 տոկոսանոց նախագահականի: Սա ի՞նչ նահանջ է Ձեր կողմից: Աչքերիս չեմ հավատում: Փաստորեն, նույնիսկ Դո՞ւք եք ընդունում, որ Ձեր սահմանադրության համեմատ (մաքուր նախագահական), Ռոբերտ Քոչարյանի ընդունած սահմանադրությունը (կիսանախագահական) ավելի առաջադիմական էր:

Եթե ուրիշ բան էլ չասենք, ապա կարելի է պնդել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին դրդում է գնալ Էրդողանի ճանապարհով: Վերջինս, ինչպես հայտնի է, խորհրդարանական Թուրքիան կրկին դարձրեց նախագահական եւ դարձավ միահեծան սուլթան իր պետության մեջ: Եվրոպան եւ առաջադեմ մարդկությունը դրա համար քննադատեցին Էրդողանին, ինչը նշանակում է, որ Փաշինյանին եւս կքննադատեն, եթե նա Հայաստանը վերադարձնի քյոխվայապետության ժամանակներ: Կարող ենք, իհարկե, մտածել, որ Էրդողանին, այնուամենայնիվ, ինչ-որ բան խանգարում էր սուլթան հռչակվելու հարցում, բայց ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին խանգարում միապետ լինելու հարցում, եթե նա այսօր իսկ միապետ է իր սուպերվարչապետական ռեժիմով: Գործող սահմանադրությունը, ինչպես տեսնում ենք, ճիշտ նրա վրայով է կարված, որից ավելին մեկ էլ «Ոսկե ձկնիկի» պառավի ուզածն է, որ այդպես էլ չիրականացավ:

Սահմանադրություն փոխելն էլ, ի դեպ, մեկ-երկու հաշվի գործ չէ, ինչպես թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հիշում եք, երեւի, թե ինչ քննարկումներ էին ընթանում երկրով մեկ, մինչեւ որ հասանք հանրաքվեի օրվան: Ե՛վ քննարկման նյութն էր շատ, ե՛ւ իրավիճակն էր տրամադրում, ե՛ւ մասնագետներ կային, որոնք հիրավի տիտանական աշխատանք էին կատարել այդ փաստաթղթի վրա: Այսօր ի՞նչ ունենք, որ մի հատ էլ Փաշինյանին դրդում են այդպիսի «մեծագործության»: Իրենք մի կադր են տվել ՍԴ-ին, որ ուղղակի խայտառակություն է՝ Սահմանադրության հայր համարվող Հրայր Թովմասյանի համեմատությամբ: Վահե Գրիգորյանի գրած սահմանադրությունն ի՞նչ պետք է լինի, որ հա՛մ Նիկոլի հագով լինի, հա՛մ էլ մեր խեղճուկրակ ժողովրդի:

Հարցին այլ կողմից փորձենք մոտենալ: Քանի՞ քաղաքական ուժ է այսօր պատրաստ «ՔՊ»-ի հետ քննարկել սահմանադրական փոփոխությունները: ՀԱԿ-ը՝ մեկ, հետո՞… Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանն այդ փոփոխությունները կքննարկի ժողովրդի հետ: Վատ տարբերակ չէ, իհարկե, բայց այդ նույն ժողովուրդն այսօր ամեն տեղ միտինգ է անում Փաշինյանի դեմ, որովհետեւ իր սոցիալական խնդիրները չեն լուծվում, երկիրը գնալով մղվում է աղքատության գիրկը, Փաշինյանի պոպուլիստական խոստումները մնում են սառույցին գրված: Ժողովրդին ի՞նչ պետք է ասի Փաշինյանը՝ գործող սահմանադրությա՞նն է մեղադրելու այդ ամենի մեջ: Ո՞վ է հավատալու նրան սորոսական մի քանի ՀԿ-ներից բացի, որոնք Հայաստանը վերածել են, հազար ներողություն, մկների վրա փորձեր կատարող լաբորատորիայի: Դե ինչ, համարձակ, պարոն Փաշինյան, ավելի համարձակ, շտապ ձեռնարկեք սահմանադրության փոփոխություններ, դուք դա կարող եք անել, կմնա հանրաքվեն, բայց դա՝ վերջում, իսկ ընթացքում կհասցնեք ուտել մարդկանց նյարդերը, որոնց պետք է ընդամենը մեկ բան՝ որ Հայաստանն ի վերջո դուրս գա այս խելահեղ ջրապտույտից ու ապրի իր առօրյա կյանքով, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներ:

ՀԳ. Հայաստան, 2050 թ․: Փաշինանը հեռանում է: Հրաժարական տված եւ ԺՊ դարձած նախարարներն ու իմքայլական պատգամավորները, որոնց աշխատավարձերն ու պարգեւատրումները հասել են կրիտիկական մաքսիմումին, տագնապով սպասում են, թե ինչ է լինելու հաջորդիվ: Մինչդեռ հաջորդիվ ոչինչ նախատեսված չէ: Ներքեւում պարզապես սովորական ցույց է։ Հերթը կրկին անասնապահներինն է: Վիճակը վատ է, 30 տարում սպանդանոցի հարցը չի լուծվել, իսկ ժողովրդական վարչապետից «կիսանախագահ» դարձած Փաշինյանը պատրաստվում է հեռանալ… Տխուր է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փաշինյանն իր անհարկի կատակով «քաղքումը» շոշափել է նրա արժանապատվությունը, թե բա՝ «պապին դրդիչ չի, բրթիչ ա…»: