Ընկերովի մահ՝ Վահագն Խաչատուրյանի եւ մյուսների հետ
Շատ պարզ սխեմա է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ բոլոր հնարավոր պաշտոններում նշանակում է իրեն նվիրված եւ այդ պաշտոնին խիստ անհամապատասխան անձանց, որոնց ո՛չ անցած ուղին, ո՛չ կրթությունը, ո՛չ բարոյականությունը, ո՛չ մարդկային որակները չեն համապատասխանում պաշտոնի «անձնագրին», եւ որոնք այդ մակարդակին հասնելու համար բացառապես երախտապարտ են նշանակողի կամքին եւ սկսում են «օտ ի դո» շահագործել այդ հանգամանքը։
Իր ո՞ր երազում կարող էր փաստաբան Սեդա Սաֆարյանը տեսնել, որ նշանակվում է Սահմանադրական դատարանի դատավոր։ Գործազուրկ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը երբեւէ կարո՞ղ էր ենթադրել, որ ինչ-որ պահի նստելու է ՀՀ նախագահի նստավայրում եւ տարեկան բազմամիլիոն բյուջե է տնօրինելու, աշխարհով մեկ ֆռֆռալու, հարցեր լուծելու։
Ինչպե՞ս կարող էր երիտասարդ շարքային դատախազ, ՊԵԿ աշխատակից Արգիշտի Քյարամյանը մտածել, որ մի օր դառնալու է բարձրաստիճան պաշտոնյա եւ պաշտոնը պաշտոնի ետեւից է փոխելու՝ բազմելով Քննչական կոմիտեի նախագահի աթոռին։ Իսկ շարքային թարգմանիչ Արայիկ Հարությունյանը կարո՞ղ էր երազել, որ միջազգային լուրեր թարգմանելը հիշելու է որպես վատ երազ եւ կառավարության շենքում դառնալու է երկրորդ մարդը։ Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը, Վահան Քերոբյանը, Գնել Սանոսյանը, մյուս բոլորը կարո՞ղ էին երբեւէ պատկերացնել, որ մի քանի տարվա ընթացքում իրենց կյանքն այդքան փոխվելու է, եւ իրենց ճակատագիրն այսքան հրաշագեղ է լինելու, իհարկե՝ իրենց պատկերացումներով։
Բայց այս կյանքում ոչինչ անվճար ու հենց այնպես չի լինում, որքան էլ մարդը «իզ գրյազի վ կնյազի» հասած լինի։ Նրանք էլ ուրիշ ձեւով են վճարում այդ հրաշագեղ փոփոխությունների դիմաց, եւ ամեն մեկի վճարելու ժամանակն ու գինը տարբեր են։
Սեդա Սաֆարյանը, օրինակ, վճարելու է իշխանությունների համար կարեւոր պահերին նրանց ասածով քվեարկելու եղանակով։ Նա նախկինում անկախ փաստաբան էր, դատարաններում համարձակ ելույթներ էր ունենում, դատավորներին ու իշխանություններին կարող էր քննադատել եւ հանդիմանել, հիմա այլեւս իր աթոռի գերին է եւ միլիմետր անգամ չի կարող շեղվել վերեւից իջած հրահանգների գծից։ Արգիշտի Քյարամյանի կյանքն էլ մի բան չէ․ իհարկե՝ ոչ բոլոր, բայց որոշ գործերով նա պետք է հնազանդորեն կատարի Փաշինյանի հրահանգները, գումարած՝ եթե հրահանգ չի ստանում, պետք է ստույգ գուշակի, թե ինչ կուզենա փադիշահի սիրտը տվյալ գործով, որ հետագայում չընկնի պատմությունների մեջ։ Ի դեպ, այս կանոնը գործում է նաեւ մյուսների դեպքում․ երբ չկա հրահանգ, պետք է կանխատեսել, թե ինչպիսի հրահանգ կարող էր ստացվել, եւ ըստ այդմ կատարել։ Մի մեծ խումբ ենթականեր էլ պետք է գուշակեն, թե ինչ ասեն եւ իրենց խոսքով չհակասեն շեֆի ասածներին, չարժանանան նրա պարսավանքին։ Սա հատկապես վերաբերում է Ալեն Սիմոնյանին, Վահան Քերոբյանին, մյուս նախարարներին ու մարզպետներին, որոնք զգուշանում են սկանդալների կենտրոնում հայտնվելուց եւ Փաշինյանի խոսքին հակասող մտքեր արտահայտելուց։ Մանավանդ վերջինս երբեմն դետալացված ասում է, թե ինչ ասեն, իսկ երբեմն էլ թողնում է նրանց ֆանտազիային։
