Իշխանություններին` սթափության ահազանգ

Իշխանություններին` սթափության ահազանգ

ՄԱՍ 1

Համոզված կարելի է արձանագրել, որ իշխանական վերնախավում կոռուպցիան հիմնականում բացակայում է, եւ վարչապետի մոտ կա իրական ցանկություն՝ կոռուպցիոն երեւույթներն արմատախիլ անելու. սկզբում կար տպավորություն, որ դա նրան հաջողվում էր։
Ակտիվանալով՝ 5-րդ շարասյունը, Ռ․ Քոչարյանի գլխավորությամբ, եւ Սերժ Սարգսյանի հանրապետական «ինտելեկտուալ» խմբավորումը, որոնք, գործի դնելով ժողովրդից թալանած հսկայական ֆինանսական ու մեդիա-հնարավորությունները, միաժամանակ Միքայել Մինասյանի մեդիա-դաշտի անաղմուկ, հետեւողական հակաքարոզչությունն իշխանությունների դեմ, հասցրել է մի հանգրվանի, որ կոռուպցիոն չկազմաքանդված համակարգի թալանչիական գործունեությունը վերսկսվել է, իսկ ռիսկի գործոնը, կոռուպցիոն գործարքների «սակագները» կրկնապատկվել, հաճախ բազմապատկվել են։ Այդ մասին բազմիցս ահազանգել ենք, նաեւ՝ հնարավոր սաբոտաժների մասին, ինչն օրեցօր ավելի է ծավալվում գրեթե բոլոր ոլորտներում։ Կանդրադառնամ այն ոլորտներին, որոնք շոշափում են հասարակության լայն շերտերի շահերը։

Օլիգարխիան վերագտնում է նախկին գործելաոճը․ դատարկվում են գյուղերը

1. Հեղափոխությունից կարճ ժամանակ անց հրապարակվեցին վիճակագրական տվյալներ, որ այլեւս շաքարավազի մենաշնորհ չկա, եւ եթե նախկինում 95 տոկոսը ներկրվում էր Սամվել Ալեքսանյանի կողմից, այժմ իջել է 75 տոկոսի։ Նախկինում բազմիցս Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Գեւորգյանի («Հայկական ժամանակ» թերթի լրագրող, հիմա՝ ԱԺ պատգամավոր) հետ քննարկել եւ բացահայտել ենք, թե ինչ աճպարարությամբ էր զբաղվում Սամվել Ալեքսանյանը շաքարավազի ոլորտում, մասնավորապես՝ Շիրակի մարզում կառուցել է շաքարավազի գործարան, որտեղ երբեք շաքարավազ չի արտադրվել. այն օգտագործվել է որպես քողածածկույթ՝ իբր ներմուծում է շաքարավազի հումք, որը հարկերից ազատված էր, իրականում ներմուծել է շաքարավազ եւ ապօրինի ճանապարհով ստացել գերշահույթ։ Այդ 20 տոկոս տարբերությունը հնարավոր է այն չափաբաժինն է, որ ներկրվել է հումքի փոխարեն, ինչը հեղափոխությունից հետո կանխվել է։

2. Տարիներ շարունակ խոզաբուծության ոլորտում մենաշնորհային դիրք է ունեցել նույն Սամվել Ալեքսանյանը, որը 2 տարին մեկ դրսից ներկրված էժան մսով լցնում էր շուկան, իսկ մի մասն էլ, որպես տեղական միս, իրացնում սեփական առեւտրային ցանցում, որի հետեւանքով կտրուկ գցում էր տեղական խոզի մսի գինը՝ միաժամանակ բարձրացնելով կերի գները, ինչը գյուղացիների համար խոզապահությունը դարձնում էր ոչ շահութաբեր, եւ տեղի էր ունենում խոզերի գլխաքանակի համատարած մորթ։ Եվ նման «տնտեսական» աճպարարությամբ 2 տարին մեկ խոզի մսի գները կտրուկ բարձրացնում էին՝ ապահովելով իրենց համար գերշահույթ։ 

Այդ մասին ժամանակին եւս քննարկել ենք Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Գեւորգյանի հետ, բազմաթիվ հրապարակումներ են եղել «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Ինձ համար անհավատալի էր, որ նույն «տնտեսական» օպերացիան սկսվեց հեղափոխությունից հետո 6 ամիս անց, ինչի մասին ֆեյսբուքյան իմ էջում ահազանգեցի վարչապետին, որը մնաց անարձագանք: Այդ գործընթացն ընթացքի մեջ է, եւ շարունակվում է խոզերի գլխաքանակի ջարդը։
Ցավոք, պետք է արձանագրենք, որ ցանկացած լավ գաղափար եթե նախկին իշխանությունները փչացնում էին, ապա ներկայիս իշխանություններն իրականացնում են կիսատ-պռատ, առանց լուրջ վերլուծության, մասնավորապես սպանդանոցների մասով՝ առանց պահանջվող քանակի սպանդանոցների առկայության, պարտադրում են գործարկել, ինչը կոռուպցիոն դաշտ է բացում՝ համապատասխան ձեւաթղթերը վաճառելու եւ մենաշնորհային միջավայրի ձեւավորման համար, որն անհաղթահարելի խնդիրներ է ստեղծում գյուղացիների համար։
Եթե հաշվի առնենք, որ հեղափոխական իշխանությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություններից մեկը, անհասկանալի է, որ այն թողնվում է օլիգարխների վերահսկողության տակ, որոնք իրենց գերշահույթն ապահովելու համար սնանկացնում են գյուղացիներին, եւ արդյունքում գյուղերը շարունակում են դատարկվել, ինչի հետեւանքն է նաեւ, որ սակավահող Հայաստանի վարելահողերի առնվազն կեսն անմշակ է։

3. Պարզվում է՝ Ալեքսանյանն իր ապօրինությունները տնտեսական դաշտում վերսկսել է նաեւ դեղորայքի ոլորտում, ինչի մասին վերջերս «Առավոտ»-ում անդրադարձել էր Վահե Վարսանյանը, որն այդ ոլորտի հնաբնակներից է եւ լավագույնս իրազեկված։ Համոզված կարող ենք ասել, որ օլիգարխների կյանքում փոխվեց այն, որ նրանք այլեւս Բաղրամյան 26 ճամպրուկով չեն ներկայանում՝ ազատվելով Սաշիկի 50-50 մասնաբաժնից, վերսկսել են օգտվել ստվերից, մի խոսքով՝ նրանց համար ստեղծվել են ջերմոցային պայմաններ, այսինքն՝ հեղափոխությունն օլիգարխների համար միայն շահեկան փոփոխություններ է բերել։ 

Վառելիքաէներգետիկ թալանը շարունակվում է

1․ Փայտամշակման եւ վառելափայտի ոլորտին «Հրապարակ» օրաթերթում անդրադարձել եմ իջեւանյան դեպքերից հետո՝ «Իջեւանի պուտչի դասեր» վերնագրով։ Միայն հավելեմ՝ անտառը շարունակում է հատվել, իսկ վառելափայտը ժողովրդին հասնում է գրեթե կրկնակի թանկ՝ մինչ հեղափոխության գների համեմատ, ինչը նշանակում է, որ փայտի մաֆիոզ համակարգը շարունակում է թալանը՝ ստանալով ահռելի գերշահույթ ունեզուրկ ժողովրդի հաշվին։

2․ Վերջերս Պետեկամուտների կոմիտեն նախաձեռնեց գազալցակայաններում գազի վաճառքի չափի միավորի փոփոխությունը՝ խորանարդ մետրը փոխարինել կիլոգրամներով՝ հավաստիացնելով, որ դրանից ժողովուրդը չի տուժի, ավելին՝ հնարավոր է գազը նույնիսկ էժանանա։

Իրականում արձանագրվեց գազի թանկացում 15-20 տոկոսով, բայց հետաքրքիր է՝ որոշ օրեր գազալցակայաններում թանկացումներ չեն նկատվում, դա էլ երեւի սպասվող ստուգումների ահազանգի հետեւանք է։ Պարզ է, որ պատահական մարդիկ, առավել եւս ընդդիմադիրները, չէին կարող ունենալ գազալցակայան, եւ, ուրեմն, թալանը շարունակվում է նախկինների կողմից, որի նպատակը ոչ միայն ապօրինի ճանապարհով հարստություն դիզելն է, այլեւ գործող իշխանությունների դեմ դժգոհության ալիք բարձրացնելը։

Անդրադառնալով գազի ոլորտին՝ չի կարելի շրջանցել մատակարարվող գազի որակի հարցը, որի կալորիականությունը հատկապես մարզերում շատ ավելի ցածր է, քան Երեւանում։ Անհասկանալի է նաեւ այդ ոլորտում մասնավորապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները չվերանայելը (նվազեցումը) եւ տարիներ շարունակ թալանածը վերադարձնելու գործում իշխանությունների անգործությունը։

Ժողովրդի սպասելիքները հեղափոխական իշխանություններից եվ պետական կառավարման համակարգի անգործությունը

Հեղափոխությունից հետո քաղաքացիները հույսով եւ հավատով դիմում են իշխանության տարբեր կառույցներին՝ փորձելով վերականգնել տասնամյակներ շարունակ ոտնահարված իրենց իրավունքները, արդյունքում՝ համատարած հիասթափություն, ոչ միայն քամահրանք կամ ոչինչ չասող պատասխաններ են ստանում, հաճախ նաեւ անպատասխան են մնում։ Նման գործելաոճով են աշխատում ոչ միայն համակարգի հնաբնակները, այլեւ իշխող կուսակցության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Պետական գույքի կառավարման վարչությունը, Երեւանի քաղաքապետարանը, իմ դեպքում՝ նաեւ վարչապետի աշխատակազմը, իսկ իրավապահ համակարգի մասին կարելի է արձանագրել, որ գործում է ամբողջությամբ նախկին ռեժիմով։ Այդ ամենը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է օրենքի եւ ՀՀ քաղաքացու հանդեպ, այլեւ դավաճանություն հեղափոխության հռչակած նպատակներին։

Շարունակելի

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ
«Ժողովրդա-վարական հայրենիք» կուսակցության 
նախագահ