«Հրապարակ». ՀՀ բանակը, որը կարող է վերջ տալ Ալիեւի ցինիկաբարո խաղերին, դե ֆակտո կազմաքանդվում է
Ալիեւի՝ Արցախի նախագահի ու պետական գործիչների հասցեին վերջին սպառնալիքների եւ Արցախի ապագայի մասին զրուցել ենք Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ։
- Ալիեւի վերջին սանձարձակ հայտարարությունն ի՞նչ էր նշանակում, ըստ Ձեզ։
- Ալիեւը պարզապես լկտի ձեւով ու բաց տեքստով հոխորտաց ոչ միայն Արայիկ Հարությունյանի, բոլոր նախարարների, պատգամավորների, այլ ողջ արցախաբնակչության վրա՝ ի տես աշխարհի, հղփացած իր հաջողություններից։ Փաստորեն, իրեն պահում է ահաբեկչի պես՝ դրսեւորելով ահաբեկչին բնորոշ հատկություններ։ Մեր վերլուծաբան մասնագետների խումբը պիտի այդ մասին հանդես գա միջազգային բոլոր ատյաններում, տա գնահատական։
Իր հոխորտանքի ամեն բառի տողատակերում մի մեծ միտք կա՝ բոլորն էլ ուղղված արցախցիներին՝ անկախ տարիքից, սեռից, անխտիր բոլորիս։ Բոլոր արցախցիներս՝ թե՛ բնական, բարոյական օրենքներով, թե՛ իրավական ու միջազգային բոլոր նորմերով, այս տարածքի լիարժեք տերերն ենք եւ իրավունք ունենք այստեղ ապրելու, արարելու եւ այդ իրավունքի իրացման պաշտպանությունը ցանկացած գնով, ընդհուպ զենքով իրականացնելու, ինչը նույնպես երաշխավորված է միջազգային բոլոր նորմերով։ Ալիեւը դրա մասնագետն է՝ ամենահեղինակավոր ուսումնական ակադեմիաներում ուսանած եւ խորացված դրա մեջ։ Նա գիտի, որ տարածքի վրա, երբ նրա իրավունքով տերն այլեւս չի ապրում, վերջանում է նրա իրավունքի իրացումը։ Վերջինիս է ձգտում Ալիեւը, իսկ դա ինքնատիպ ահաբեկչություն է՝ պետական մակարդակով, միջազգային նորմերով դատապարտելի։
- Երեկ առավոտյան Ասկերանում թշնամին հերթական սադրանքն էր ձեռնարկել ու վերագրել հայկական կողմին։ Հաշվի առնելով Ալիեւի սպառնալիքները՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմը, այսպես կոչված, հակաահաբեկչական օպերացիա կարող է իրագործել։
- Ազերիներն Ասկերանում հերթական անգամ սադրանք են ձեռնարկել եւ դրանք վերագրել հայկական կողմին, որպեսզի այդ պատրվակով փորձեն հակաահաբեկչական գործողություն իրագործել՝ հիմք բռնելով իբր հայկական զինված խմբավորումների գոյությունն ու առկայությունը եւ նրանց, այսպես կոչված, վտանգավորությունն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Բերձորից Ալիեւի հոխորտանքը, Ասկերանի այս սադրանքի լուրը, ազերիների լրատվամիջոցների ստահոդ ու ալիեւաոճ բարբաջանքները, բոլորն էլ հիմա մի տրամաբանությամբ են առաջնորդվում՝ «ահաբեկել» արցախցիներին, նրանց ահաբեկիչ անվանելով, որպեսզի իրենց ուժ կիրառելու գործողությունները միջազգային նորմերին համապատասխանեցնեն։
- Աշխարհաքաղաքական, ներհայկական քաղաքական դաշտում տիրող իրավիճակի պայմաններում ի՞նչ է սպասվում Արցախում։
- Ալիեւը մեծագույն մանիպուլյացիայի մասնագետ է. նա ամեն ասպարեզ օգտագործում է՝ իր նպատակին հասնելու համար։ Ստեղծված է մի այնպիսի իրավիճակ, երբ հայկական կողմին իր դաշնակիցը հուսախաբ է արել-անում՝ ո՛չ ընկեր, ո՛չ թշնամի ձեւով, բայց ավելի շատ ծպտյալ թշնամի, քանզի հայկական կողմը թշնամու հետ պաշտոնապես հայտարարությամբ է հանդես եկել՝ որպես ռազմավարական գործընկեր։
Արեւմուտքի համար Ալիեւն այսօր կարեւոր է՝ որպես էներգամատակարար։
Չնայած Արեւմուտքի որոշ երկրներ հայտարարել են, որ երկակի ստանդարտ չեն կիրառի՝ մարդկային արժեք, նյութական արժեք, բայց այդպես ասել են, որ կիրառեն։ Հիմա հավաքական Արեւմուտքը թե՛ մարդկային արժեքն է կիրառում, թե՛ նյութականը։ Հայաստանի Հանրապետության բանակը, որը կարող է վերջ տալ Ալիեւի այս ցինիկաբարո խաղերին, դե ֆակտո կազմաքանդվում է՝ սպառազինման, ռազմամթերքի չմատակարարման, հմուտ կառավարման պակասի եւ այլ պատճառներով, տնտեսությունը թույլ, աղքատ եւ, որ ամենակարեւորն է՝ երկրի քաղաքացիների բզկտված, բաժան-բաժան եղած վիճակում։ Ալիեւի համար սա ուղղակի քեֆ ու ուրախություն է։
Դաշնակիցը կարող է լինել՝ ինչպես ուզում է, Արեւմուտքը կարող է ոչ թե երկու, այլ բազում ստանդարտներ կիրառել, էլի իրենց գործն է։ Թշնամին կարող է հոխորտալ, սպառնալ, բա թշնամի է, բնական է, որ պիտի էդպես անի։ Մենք, մենք ենք կարեւոր, թե ինչպես կանենք, ինչպես կկազմակերպվենք, ստեղծված իրավիճակից ինչպես դուրս կգանք։ Պիտի մեզ կարողանանք հավաքել, դա էլ հո ազերիից չէ կախված, դաշնակցից կամ Արեւմուտքից չէ կախված, մեզնից է կախված։ Բզիկ-բզիկը կտոր-կտոր դարձնենք, հետո՝ մեծ կտոր, հետո՝ ավելի մեծ կտոր, մինչեւ միաբանություն։
Հետո մեզ հետ իսկույն հաշվի կնստեն, ստիպված, ուզած-չուզած՝ թշնամին կզսպվի, հետո կիրացնենք մեր իրավունքը, ովքեր կխանգարեն կամ կսպառնան, կպատժվեն, արդեն իսկ վերականգնված հզոր, ժամանակակից սպառազինված ու մարտական ճշգրիտ կառավարմամբ օժտված, մեր անվտանգության եւ խաղաղության երաշխավոր հայոց բանակի շնորհիվ։
- Այս իրավիճակում Արցախում հանգիստ չէ վիճակը։ Օրինակ, Սամվել Բաբայանը պահանջում է պետնախարարի պաշտոն, ակցիաներ է կազմակերպում։ Այս պահին նման պահանջներն ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Արցախում վերը նշված պզտիկ-պզտիկ մասերից հավաքվել է արդեն երեք կտոր՝ մի կտորը Սամվել Բաբայանն է, մի կտորը՝ Ռուբեն Վարդանյանը, մի կտորը՝ Արայիկ Հարությունյանը։ Սա արդեն ուրախալի է։ Հիմա մենք արդեն կարող ենք այդ երեք կտորից մի մեծ կտոր սարքել՝ հանուն մեր հայրենիք Արցախում ապրելու իրավունքի իրացման, պետք է բոլորս ամեն բան անենք, որպեսզի այդ երեք կտորը դարձնենք մի կտոր, եւ կանենք։
- Ալիեւի հոխորտանքներին արցախյան կողմի արձագանքը բավարա՞ր էր։
- Արցախի նախագահի մամլո քարտուղարի եւ Արցախի Ազգային ժողովի լրատվության ու հանրային կապերի բաժնի մեկնաբանությունները ճշգրիտ եւ տեղին պատասխան են ալիեւյան ահաբեկչական սպառնալիքներին։
Կարծիքներ