Դրանից էլ այս իրավիճակն է, երբ որոշներն ավելի նիկոլ են, քան ինքը՝ Նիկոլը․ չսխալվելու համար մեծ ստրախովկա են բռնում։ Ճիշտ է՝ այս դեպքում էլ արժանանում են հանրային պարսավանքի, բայց նրանց մոտ մի չափանիշ ու մի վախ կա՝ Նիկոլից վախը, մնացածի վրա թքած ունեն եւ անգամ հանրային մեծ աղմուկից չեն վախենում, եթե Փաշինյանի հավանությանն են արժանացել։ Իսկ ՔՊ առաջնորդն այդ առումով շատ ճկուն է՝ հենց միայն Վահագն Ալեքսանյանին ու Արթուր Հովհաննիսյանին առաջ քաշելը, ՔՊ փոխնախագահներ նշանակելն ու հրապարակավ նրանց հավանության արժանացնելը բավական են, որ թիմը հասկանա, թե շեֆն իրենցից ինչ է պահանջում։ Ըստ այդմ, խրախուսվում են ընդդիմությանը քացի տալն ու հայհոյելը, լրագրողներին հալածելն ու լրատվամիջոցներին վարկաբեկելը, Փաշինյանին թթու խոսք ուղղածներին պատժելը։ Ահա ամբողջ սպեկտրը։
Բայց այս խմբի մեջ կա մեկը, ում ճակատագիրն ավելի դաժան է՝ դա երկրի նախագահի պաշտոնին հայտնված սուբյեկտն է, որին ժամանակին կառավարում էր Խաչատուր Սուքիասյանը՝ իր բանկում աշխատանքի նշանակելով, այժմ կառավարում է Նիկոլ Փաշինյանը՝ իր մոտ աշխատանքի ընդունելով։ Վերջինիս ծառայություններն ավելի թանկ արժեն եւ ավելի ամոթալի են, քան ՔՊ-ական շարքային պատգամավորներինը։ Նա երկրի գլուխն է, ի վերջո, եւ երբ նրան պարտադրում են որոշ տեքստեր ասել՝ ամբողջ պետությունն են նսեմացնում ու վարկաբեկում։
Նախօրեին նա իր անվերապահ «աջակցությունն» է հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ կառավարությանը՝ «տարածաշրջանում խաղաղության հաստատմանը» միտված քաղաքականության համար: Եվ հատկապես ողջունել է «իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նույնն ակնկալում Ադրբեջանից»: Ապա շարունակելով Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը՝ հայ ժողովրդին է ներկայացրել այն ուրախալի հեռանկարը, որ մենք ունենք տնտեսական բնագավառում․ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան ասել է, որ «Հայաստանն ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության եւ պարտականությունների կատարման առումով․․․ Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ»: Վերջում եւս մեկ անգամ վստահեցրել է Փաշինյանին՝ «իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ եւ աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Վարչապետն էլ կարեւորել է իրենց հանդիպումը՝ այն առումով, որ «մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թեւերի միջեւ կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն»: Եվ նշել է, որ «նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջեւ շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարեւոր է հատկապես այս շրջանում»:
Իհարկե, կարեւոր է, որ երկրի համար աղետալի որոշումների եւ կասկածելի պայմանագրերի կնքման պատասխանատվությունը միայն ինքը չկրի եւ «ընկերովի մահ» ապահովի այս բոլոր անձանց համար, ովքեր համապարտության սկզբունքով են պատասխանատվության ենթարկվելու՝ իրենց ստանձնած պաշտոնների եւ իրենց մի քանի վայելքի դիմաց վճարելով թանկ գին։
Կարծիքներ