Հախվերդյանի ուկրաինական համերգները պատասխան էին Փաշինյանի մոսկովյան այցին

Հախվերդյանի ուկրաինական համերգները պատասխան էին Փաշինյանի մոսկովյան այցին

Մայիսի 10-ին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, մայիսի 12-ին՝ Օդեսայում երգիչ, երգահան, արդեն նաեւ քաղաքական գործիչ Ռուբեն Հախվերդյանը բարեգործական համերգներով է հանդես եկել: Հախվերդյանն ասում է, որ բարեգործությունների մասին բարձրաձայնել չի սիրում, ուստի այդ մասին ավելորդ է համարում խոսելը։ Մեր հարցերին այս թեմայով պատասխանեց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, ով Հախվերդյանի թեկնածությունն է պարբերաբար առաջարկում տարբեր ընտրովի պաշտոններում, եւ նրա նախաձեռնությամբ է Հախվերդյանն այցելել Ուկրաինա։ Նա «Հրապարակին» հայտնեց, որ համերգի կազմակերպիչն ինքն է:

- Պարոն Խզմալյան, ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնություն իրականացնել, ինչո՞ւ հենց Ուկրաինա եւ ինչո՞ւ բարեգործական համերգ:

- Համերգը Եվրոպական կուսակցության ջանքերով էր կազմակերպվել, հասույթը փոխանցվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում վիրավորումներ ստացած զինվորներին: Համերգները կայացան Կիեւում եւ Օդեսայում: Այն յուրահատուկ պատասխան էր Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին: Համենայնդեպս, դա այդպես ընկալվեց: Մենք ճանապարհորդեցինք բավականին դժվար: Մոլդովայից մեքենայով գնացինք Կիեւ` մոտ 700 կիլոմետր: Տարբեր քաղաքական հանդիպումներ ենք ունեցել, նաեւ խոսակցություններ ունեցանք Ուկրաինայի հայ համայնքի հետ: Մենք համոզվեցինք, որ Հայաստանի վերջին մոսկովյան այցն Ուկրաինայում ծանր տպավորություն էր թողել: Մենք, այսպես ասած, փորձեցինք այդ տպավորությունները մեղմել:

- Ովքե՞ր էին մեկնել Ուկրաինա:

- Ես, Ռուբեն Հախվերդյանը եւ մի քանի երաժիշտ:

- Ի՞նչ բարեգործական համերգ էր: Որքա՞ն գումար հավաքվեց համերգի հասույթում, որքա՞ն գումար փոխանցեցիք ուկրաինական բանակին:

- Մի քանի հազար դոլար, հստակ չեմ կարող ասել:

- Շատերը կարող են ձեզ հարց ուղղել՝ այս դժվար պայմաններում ինչո՞ւ, օրինակ, Հայաստանին կամ Արցախին չեք օգնում, փոխարենն օգնում եք մի երկրի բանակին, որն ուղղակիորեն աջակցում է Ադրբեջանին: Հայաստանում էլ պատերազմի հետեւանքով բազմաթիվ տղաներ տարբեր առողջական խնդիրներ են ստացել, ունեն տարատեսակ սոցիալական խնդիրներ:

- Ես արցախյան երկու պատերազմների մասնակից եմ` որպես զինվոր: Ռուբեն Հախվերդյանն այնքան է Արցախի համար համերգներ տվել, որ երեւի թիվն էլ չի հիշի: Որպես վկա՝ կարող եմ ասել, որ Մարտունիում` Մոնթե Մելքոնյանի շտաբի պատին Ռուբեն Հախվերդյանի նկարն եմ տեսել: Այդքանից հետո արդյո՞ք մենք ինչ-որ մեկին բան ունենք ապացուցելու: Հայաստանը պետք է ազատագրվի ռուս-թուրքական թակարդից: Իսկ դա կախված է Ուկրաինայի հաղթանակից: Հայաստանի դիրքորոշումն այս առումով անհասկանալի է ժողովրդավարական հասարակությունների համար:

- Հայաստանում չե՞ք ցանկանում նման ծրագրեր իրականացնել:

- Գաղտնիք չէ, որ Բերձորի միջանցքը փակ է, Արցախ հիմա գնալն անհնար է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուբենն այստեղ ամեն շաբաթ համերգներ է տալիս:

- Բայց դրանք բարեգործական համերգներ չեն:

- Դե, չգիտեմ:

- Իսկ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշում չե՞ք կայացրել:

- Դեռ քննարկում ենք, Ռուբենն էլ է մտածում, սակայն թեկնածուն նա չէ: Ունենք համատեղ թեկնածու, սակայն նրա անունը չեմ կարող այս պահին տալ: